Մատչելիության հղումներ

Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնյաներին արգելվել է մուտք գործել Կանադա

Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջը
Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջը

Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնյաներին արգելվել է մուտք գործել Կանադա՝ մասնակցելու ՖԻՖԱ-ի նիստին Աշխարհի առաջնության մեկնարկից ընդամենը մի քանի շաբաթ առաջ։

Իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը նշել էր, որ ֆեդերացիայի պատվիրակությունը, որի կազմում էին նաև ֆեդերացիայի նախագահը և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին անդամ Մեհդի Թաջը, Տորոնտոյի օդանավակայան ժամանելուց անմիջապես հետո որոշել են վերադառնալ հայրենիք՝ ինչպես իրենք են բնութագրել՝ ենթարկվել են «միգրացիոն ծառայության աշխատակիցների անընդունելի վարքագծին»:

Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ պատվիրակությունը Թուրքիա է վերադարձել առաջին իսկ չվերթով՝ օդանավակայանում միգրացիոն ծառայության աշխատակիցների վարքագծի և «Իրանի ազգի զինված ուժերի ամենապատվավոր մարմիններից մեկի նկատմամբ վիրավորանքի» պատճառով, հավանաբար նկատի ունենալով ԻՀՊԿ-ին։

Կանադայի կառավարությունն այս դեպքից հետո հայտարարել է՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնյաներին արգելվում է մուտք գործել Կանադա:

Կանադացի պաշտոնյաները թեև կոնկրետ դեպքերի մասին մեկնաբանություն չեն տվել, սակայն շեշտել են, որ 2024 թվականից Կանադայում ահաբեկչական կազմակերպություն համարվող ԻՀՊԿ անդամները «անընդունելի են Կանադայում և տեղ չունեն մեր երկրում»։

Իրանի մասնակցությունը Աշխարհի առաջնությանը հարցականի տակ է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ փետրվարի 28-ին սկսված պատերազմի պատճառով։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ ԱՄՆ կառավարությունը դեմ չէ Իրանի հավաքականի մասնակցությանը 2026 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությանը՝ չնայած երկու երկրների միջև հակամարտությանը, միևնույն ժամանակ շեշտել, որ Իրանի հավաքականի հետ ԱՄՆ ճամփորդել չեն կարողանա Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊՀ) հետ կապեր ունեցող անձինք։

«Իրանի հետ խնդիրը նրանց մարզիկները չեն։ Խնդիր կլինեն այն մարդիկ, որոնց նրանք կցանկանան բերել իրենց հետ։ Նրացից մի քանիսը կապեր ունեն ԻՀՊԿ-ի հետ։ Մենք գուցե չկարողանանք նրանց թույլ տալ մուտք գործել, բայց ոչ մարզիկներին», - ասել է Ռուբիոն։

XS
SM
MD
LG