Մատչելիության հղումներ

Իրան-Ադրբեջան զորավարժություն Հադրութում, մինչ Հասանովը Թել Ավիվում քննարկում է Իսրայելի հետ համագործակցությունը


Իրանի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունների պաշտոնական բացումը, Լեռնային Ղարաբաղ, 19-ը մայիսի, 2025թ.
Իրանի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունների պաշտոնական բացումը, Լեռնային Ղարաբաղ, 19-ը մայիսի, 2025թ.

Ադրբեջանն ու Իրանը հերթական համատեղ զորավարժություններն են անցկացնում, երեկ մեկնարկած վարժանքները, սակայն, առաջինն են, որ անցկացվում են Լեռնային Ղարաբաղում։

«Արազ 2025» խորագրով եռօրյա զորավարժությունները, դատելով ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութերից, տեղի են ունենում Իրանին սահմանակից Հադրութի շրջանում:

«Կարևոր քայլ ընդհանուր սահմանների անվտանգության ամրապնդման և հավանական սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ», - նախօրեին խոսելով իրանա-ադրբեջանական զորախաղերի նպատակների մասին՝ հայտարարում էր Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարը։ Որ երկրների սպառնալիքներից դիմակայելու համար են մարզվում ադրբեջանցի և իրանցի զինվորականները՝ Թեհրանն ու Բաքուն չեն հստակեցնում։

Մինչ սահմանակից երկրների զինվորականները համատեղ ուժերն են փորձում ընդդեմ հնարավոր սպառնալիքների, այդ նույն րոպեներին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն Իրանի վաղեմի հակառակորդ Իսրայելի իշխանությունների հետ Թել Ավիվում քննարկում էր անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված ռազմավարական համագործակցությունը, կողմերը պայմանավորվել են ընդլայնել երկկողմ ռազմական համագործակցությունը, ասված է կողմերի տարածած պաշտոնական հաղորդագրությունում:

Իսրայելի իշխանություններին մոտ կանգնած Jewish News Syndicate պարբերականը նշում է, որ Իսրայելի համար իր ոխերիմ թշնամի Իրանին սահմանակից Ադրբեջանի հետ կապերը ռազմավարական նշանակություն ունեն՝ հետախուզական տվյալների փոխանցման առումով։ Ամիսներ առաջ The Times of Israel պարբերականն էր միջազգային զեկույցները վկայակոչելով գրել, որ Ադրբեջանն, ամենայն հավանականությամբ, թույլ է տալիս Իսրայելին օգտագործել իր տարածքում տեղակայված բազաները Իրանի դեմ հետախուզական թռիչքներ իրականացնելու նպատակով: Այս մասին Թեհրանը բազմիցս է բարձրաձայնել և դատապարտել Ադրբեջանի և Իսրայելի միջև դիվանագիտական մերձեցումը՝ Բաքվին մեղադրելով Իրանի դեմ դավադրություններում ներքաշվելու մեջ։ Ալիևի վարչակազմը, սակայն, կտրականապես հերքել է մեղադրանքները:

Վերջին ամիսներին, սակայն, հարևան երկրները հրապարակավ ջերմացման նշաններ են ի ցույց դնում՝ համատեղ զորավարժություններից մինչև համագործակցության մասին համաձայնագրերի ստորագրում, բարձր մակարդակով փոխադարձ այցեր։

Այսօր, ի դեպ, Իրանում նշում են երկրի նախկին նախագահ Իբրահիմ Ռայիսիի մահվան տարելիցը: Ռայիսին զոհվեց անցած տարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո Թեհրան վերադարձի ճանապարհին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով։ Իրանի նախագահի, արտգործնախարարի և մի խումբ այլ բարձրաստիճան պաշտոնյաների մահվան հնարավոր պատճառներին մեկ տարի անց կրկին անդրադառնալով՝ իրանական դիվանագիտության ղեկավարն այսօր կրկին վստահեցրել է՝ իսրայելական հետք տեղի ունեցածում չեն գտել:

«Փառք Աստծո, հստակեցվեց, որ նահատակ Ռայիսիի մահը Իսրայելի գործը չէր», - այսօր հայտարարում էր Աբբաս Արաղչին։




XS
SM
MD
LG