Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին առայժմ բանտ չի գնա, սակայն նրան ներկայացված մեղադրանքները այն աստիճանի ծանր են, որ Վրաստանի մերձքաղաքական շրջանակներում արդեն իսկ կարծիքներ են հնչում, որ նախկին վարչապետի համար առաջիկա ամիսները խիստ ծանր են լինելու։
Իրակլի Ղարիբաշվիլիի դեմ հարուցված քրեական գործի մասին Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այսօր հայտարարեց Վրաստանի գլխավոր դատախազ Գեորգի Գվարակիձեն։
«Պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն վարչության կողմից անցկացված հետաքննությունը պարզել է, որ Իրակլի Ղարիբաշվիլին 2019-ից 2024 թվականներին, զբաղեցնելով պաշտպանության նախարարի և վարչապետի պաշտոնները և պետական-քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ հանդիսանալով, խախտել է «Կոռուպցիայի դեմ պայքարի» մասին օրենքի մի շարք դրույթները։ Այդ շրջանում Ղարիբաշվիլիին արգելված էր որևէ ձևով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել և որևէ այլ վարձատրություն ստանալ՝ օրենքով սահմանված աշխատավարձից բացի։ Չնայած դրան նա գաղտնի կերպով զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ և խոշոր չափի անօրինական եկամուտ է ստացել»,- հայտարարել է երկրի գլխավոր դատախազը։
Վրաց իրավապահներին հաջողվել է նաև բացահայտել այն մեխանիզմը, որի կիրառմամբ Ղարիբաշվիլին փորձել է օրինականացնել ապօրինի ճանապարհով ստացած եկամուտները։ Դատելով Վրաստանի Գգխավոր դատախազի այսօրվա հայտարարություններից՝ այստեղ Իրակլի Ղարիբաշվիլին որևէ նոր բան չի հորինել։ Եկամուտների պարտադիր հայտարարագրման ընթացքում Ղարիբաշվիլին շարունակաբար կեղծ տվյալներ է ներկայացրել՝ պնդելով, թե ամեն տարի իբր խոշոր դրամական նվիրատվություններ է ստացել ընտանիքի անդամներից։ Այդպիսով, ըստ դատախազի, նա փորձել է օրինականացնել ապօրինի եկամուտների մի մասը՝ շուրջ 830 հազար լարի: Այսօրվա փոխարժեքով դա շուրջ 300 հազար ամերիկյան դոլար է կազմում։
«Հոկտեմբերի 17-ին Իրակլի Ղարիբաշվիլիի բնակարանում իրականացված խուզարկության ընթացքում մի շարք իրեղեն ապացույցներ են ձեռք բերվել, այդ թվում՝198 միավոր ոսկերչական իրեր, թանկարժեք նկարներ, 50 բջջային հեռախոս և 119 այլ էլեկտրոնային սարքեր։ Այդ նույն խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է նաև 6 միլիոն 500 հազար ամերիկյան դոլար»,-ասել է Գեորգի Գվարակիձեն։
Ուշագրավ է, ի դեպ, որ չնայած կոռուպցիոն հանցագործությունների մասին վկայող ապացույցների նման առատությանը, վրաց դատախազները Ղարիբաշվիլիի համար կալանքը որպես խափանման միջոց չեն դիտարկում։ Իրավապահները դիմել են դատարան՝ նախկին վարչապետի համար մեկ միլիոն լարի գրավը խափանման միջոց ընտրելու առաջարկով։ Այդ գրավն, ի դեպ, ըստ վրացական մամուլի պետք է ապահովվի ակնհայտորեն ոչ աղքատ նախկին վարչապետի ունեցվածքի վրա կալանք սահմանելու հաշվին։
Ղարիբաշվիլին իրեն ներկայացված մեղադրանքը ընդունել է և այժմ ակտիվորեն համագործակցում է քննիչների հետ։ Նախկին վարչապետի շուրջ այս զարգացումները կարող էին հակակոռուպցիոն պայքարի շարքային դրվագ ընկալվել, եթե չլիներ Ղարիբաշվիլիի անձը։ Նա երկար տարիներ հանդիսանում էր Վրաստանի իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի մերձավոր թիմակիցներից մեկը։
2013 թվականից ի վեր նա երկու անգամ զբաղեցրել է վարչապետի պաշտոնը՝մշտապես իր հավատարմությունը ցուցադրելով Իվանիշվիլիին։ Այժմ, սակայն, ընդդիմադիրներից ոմանց կարծիքով, Իվանիշվիլին ինչ-ինչ պատճառներով զբաղված է ներիշխանական կլաններից մեկի՝ «ղարիբաշվիլիականների» ոչնչացմամբ։ Այս վարկածի օգտին է վկայում նաև այն հանգամանքը, որ վերջին օրերին ձերբակալվել են նաև Ղարիբաշվիլիի վարչապետական երկրորդ ժամկետում բարձր պաշտոններ զբաղված մի շարք անձինք ևս՝ նախկին գլխավոր դատախազ Օթար Պարցխալաձեն և Պետանվտանգության ծառայության նախկին տնօրեն Գրիգոլ Լիլուաշվիլին, նաև նրանց հետ փոխկապակցված մի շարք նախկին պաշտոնյաներ և գործարաներ։
Ձերբակալվածների այս մի խմբի բնակարանների խուզարկության ընթացքում իրավապահները ավելի քան ութ միլիոն դոլար կանխիկ գումար են հայտնաբերել։