Հեղինակ՝ Թոնի Վեսոլովսկի
ԱՄՆ նախկին նախագահ և Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն ապահով վայրում է, իսկ ենթադրյալ զինված անձը ձերբակալվել է, տեղեկացրել է Թրամփի նախընտրական շտաբը Ֆլորիդայում գտնվող նրա գոլֆի դաշտում սեպտեմբերի 15-ին հնչած կրակոցներից հետո, ինչը, Հետաքննությունների դաշնային բյուրոյի բնորոշմամբ, ԱՄՆ 45-րդ նախագահի դեմ ակնհայտ «մահափորձ» էր։
Այս միջադեպը տեղի է ունենում ընդամենը երկու ամիս այն բանից հետո, երբ Թրամփին մի կերպ հաջողվեց ողջ մնալ Փենսիլվանիայի հանրահավաքի ժամանակ իր դեմ իրականացված մահափորձից:
Միջադեպի հետ կապված շատ բան դեռ պարզ չէ և հասկանալի չէ, թե ինչպես դա կարող է ազդել նախընտրական քարոզարշավի վրա, երբ ընտրողները նոյեմբերի 5-ին գնան ընտրատեղամասեր՝ քվեարկելու։
Թրամփի նկատմամբ համակրանքի ա՞ճ
Վերջին շրջանում լուրերը Թրամփի օգտին չեն եղել, հատկապես ԱՄՆ փոխնախագահ և Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Քամալա Հարիսի հետ նրա բանավեճից հետո: Թրամփի չհիմնավորված մեկնաբանությունները, թե Հաիթիից եկած միգրանտներն Օհայո քաղաքում ամերիկացիների շներին ու կատուներին են ուտում, շատ արագ համատարած ծաղրի առարկա դարձան: Այնուամենայնիվ, այս վերջին ակնհայտ մահափորձը կարող է փոխել հանրային աջակցությունը հօգուտ նրա:
Վերափոխել բանավեճի առանցքը
Թրամփի նախընտրական շտաբը կարող է փորձել վերափոխել բանավեճի առանցքը և ուշադրությունը սևեռել օրենքին և կարգուկանոնին վերաբերող հարցերի և քաղաքական բռնության սպառնալիքների վրա, գուցե նույնիսկ փորձելով մեղադրել հակառակորդներին թշնամական մթնոլորտ հրահրելու համար առնվազն անուղղակիորեն պատասխանատու լինելու մեջ: Փենսիլվանիայում նրա նկատմամբ մահափորձից հետո Հանրապետական կուսակցության անդամները լրատվամիջոցների կողմից լայնորեն լուսաբանվող լսումների ժամանակ կոչեր հնչեցրին, որ Գաղտնի ծառայության ղեկավար Քիմբերլի Չիթլին, որը պատասխանատու է ԱՄՆ քաղաքական առաջնորդների պաշտպանության համար, հեռանա պաշտոնից։
Թեև այս վերջին միջադեպի պարագայում Գաղտնի ծառայությունը կարծես արագ է գործել՝ գործողություններ ձեռնարկելով ենթադրյալ զինված անձի դեմ, նախագահի թեկնածուներին տրամադրվող պաշտպանության մակարդակի հարցը կարող է ավելի մանրակրկիտ ուսումնասիրության առարկա դառնալ։ Fox News-ը, որը հիմնականում համակրանքով է վերաբերվում Թրամփին և Հանրապետական կուսակցությանը, կենտրոնացել է ոչ թե այն հանգամանքի վրա, որ մահափորձը ձախողվել է, այլ փաստի վրա, որ ենթադրյալ զինված անձը կարողացել է իր ինքնաձիգով նշան բռնել շղթայական ցանկապատի միջով, նախքան Գաղտնի ծառայության գործակալները, ըստ տեղեկությունների, կրակել են: Հնարավոր է, որ միջադեպը Թրամփին ստիպի նվազեցնել իր քաղաքական ելույթները հանրության առաջ և ավելի մեծ ուշադրություն կենտրոնացնել իր թվային քարոզարշավի վրա:
Ավելի շատ բևեռացում
Միացյալ Նահանգները քաղաքական առումով արդեն իսկ խորապես բևեռացված է, և հաշվի առնելով, թե ինչպես են կուսակցական լրատվամիջոցները լուսաբանում իրադարձությունները, այս միջադեպը, ամենայն հավանականությամբ, միայն կվատթարացնի իրավիճակը: Սեպտեմբերի 15-ի միջադեպից հետո նախագահ Ջո Բայդենն ու Հարիսն արագ դատապարտեցին այն, երկուսն էլ այն անվանեցին «քաղաքական բռնություն»: Այնուամենայնիվ, Թրամփի կողմնակիցները նախկին նախագահին, հավանաբար, դեռ քաղաքական բռնության զոհ կհամարեն, իսկ նրա հակառակորդները կարող են նաև այս ակնհայտ մահափորձը ներկայացնել որպես ապացույց այն բանի, որ քաղաքականությունում Թրամփի ներկայությունը պառակտում է հրահրում երկրում։
Ուկրաինան վերադարձնել ուշադրության կենտրոն
Ենթադրյալ զինված անձը Հավայան կղզիներից 58-ամյա Ռայան Ուեսլի Ռութն է: Սկսած 1990-ականներից՝ նա տասնամյակներով քրեական անցյալ է ունեցել։ Սոցցանցերում նա քննադատել է Թրամփին, թեև նշել է, որ 2016-ին աջակցել է նրան: Ըստ սոցցանցերի գրառումների՝ Ռութը նաև ուկրաինամետ հայացքներ է ունեցել: Նա 2022-ին մեկնել է արտասահման՝ ակնհայտ նպատակ ունենալով կռվել Ուկրաինայի հետ Ռուսաստանի դեմ, սակայն Ուկրաինայի արտասահմանյան լեգեոնի ներկայացուցիչը CNN-ին ասել է, որ «նա երբեք լեգեոնի մաս չի եղել և որևէ կերպ չի համագործակցել մեզ հետ»։ Ռութը մարդկանց հորդորել է զենք վերցնել հանուն Ուկրաինայի և 2023-ին հարցազրույցներ է տվել մի քանի լրատվական կազմակերպությունների, այդ թվում՝ The New York Times-ին և Semafor-ին: