Ուկրաինայի դեմ Կրեմլի պատերազմն ազդել է ռուսական զինված ուժերի տրանսպորտային պաշարների վրա։ Այժմ՝ լայնամասշտաբ ներխուժումից երեք տարի անց, ռուս զինվորականներն ավելի ու ավելի շատ են ստիպված երթևեկել քաղաքացիական բեռնատարներով՝ սարքավորումներ և անձնակազմ տեղափոխելու համար:
2022 թվականի փետրվարի ներխուժումից հետո Միացյալ Նահանգների և Եվրամիության պատժամիջոցներն արգելափակում են արևմտյան արտադրության ավտոմոբիլային պահեստամասերի մատակարարումը Ռուսաստանին։
Բայց Նորվեգական՝ ավտոմոբիլային առաջատար մատակարարներից մեկը, միլիոնավոր դոլարների պահեստամասեր է արտահանել, որոնք, ի վերջո, հասել են Ռուսաստան՝ սնուցելով նախագահ Պուտինի ռազմական մեքենան։ Դրանք տեղ են հասել թուրքական միջնորդի միջոցով, որը վերավաճառել է դրանք՝ շրջանցելով ԵՄ պատժամիջոցները։ Սա պարզ է դարձել «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության «Սխեմաներ» հետաքննական խմբի և նորվեգական հանրային հեռարձակողի՝ NRK-ի համատեղ հետաքննության արդյունքում:
Kongsberg Automotive-ը, որը գործում է Նորվեգիայի հարավում գտնվող Կոնգսբերգ քաղաքում, առաջատար ավտոմոբիլային ապրանքանիշերի՝ Volvo-ին, Ford-ին, Scania-ին և Jaguar Land Rover-ին պահեստամասեր մատակարարող հիմնական ընկերություններից մեկն է։ Ընկերությունում ասում են, որ 2022 թվականին սեփական նախաձեռնությամբ դադարեցրել են բոլոր ուղղակի մատակարարումները դեպի Ռուսաստան՝ «ագրեսոր» պետությանն ապրանք վաճառելը համարելով «անբարոյական և դատապարտելի»։
Սակայն «Սխեմաներ»-ի ձեռքի տակ հայտնված ռուսական մաքսային փաստաթղթերը ցույց են տալիս, որ 2022 թվականի հուլիսից մինչև 2024 թվականի ապրիլը Kongsberg Automotive-ից պահեստամասերի առնվազն 126 առաքում է եղել դեպի Ռուսաստան։ Առաքումներն իրականացվել են նորվեգական ընկերության՝ Թուրքիայում գտնվող հաճախորդներից մեկի՝ Hidirusta Otomotiv-ի կողմից։ Այդ ընկերությունը չէր միացել Մոսկվայի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցներին։
Ըստ «Ազատության» տրամադրության տակ եղած փաստաթղթերի՝ այդ բեռնափոխադրումների ընդհանուր հայտարարագրված արժեքը կազմում է մոտ 2,8 միլիոն դոլար։
Սխեման գործել է Ստամբուլում գործող Hidirusta Otomotiv-ի միջոցով, որը 2022 թվականի փետրվարին տեղի ունեցած ներխուժումից առաջ դեպի Ռուսաստան բեռնափոխադրումներ չի իրականացրել։ Այս մասին են վկայում ImportGenius առևտրային մաքսային տվյալների ագրեգատորի արձանագրությունները: Իրավիճակը, սակայն, փոխվել է կարծես մեկ գիշերվա ընթացքում. 2023 թվականին Ռուսաստանը դարձել էր թուրքական այս ընկերության ամենամեծ շուկան և շարունակում է մնալ առաջատար մինչև այսօր՝ ըստ ImportGenius-ի արձանագրությունների:
Hidirusta Otomotiv-ի՝ դեպի Ռուսաստան բեռնափոխադրումների մեծ մասը պարունակել է նորվեգական Kongsberg Automotive-ի պահեստամասերը, որոնց նկատմամբ, փաստացի ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել:
Hidirusta Otomotiv-ից չեն պատասխանել այս մասին «Ազատության» հարցերին: Նորվեգական Kongsberg Automotive-ը «անընդունելի և մեր արժեքներին հակասող» է որակել թուրքական այդ ընկերության կողմից իր պահեստամասերի վերավաճառքը Ռուսաստանին։
Նորվեգական պահեստամասեր, ռուսական ռազմական մեքենա
Մինչ Hidirusta Otomotiv-ը նորվեգական արտադրության պահեստամասերի մեծ մասն ուղարկել է ռուսական ընկերությունների, այդ թվում՝ A.P.R. և «Գրուզավտոզապչաստ-36»-ին, որոնք փաստագրված առևտրային կապեր ունեն պաշտպանական ոլորտի հետ: A.P.R. ավտոպահեստամասեր է մատակարարել «Օրենբուրգագրոսնաբտեխսերվիս»-ին՝ Ռուսաստանի ամենահին և խոշորագույն մեքենաշինական և մետալուրգիական ձեռնարկություններից մեկի՝ «Կիրովսկի գործարան»-ի գործընկերոջը, որը 2023 թվականից գտնվում է ամերիկյան պատժամիջոցների ներքո։
«Կիրովսկի գործարան»-ի դուստր ձեռնարկություններից մեկը՝ Սանկտ Պետերբուրգում տեղակայված «Ունիվերսալմաշ»-ը պահեստամասեր է մատակարարում Ուկրաինայի դեմ կիրառվող ռուսական ռազմական տեխնիկայի համար:
«Գրուզավտոզապչաստ-36»-ն էլ կապեր ունի Baltic Leasing («Բոլթիկ լիզինգ») ռուսական ընկերության հետ, որն անցյալ տարի բուլդոզերներ է մատակարարել Ռուսաստանի ամենամեծ ռազմաուսումնական հաստատություններից մեկին, որն ուկրաինական պետերազմի հետ կապված պատժամիջոցների տակ է 2023 թվականից:
Ոչ A.P.R., ոչ էլ «Գրուզավտոզապչաստ-36»-ը մինչ այս հոդվածի հրապարակումը չեն պատասխանել մեկնաբանություններ ստանալու հարցումներին:
Հարձակողական ԱԹՍ-ների գործարկման համար հարթակ
Քաղաքացիական ֆուրգոններն ու բեռնատարներն ավելի ու ավելի կարևոր են դառնում Ռուսաստանի համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ լայնամասշտաբ ներխուժման ժամանակ ռուսական կողմը ռազմական մեքենաների մեծ կորուստ է կրել, «Ազատության»-ն ասել է Նորվեգիայի Մարդու իրավունքների Հելսինկյան կոմիտեի ավագ խորհրդական և պատժամիջոցների ծրագրի համակարգող Օգե Բորչգրևինկը:
«Ուկրաինայի պատերազմը մեծապես կապված է լոգիստիկայի հետ: Ռուսաստանի ողջ տնտեսությունը նպատակն է արտադրել ապրանքներ ու ծառայություններ, որոնք հնարավոր են դարձնում այս պատերազմը: Այստեղ ամենակարևոր բաներից են բեռնատարներն ու ավտոպահեստամասերը»,- ասել է Բորչգրևինկը:
Ավելին, քաղաքացիական բեռնատարները կարող են օգտագործվել ոչ միայն փոխադրումների, այլև իրանական արտադրության «Շահեդ-136»-ի նման հարձակողական անօդաչու թռչող սարքերի արձակման համար։ Ռուսաստանը այս տիպի ԱԹՍ-ներն ակտիվորեն օգտագործում է Ուկրաինային հարվածներ հասցնելու համար: 2022 թվականի մարտին իրանական ռազմական ուղղվածություն ունեցող IMA Media լրատվամիջոցը հրապարակեց մի տեսանյութ, որտեղ մանրամասն ներկայացվում է, թե ինչպես է դա աշխատում:
«Որպեսզի պատերազմի անիվները շարունակեն պտտվել, Ռուսաստանին անհրաժեշտ է բեռնատարների բոլորովին նոր պարկ, որն իր հերթին պահեստամասեր է պահանջում», - բացատրում է Բորչգրևինկը:
Մարդու իրավունքների Հելսինկյան կոմիտեի և ռիսկերի վերլուծությամբ զբաղվող նորվեգական Corisk ընկերության իրականացված հետազոտությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը 2023 թվականի փետրվարից տասնապատկել է բեռնատարների ներմուծումը:
Ըստ այդ հրապարակման՝ այս ներմուծումներն ուղղված են ապահովելու Ռուսաստանի ռազմական լոգիստիկան Ուկրաինայի մարտադաշտում՝ չնայած Արևմուտքի կողմից սահմանած խիստ պատժամիջոցներին:
Corisk-ի հետազոտող Էրլենդ Բոլման Բյորտվեդտն ասում է, որ Ռուսաստանն ավելի ու ավելի է ապավինում քաղաքացիական ավտոմեքենաներին՝ «ամեն ինչ՝ սննդից մինչև զինամթերք և նռնակներ առաջնագիծ» հասցնելու համար:
Ռուսական լրատվամիջոցների հաղորդումները գալիս են հաստատելու այս միտումը։ Դրանք քաղաքացիներին կոչ են անում քաղաքացիական ավտոմեքենաներ նվիրաբերել զինված ուժերին։ Ընդ որում՝ վկայակոչվում է Ուկրաինայի կողմից անօդաչու թռչող սարքերի լայնածավալ օգտագործման պատճառով առաջացած ավտոմեքենաների խիստ պակասը:
«Ընդամենը մի փոքր մասի խափանումը կարող է բեռնատարի անսարքության պատճառ դառնալ։ Այնպես որ, եթե դուք արևմտյան ընկերություն եք և արտադրում եք թեկուզ փոքր պահեստամասեր, որոնք առաջին հայացքից անմեղ են թվում, ասենք, մի քանի դոլար արժեցող ռետինե օղակ կամ գնդիկավոր առանցքակալ, դա կարող է լինել այն փոքր մասը, որն իրականում օգնում է անսարք բեռնատարը նորից աշխատեցնել», - բացատրում է Բյորտվեդտը:
Անփութությո՞ւն, թե՞ պատժամիջոցների շրջանցում
Այս բացահայտումների հետ առերեսվելով՝ նորվեգական Kongsberg Automotive-ում հերքել են իրենց կապը կատարված գործարքների հետ՝ պնդելով, որ ընկերությունը դեռևս 2022 թվականին դադարեցրել է ապրանքների ուղիղ վաճառքը Ռուսաստանին։
Նորվեգական ընկերությունից ստացած գրավոր պատասխանում ասվում է. - «Մենք գտնում ենք անընդունելի է և ցավալի, եթե մեր արտադրանքը հայտնվում է այնպիսի վայրերում, որտեղ կիրառվում են պատժամիջոցներ։ Մեր հաճախորդների կողմից ենթադրյալ վերավաճառքն անընդունելի է և հակասում է մեր արժեքներին»:
Kongsberg Automotive-ում պնդում են, որ վաճառքից հետո իրենց ապրանքների տեղաշարժին հետևելը դժվար է:
«Երբ մենք վաճառում ենք մեր ապրանքները, կորցնում ենք սեփականության իրավունքն ու վերահսկողությունը մատակարարման շղթայի վրա, անգամ եթե դրանք վերավաճառվեն մի քանի անգամ, ինչի ականատեսն ենք կարծես», - ասված է «Ազատության»-ը փոխանցված պատասխանում:
Միաժամանակ, ընկերությունում ընդունել են, որ չեն կարողացել պատշաճ կերպով ստուգել իրենց թուրք հաճախորդին և տեղյակ չեն եղել, որ Hidirusta Otomotiv-ի ամենամեծ արտահանման շուկան Ռուսաստանն է:
«Մենք կարող էինք ավելի լավ ընթացակարգեր ունենալ այդ գործընթացում», - ասել են Kongsberg Automotive-ում:
«Սխեմաներ»-ի և NRK-ի հարցումներից հետո նորվեգական արտադրողը դադարեցրել է իր հարաբերությունները թուրքական Hidirusta Otomotiv-ի հետ, ինչպես նաև հրահանգել, որ մյուս բոլոր հաճախորդներն էլ զերծ մնան այդ ընկերությանը պահեստամասեր վաճառելուց: Ավելին, ընկերությունն ասել է, որ այժմ պահանջում է հաճախորդներից պայմանագրային պարտավորություններ ստանձնել՝ պատժամիջոցները պահպանելու համար:
Փորձագետներն ասում են, որ Թուրքիան համարվում է որպես պատժամիջոցների շրջանցման սողանցք, ինչը նշանակում է, որ այնտեղ ապրանքներ արտահանող ընկերությունները պետք է խիստ ստուգումներ և վերահսկողություն իրականացնեն՝ Ռուսաստան հնարավոր վերավաճառքը բացառելու համար:
«Սխեմաներ»-ի և NRK-ի բացահայտումները ուսումնասիրելուց հետո Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի պատժամիջոցների քաղաքականության հանձնակատար Վլադիսլավ Վլասյուկը ասել է, որ այդ դեպքը «ստվեր է գցում Եվրամիության պատժամիջոցների հետ կապված ողջ քաղաքականության և դրա արդյունավետության վրա»:
«Հատկապես բեռնատարների պահեստամասերը Ռուսաստանին օգնում են ուժեղ լինել մարտի դաշտում։ Դա լուրջ խնդիր է»,- ասել է Վլասյուկը:
Պատժամիջոցների արդյունավետության հարցում թերահավատ է նաև ուկրաինացի 28-ամյա նախկին զինվորական Օլեգ Սիմորոզը, ով մարտադաշտում ստացած ծանր վնասվածքից հետո դարձել է հակակոռուպցիոն ակտիվիստ։
«Արևմտյան երկրները, այդ թվում՝ Նորվեգիան, կարող են արդյունավետ դարձնել պատժամիջոցները։ Ու եթե նրանք պատշաճ ջանքեր գործադրած լինեին, Ռուսաստանին այս վաճառքները չէին լինի»,- ասել է նա։