Մատչելիության հղումներ

Ինչպես են պատժամիջոցների տակ գտնվող շքեղ մեքենաները հասնում ՌԴ


Թեպետ արևմտյան շքեղ մեքենաների ներմուծումը Ռուսաստան արգելված է, սակայն ռուսական տարբեր քաղաքների փողոցներում կարելի է տեսնել նման մեքենաներ։ Ազատության «Սիստեմա» հետաքննական նախագիծը պարզել է, թե ինչպես, որ երկրների և կամ որ կազմակերպությունների միջոցով են արևմտյան արտադրության թանկարժեք մեքենաները հասնում Ռուսաստան։ Այս փաստերի հետ կապված Porsche և Mercedes-Benz ավտոմոբիլային հսկաներն արդեն ներքին քննություն են սկսել։

2025-ի հունվարին ռուսական խոշոր բուքմեյքերական ընկերություններից մեկը վիճակախաղ հայտարարեց, որտեղ խաղարկվում էր Rolls Royce Cullinan մեքենա, որի գինը սկսվում է 500 հազար դոլարից ու կարող է հասնել մինչև 1 միլիոնի և սա այն դեպքում, երբ արևմտյան երկրների կողմից սահմանած պատժամիջոցների համաձայն՝ նման մեքենան չէր կարող հայտնվել Ռուսաստանում։

50 հազար դոլարը գերազանցող մեքենաների ներմուծումը Ռուսաստան արգելվել է Ամերիկայի, Եվրամիության, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների կողմից 2022-ի մարտին, երբ ռուսական զորքերը ներխուժեցին Ուկրաինա։ Mercedes- Benz, BMW, Audi, Land Rover ընկերությունները փակեցին իրենց գործարաններն ու ներկայացուցչությունները Ռուսաստանում, ինչպես նաև դադարեցրին մեքենաների փոխադրումն այդ երկիր։ Դիլլերները ստիպված էին այս ապրանքանիշերի փոխարեն վաճառել չինական արտադրության մեքենաներ. 2024-ի նոյեմբերի դրությամբ ռուսական շուկայում չինական նոր մեքենաների մասնաբաժինը հասել էր 68 տոկոսի։

Այնուհանդերձ, այս ոլորտի ռուս գործարարները նոր մեխանիզմներ են ներդրել մեքենաները Ռուսաստան հասցնելու համար, նրանք իրենց կայքերում պարզապես գրում են, որ կարող են ներմուծել ցանկացած ապրանքանիշի մեքենա, միայն թե պետք է վճարել դրա գումարը։

«Սիստեմա»-ն պարզել է, որ 2022-ի մարտից ի վեր Ռուսաստան է ներմուծվել առնվազն 1298 թանկարժեք մեքենա, որոնցից յուրաքանչյուրի արժեքը 100 հազար դոլարից ավել է ու դրանք արտադրվել են այնպիսի երկրներում, որոնք արգելքներ էին սահմանել Ռուսաստան առաքումների վրա։ Բոլոր այս մեքենաները Ռուսաստան են հասել տարանցիկ ճանապարհներով՝ երրորդ երկրների միջոցով։

«Սիստեմա»-ի հետաքննությունը պարզել է, որ այս ճանապարհներով 2022-ի մարտից մինչև 2024-ի հոկտեմբեր Ռուսաստան է ներկրվել 76.6 մլն դոլարի Mercedes-Benz, 54.2 մլն դոլարի Land Rover, 27 մլն դոլարի BMW, 16.7 մլն դոլարի Porsche, 8 մլն դոլարի Audi:

Մեքենաների տեղափոխման համար տրանզիտային երկրներ են դարձել Հարավային Կորեան, Բելառուսը, Հոնկոնգը, Թուրքիան, Ղրղըզստանը, շատ ավելի փոքր մասնաբաժնով նաև Չինաստանը, Հայաստանը, Ղազախստանը։

Հարավային Կորեայի միջոցով Ռուսաստան են ներմուծվել մոտ 38 մլն դոլարի ավտոմեքենաներ, Բելառուսի միջոցով՝ 34 մլն դոլարի, Հոնկոնգի միջոցով՝ ավելի քան 30 միլիոն դոլարի։ Տրանզիտ երկրների ցանկում է նաև Հայաստանը, որի միջոցով ՌԴ է ներկրվել 3.8 մլն դոլարի շքեղ մեքենաներ։

Հիմնական ներկրողը

Թանկարժեք արևմտյան մեքենաների հիմնական ներկրողը Սանկտ-Պետերբուրգում գրանցված «Գարանտ» ընկերությունն է, որը մինչ 2022 թվականն ուներ համեստ շրջանառություն, զբաղվում էր օպտիկամանրաթելային ցանցերի բաղադրիչների վաճառքով։ Օպտիկամանրաթելային բաղադրիչները ռուսական ընկերությունը գնում էր Հոնկոնգում գրանցված Jiating Product Factory ընկերությունից։ Ուկրաինա ներխուժումից հետո հոնկոնգյան ընկերությունը սկսեց մեքենաներ մատակարարել դեպի Ռուսաստան ու դրանց 99 տոկոսը վաճառել «Գարանտ»-ին։

«Գարանտի» գլխավոր տնօրեն Մարիա Ստեբակովան և Անվտանգության դաշնային ծառայության աշխատակից Սերգեյ Լուշնիկովը
«Գարանտի» գլխավոր տնօրեն Մարիա Ստեբակովան և Անվտանգության դաշնային ծառայության աշխատակից Սերգեյ Լուշնիկովը

Ընդհանուր առմամբ, 2022-2024 թվականներին «Գարանտ»-ը Հոնկոնգից ստացել է 305 թանկարժեք մեքենա, ընդհանուր 31.2 մլն դոլար արժեքով։ «Սիստեմա»-ի հետաքննությունը պարզել է, որ Հոնկոնգից մեքենաներ ներմուծած «Գարանտ»-ը ընդամենը միջնորդ է ավելի խոշոր ավտոդիլլերների համար, ինչպիսիք են «Ռոլֆ» և «Մեյջըր ավտո» ընկերությունները, որոնց էլ բաժին են հասել Հոնկոնգից ներմուծված մեքենաները։

Ըստ հակակոռուպցիոն փորձագետ Իլյա Շումանովի՝ ավտոդիլլեր «Ռոլֆ»-ի սեփականատեր Ումար Կրեմլևը կապված է Ռուսաստանի պահպանության դաշնային ծառայության հետ, նրա բիզնեսների ու պաշտոնատար անձանց հետ փոխկապակցվածության մասին գրել էր «Պրոյեկտ»-ը։

Առաջատար ավտոդիլլեր ընկերություններից մեկի նախկին թոփ մենեջերը, անանուն մնալու պայմանով, «Սիստեմա»-ին պատմել է, որ մեքենաների ներմուծման ծավալները մինչ պատերազմն անհամեմատելի փոքր են եղել, միայն «Ռոլֆ»-ն էր, որ տարեկան 3-4 միլիարդ դոլար արժողությամբ մեքենաներ էր ներկրում։

«Սիստեմա»-ի հաշվարկներով՝ պատժամիջոցների տակ գտնվող մեքենաների ներկրման սխեմաներին մասնակցել են 179 ռուսական ներմուծողներ ու 220 արտահանողներ՝ 26 երկրներից։ Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում գործող «Ավտոդոմ» ընկերությունը թեպետ իր վաճառասրահներում տեսականին ավելացրել է տասնյակ չինական ապրանքանիշերով, սակայն դրան զուգահեռ շարունակում է առաջարկել նաև թանկարժեք Audi, BMW, Lamborghini, Land Rover։ 2022-2024 թվականներին ընկերությունը ներմուծել է նմանատիպ 79 ավտոմեքենաներ՝ 16 մլն դոլար արժեքով։

Եվրոպական կարգավորող մարմինները ուշադիր հետևում են պատժամիջոցները շրջանցելու փորձերին։ Օրինակ, 2024-ին Գերմանիայում 3 մարդ դատապարտվել է ազատազրկման՝ Ռուսաստան ավտոմեքենաներ արտահանելու համար, իսկ 2025-ի փետրվարին Լիտվայում ձերբակալվել էին բելառուսներ ու լիտվացիներ, որ փորձել էին մեքենաներ մատակարարել Ռուսաստանին։

Արևմտյան ավտոարտադրողները վստահեցրել են, որ միջոցներ են ձեռնարկում՝ կանխելու պատժամիջոցների շրջանցմամբ իրենց մեքենաների մուտքը Ռուսաստան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG