Ռուս հոկեյի աստղ Ալեքսանդր Օվեչկինը պատմություն կերտեց՝ շրջանցելով Ուեյն Գրեցկիին ու դառնալով Հոկեյի ազգային լիգայում ամենաշատ գոլեր խփած խաղացողը, սակայն նրա նվաճումը հաղթանակ բերեց նաև Կրեմլի քարոզչամեքենային։
Կրեմլի կողմից ապրիլի 7-ին հրապարակված շնորհավորական հեռագրում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է մարզիկին՝ պնդելով, թե Օվեչկինի ռեկորդային գոլը «ոչ միայն ձեր անձնական հաջողությունն էր, այլև իսկական տոնախմբություն Ռուսաստանի և արտերկրի երկրպագուների համար»:
Պուտինը հայտնի է որպես հոկեյի մեծ սիրահար։ Իսկ Օվեչկինի հանդեպ նրա հիացմունքը փոխադարձ է։ Հոկեյիստի Instagram-ի պաշտոնական էջում կարելի է տեսնել նրա լուսանկարը, որտեղ նա կանգնած է Պուտինի կողքին։
Օվեչկինի նվաճումը` 895-րդ գոլը Հոկեյի ազգային լիգայում, որ գերազանցել է Գրեցկիի խփած 894 գոլի ռեկորդը, ավելին է, քան միայն իր ազգի մարզական հպարտությունը: Այն տեղի է ունեցել մի ժամանակահատվածում, երբ Կրեմլը ձգտում է վստահության հասնել Վաշինգտոնի հետ հարաբերություններում, մինչ կողմերը բանակցում են Ուկրաինայում հնարավոր զինադադարի շուրջ:
Վաշինգտոն գործուղված Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը տեսանյութ է հրապարակել X սոցիալական ցանցում, որտեղ Օվեչկինը շնորհավորում է իր երկրպագուներին ռեկորդային գոլից հետո՝ ասելով. «Ամբողջ աշխարհի, Ռուսաստանի համար․․․ մենք դա արեցի՜նք, տղեք, մենք դա արեցի՜նք: Սա պատմակա՜ն է»:
Դմիտրիևը նոր էր ավարտել իր այցը Միացյալ Նահանգներ՝ անվանելով այն «արդյունավետ»: Բացի բուն բանակցություններից նա նաև հարցազրույցներ էր տվել CNN և Fox News հեռուստաընկերություններին՝ խոսելով ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների հեռանկարների մասին:
«Կասկած չկա, որ նախագահ Թրամփի թիմը ոչ միայն կանխել է Երրորդ համաշխարհային պատերազմը, այլև արդեն զգալի առաջընթաց է գրանցել Ուկրաինայի հարցի լուծման գործում»,- ասել է Դմիտրիևը Fox News-ի լրագրող, հաղորդավար Բրետ Բայերի հետ հարցազրույցում։
Ուղերձն առավել քան պարզ է։ Դմիտրիևը և մյուսները առաջ են մղում այն խոսույթը, որ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը բնական դաշնակիցներ են, մինչդեռ եվրոպացիները, հակառակը, ուժեղացնում են իրենց աջակցությունն Ուկրաինային:
Օրինակ, և՛ Դմիտրիևը, և՛ ռուսական մեդիա հոլդինգի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը հավանությամբ տարածեցին Օլիվեր Սթոունի մասնակցությամբ տեսանյութը, որտեղ ամերիկացի ռեժիսորը Fox News-ին ասում է, որ ողջունում է Թրամփի վարչակազմին՝ Ռուսաստանի շուրջ «վիրավորող երկխոսությունից» հրաժարվելու համար։
«Ռուսաստանի հանդեպ այս ողջ ատելությունն այնքան բացասական է, դա Ամերիկային բոլորովին բնորոշ չէ», - ասել էր Սթոունը, հավելելով,- «Նրանք կարող են դառնալ մեր լավագույն գործընկերը, ինչպես մեր լավագույն գործընկերը իրականում կարող են դառնալ նաև չինացիները: Այս ամենը ներդրվել է քարոզչության միջոցով»:
Դժվար է համատեղել ԱՄՆ-Ռուսաստան բարեկամության հաղորդագրությունները Ռուսաստանի կողմից Ուկրաինայի շարունակվող ռմբակոծությունների հետ, հատկապես՝ Կրիվոյ Ռոգի և Կիևի քաղաքացիական տարածքների վրա մահաբեր հարձակումներից հետո:
Այն նույն օրը, երբ Օվեչկինը խփեց իր ռեկորդային գոլը, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հաղորդեց, թե քանի ուկրաինացի մարզիկ է զոհվել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում:
«2025 թվականի մարտի դրությամբ Ռուսաստանի կողմից սպանվել են 591 ուկրաինացի մարզիկ և մարզիչ, 22-ը գերության մեջ են, 11-ը՝ անհետ կորած», - գրել է Ուկրաինայի ԱԳՆ-ն։ Այդ նույն գրության մեջ նաև կարդում ենք․ «Ռուսաստանի հարձակումների հետևանքով վնասվել կամ ավերվել են 725 մարզական օբյեկտ, այդ թվում՝ 17 օլիմպիական, պարալիմպիկ և դեֆլիմպիկ ուսումնական բազաներ: Տասնամյակներ շարունակ Ռուսաստանը սպորտն օգտագործել է քարոզչության համար: 2024 թվականի Փարիզի օլիմպիական խաղերին չեզոք դրոշի ներքո հանդես եկող 15 ռուս մարզիկներից տասը կամ հրապարակայնորեն սատարել են պատերազմին, կամ կապեր ունեցել Ռուսաստանի զինված ուժերի հետ: Ռուսական սպորտն առանձնացված չէ պետությունից։ Այն ագրեսիան արդարացնելու և խթանելու գործիքներից մեկն է: Նրանք, ովքեր պնդում են, որ սպորտը պետք է քաղաքականությունից դուրս լինի, պետք է գիտակցեն, որ Ռուսաստանը օգտագործում է սպորտը որպես քաղաքական զենք»:
Սպորտն իսկապես Ռուսաստանի փափուկ ուժի տարր է դարձել Վաշինգտոնի և Մոսկվայի ընթացիկ դիվանագիտական շփումներում:
Անցյալ ամիս Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցից հետո Կրեմլն ասաց, որ ԱՄՆ նախագահը «աջակցում է Վլադիմիր Պուտինի գաղափարին՝ Միացյալ Նահանգներում և Ռուսաստանում ռուս և ամերիկացի խաղացողների միջև հոկեյի խաղեր կազմակերպելու շուրջ»:
2022 թվականի փետրվարին Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից ի վեր Ռուսաստանին արգելված է մասնակցել հոկեյի միջազգային մրցաշարերին: Այս արգելքը պահպանվում է: Բայց Օվեչկինի խփած ռեկորդային գոլը կարող է ևս մի ճեղք դառնալ, որ կնպաստի՝ Վաշինգտոնի հետ դիվանագիտական փոխգործակցության համար պատուհան բացելու Մոսկվայի ջանքերին։