Մատչելիության հղումներ

Ինչու են Վանաձորում և Մասիսում ընտրությունները հետաձգվում

Վանաձոր
Վանաձոր

Չնայած Վանաձորում արդեն 5 տարի տևող կառավարման ճգնաժամին՝ չընտրված համայնքապետով ու կիսատ-պռատ գործող ավագանիով, իշխանությունները նախատեսում են տեղական ընտրությունները հետաձգել մինչև 2027 թվական:

Այս տարվա դեկտեմբերին լրանում է 5 տարի առաջ ընտրված ավագանու լիազորությունների ժամկետը: Չնայած դրան՝ հաջորդ շաբաթ խորհրդարանը կքննարկի Վանաձորի խոշորացման օրենքի նախագիծը, որով ընտրությունները նախատեսվում է անցկացնել ոչ թե այս տարի, այլ 2027-ին: Ընդ որում, նախագծով մարզպետին իրավունք է տրվում ընտրել ԿԸՀ-ի սահմանած ընտրական օրերից մեկը: Տեղական ինքնակառավարման հարցերով փորձագետ Գևորգ Քոթանջյանը շեշտում է՝ Վանաձորն արդեն վեցերորդ տարին չի ունենա ընտրովի համայնքապետ. «Այդ դեպքում սա աբսուրդ է որովհետև ամենակարևոր բանը, որ պետք է օրենքը հստակեցնի և պահպանի, դա անիշխանություն չթողնելու հիմնարար սկզբունքը պետք է լինի»:

Նույն սկզբունքով ընտրությունները հետաձգվում են նաև Մասիսում: Այստեղ արդեն նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը քրեական գործով մեղադրյալ է:

2018 թվականի հեղափոխության ժամական տեղի ունեցած միջադեպով նա նախ կալանավորվել էր, ապա՝ ազատ արձակվել: Դեպքից յոթ տարի անց դատարանը նրան մեղավոր ճանաչեց ցուցարարների նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու համար: Դրանից հետո ավագանու «Դավիթ Համբարձումյան» դաշինքը համայնքի ղեկավար ընտրեց իրենց թիմակցին:
Արդյո՞ք վարչատարածքային փոփոխություններ անելիս և ընտրություններ նշանակելիս իշխանություններն առաջնորդվում են քաղաքական նպատակահարմարությամբ:

«Երկու տեղում էլ իշխանությունը բավականին թույլ է», պնդում է փորձագետը

Փորձագետ Գևորգ Քոթանջյանը շեշտում է՝ թե՛ Վանաձորում ու թե՛ Մասիսում իշխանության դիրքերն ամուր չեն ու ժամանակ է պետք հաջորդ ընտրություններին պատրաստվելու, մրցունակ թեկնածուներ ունենալու համար: Հիշեցնում է, որ դեռ 2022-ին Ազգային ժողովն օրենքի հատուկ փոփոխություն արեց, որպեսզի վարչապետը կարողանա ժամանակավոր պաշտոնակատար նշանակել, իսկ հետագա փոփոխությամբ՝ այդ պաշտոնում նշանակել ավագանու անդամներից մեկին: Քոթանջյանի խոսքով՝ այդ օրենսդրական փոփոխությունը կարգավորված էր հատուկ Վանաձորի համար և նախատեսված էր Արկադի Փելեշյանի թեկնածության նպատակով, որն էլ մինչ օրս պաշտոնավարում է:

Գևորգ Քոթանջյանը
Գևորգ Քոթանջյանը

«Երկու տեղերում էլ իշխանությունը բավականին թույլ է: Որը լրացուցիչ ժամանակ է պահանջում, դա կարող է ձգվել մեկ տարի, որպեսզի իրենք կարողանան պատրաստվել, որ մասնակցեն ընտրություններին և գոնե ունենան մրցակցելու լայն հնարավորություն»,- «Ազարության» հետ զրույցում նշեց փորձագետը:

Համեմատության համար՝ այս ամռանը միավորված Լոռու ևս մեկ խոշորացված համայնքում՝ Ստեփանավանում ընտրություններ տեղի կունենան հոկտեմբերի 25-ին: Այս դեպքում մարզպետն ընտրեց խոշորացումից հետո ԿԸՀ-ի սահմանած մոտակա օրը: Ստեփանավանում «Քաղաքացիական պայմանագիրն» արդեն իսկ հայտարարել է իր թեկնածուին: Մյուս խոշորացված համայնքներում ևս ընտրությունները նախատեսված են առաջիկա ամիսներին: Իսկ Վանաձորում և Մասիսում, թեև ընտրությունները տեղի էին ունեցել 2021-ին և ժամկետն արդեն ավարտվում է, քվեարկությունը կանցկացվի միայն եկող տարի, ընդ որում՝ հայտնի չէ, թե հստակ՝ երբ:

Ընտրությունների հետաձգումը ենթադրում է, որ 5 տարով ընտրված ավագանին կպահպանի իր լիազորությունները սահմանված ժամկետից ավելի: Սա նշանակում է, որ Վանաձորի խնդրահարույց ավագանին, որն իր ողջ պաշտոնավարման ընթացքում տարեկան ընդամենը 1-2 նիստ է գումարել, կշարունակի գործել նաև ժամկետի ավարտից հետո: Նոր օրինագիծը տալիս է այդ հնարավորությունը:

«Մի ամբողջ Օրենսդիր մարմին խառնում ես, որպեսզի մի բան անես, որի բարի պտուղը ոչ մեկը չի տեսել, բացի, ըստ երևույթի, քաղաքական այն ուժից, որը միտում ունի իշխանություն վերցնելու»,- ընդգծում է Քոթանջյանը:

Վանաձորի և Մասիսի խոշորացման նախագծերն արդեն Ազգային ժողովում են: Առաջիկա նիստերին դրանք կքննարկվեն հրատապ կարգով և, ենթադրաբար, կընդունվեն: Արդյունքում Վանաձորը կդառնա Հայաստանի՝ բնակչության թվով երկրորդ ամենամեծ համայնքը Երևանից հետո:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG