Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ սկսվեց 44-օրյա պատերազմը. Սարգսյանի 7 ժամանոց գիշերային հարցազրույցն ու Փաշինյանի վաղորդյան 10 ստատուսները


3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի 7 ժամանոց գիշերային հարցազրույցին վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց վաղորդյան տասը ստատուսով:

«Իմնեմնիմի» փոդքասթը» սկսվել էր գիշերը ժամը 10-ին և ավարտվել վաղ առավոտյան ժամը 5 -ին: Փաշինյանի առաջին ստատուսը հարցազրույցի ավարտից 1 ժամ անց էր՝ առավոտյան 6:21-ին: Հաշվի առնելով այս արագ արձագանքը, կարելի է եզրակացնել, որ վարչապետը գիշերը հետևել էր 3 -րդ նախագահի հարզարույցին:

Ու թեև Սերժ Սարգսյանը անդրադարձել էր ամենատարբեր հարցերի՝ նոր մանրամասներ ներկայացնելով նաև 2018-ի հեղափոխության և իր հրաժարականի մասին, սակայն դատելով սուր արձագանքներից, Փաշինյանին առավելապես զայրացրել էին Սերժ Սարգսյանի պնդումներն ու դիտարակումները 44-օրյա պատերազմի պարտության և 2019 -ի բանակցային գործընթացի վերաբերյալ:

Ինչու եղավ 44-օրյա պատերազմը և արդյոք հնարավոր էր խուսափել դրանից

«Առաջին պատճառը բանակցային գործընթացից խուսափելն էր և ընդհանրապես հրաժարվելը»,- 3-րդ նախագահի համոզմամբ՝ բանակացություններից հրաժարվելուց բացի, Փաշինյանը նաև արեց այնպիսի գործողություններ, որոնք «Ադրբեջանին հնարավորություն տվեցին արդարացնելու պատերազմ սկսելու իր նախաձեռնությունը»: Սարգսյանը նկատի ուներ 2020 -ի Տավուշի մարտերը:

Հուլիսին ադրբեջանական կողմի հարձակումը հետ մղելուց հետո Փաշինյանը Սարդարապատում տասնյակ զինծառայողների պարգևատրեց, հայտարարելով, թե ի չիք դարձրեցին Բաքվի այն պնդումները, թե Ադրբեջանի բանակը 24 ժամում կարող է լուծել Ղարաբաղի հարցը. «Հուլիսյան հաղթական մարտերը ջախջախեցին արդեն շուրջ տասը տարի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կառուցված խոսույթը՝ ապացուցելով, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում և Ադրբեջանը պետք է անխուսափելիորեն որդեգրի կառուցողական մոտեցումներ», - հայտարարել էր վարչապետ Փաշինյանը:

Երրորդ նախագահը ընդգծում է. «Մենք տեսանք, թե Տավուշում իրադարձությունները ինչի բերեցին և պատճառներից մեկն էլ դա է, Ադրբեջանի համար նկատի ունեմ»:

Բանակցություններից հրաժարվելով, և Ադրբեջանին իր քայլերով գրգռելուց բացի, Սերժ Սարգսյանի համոզմամբ, Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու 3-րդ հանգամանքն էլ կար. հայկական բանակի թուլացումը: 2018-ի կեսերից սկսած, նաև 2019 -ին, Սարգսյանի խոսքով, Զինված ուժերում արդեն իսկ նկատելի էին խնդիրներ.

«Ադրբեջանական և թուրքական հետախուզությունները շատ լավ տիրապետում էին մեր բանակում տիրող իրավիճակին, և տեսնում էին, որ մեր բանակի մարտունակությունը բավական ընկել էր: Այս 3 պատճառներն էին, որ սկսվեց պատերազմը», - ասաց Սերժ Սարգսյանը:

Փաշինյանը հակադարձել է Սարգսյանին

Ըստ էության չընդունելով 44-օրյա պատերազմի պատճառների շուրջ Սերժ Սարգսյանի մատնանշած 3 հիմնական հանգամանքները և ռազմական գործողություններից խուսափելու հնարավորությունը, վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հակադարձել է 3 -րդ նախագահին, նշելով որ 44 -օրյա պատերազմը կանխելու համար պետք էր մեկ բան՝ ընդունել, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում, քանի որ, ինչպես վարչապետն է ձևակերպել, «Ղարաբաղի հարցի կարգավորման Հայաստանի պատկերացրած լեգիտիմությունը պետք էր համապատասխանեցնել խնդրի կարգավորման միջազգային լեգիտիմությանը: Իսկ դա գործնականում անելն անհնար էր, քանի որ 90-ակաների սկզբից այդ պատկերացումները իրարից հեռացել էին» :

Նիկոլ Փաշինյանի խոսքով. «Եթե այդ պատկերացումները համապատասխանեցնելը եթե տեսականորն հնարավոր էր, գործնականում անհնար էր, որովհետև մենք առաջին քայլով պետք է ընդունեինք, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում պետք է լինի, ուրիշ որևէ տարբերակ պարզապես չկար: եթե մենք կարծում ենք, որ մենք դա կարող էինք անել 18,19 թվականներին, ուրեմն այո, դա իմ սխալն է, որ ես դա չեմ արել»:

Սերժ Սարգսյանը, մինչդեռ կարծում է, որ Փաշինյանը նախ չի տիրապետել բանակցային գործընթացին, քանի որ միայն փաստաթղթեր ընթերցելով դժվար էր համոզվել, թե դրանք ուր են տանում կողմերին:

Արդեն ավելի ուշ, Սարգսյանը չի բացառում, որ Փաշինյանը 2018 -ի աշնանը Դուշանբեում Ալիևի հետ ինչ-որ պայմանավորվածությունների արդյունքում հրաժարվեց Ղարաբաղյան խնդրի կարգավորման 3 կարևորագույն սկզբունքերից՝ տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորշման և ուժի չկիրառման և ուժի սպառանալիքի բացառման մասին: Առաջ եկավ այսպես կոչված արդարության սկզբունքը:

«Ինձ համար դա շատ մեծ ազդակ էր, որ վտանգը մոտենում է շատ պարզ պատճառով, որովհետև այդ սկզբունքները, որ կային, միջազգայնորեն ճանաչված սկզբունքներ էին, իսկ արդարության սկզբունքը շատ հարաբերական հասկացողություն է. մեզ համար դա կարող էր արդար լինել, մյուս կողմի համար անարդար և հակառակը: Կարծում եմ՝ դա արվել է Ադրբեջանի պահանջով, որովհետև նախկինում միշտ այդպիսի փորձեր եղել են: Բայց այստեղ երևի ինչ-որ առևտուր էր կայացել. այո մենք սրան կհամաձայնենք, դու էլ մի կրակի սահմանի վրա», - հարցազրույցի ընթացքում ասաց Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանն իր ծավալուն հարցազրույցում նաև առանձին անդրադարձ կատարեց 2019 թվականի Ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացին, մասնավորապես, որ թեև այդ ժամանակ բանակցային սեղանին փասատաթուղթ կար, բայց Փաշինյանը տևական ժամանակ դա թաքցնում էր, ըստ Սարգսյանի, գաղտնի պահելով նաև Ղարաբաղի իշխանությոններից:

«Որ Հայաստանի կառավարիչներին համանախագահները նոր փաստաթուղթ են տվել, հանրությունից թաքցվում էր: Մենք տեղեկություններ էինք ստանում, որ կա այդպիսի փաստաթուղթ: Ես, օրինակ, Արցախի ղեկավարությանը ասել եմ, որ կա այդպիսի փաստաթուղթ և խնդրում եմ, գնացեք այդ կառավարչի մոտ, և ասեք, որ թող ձեզ ցույց տան այդ փաստաթուղթը: Իրենք զարմացան, ասեցին՝ ոնց կարող է փաստաթուղթ լինել ու մենք տեղյակ չլինեինք», - հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Այն, որ 2019 -ին համանախագահները կարգավորման առաջարկ են ներկայացրել Հայաստանի վարչապետին, Նիկոլ Փաշինյաը խոստովանեց այս տարվա փետրվարին խորհրդարանում, թեև 2019 -ի դեկետմբերին հակառակն էր պնդում.«Նախ ասեմ, որ քննարկվող փաստաթուղթ սեղանին չկա», - 2019-ին շեշտում էր վարչապետը: Իսկ 2025-ին հայտարարեց. «Բանակցությունների սեղանին միշտ թուղթ է եղել, այդպիսի մի օր չի եղել, որ բանակցությունների սեղանն առանց թղթի լինի, միշտ ինչ-որ թուղթ դրած է եղել»:

Չնայած ընդդիմության պարբերական կոչերին՝ հրապարակել 2019 թվականի հունիսին բանակցային սեղանին դրված, ինչպես նաև հակամարտության կարգավորմանը վերաբերող մյուս բոլոր պաշտոնական առաջարկները, Փաշինյանը շարունակ պնդում է, թե դրանք ցաքուցրիվ են և դեռ պետք է իմի բերվեն.«Մի հատը սառնարանի ոտքի տակից ենք հանում, մի հատը կանդիցիաների մեջից...մի մասն ընդհանրապես մասնավոր, մարդը գալիս մեզ տալիս է»,- ասում էր վարչապետը:

Այսօր արդեն, Նիկոլ Փաշինյանի ստատուսից պարզ դարձավ, որ փաստաթղթերը գրեթե պատրաստ են, սքանավորման փուլում են:

«Հեչ չնեղվես․ բանակցային պատմության առանցքային թղթերը (ներառյալ 2019) դասավորել եմ, հիմա սքան ենք անում ու մինչեւ տարվա վերջ հրապարակելու եմ, արանքներում դնելով նաեւ մի քանի հրապարակային թղթեր։ Նաեւ քո գրած մի նամակ եմ մեջը դնելու, որ չմտածես առ եմ համարում։ Որ զարթնես, Տեր Պետրոսյանի Լևոնին ու Քոչարյանին Ռոբերտին էլ խաբար արա», - ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը:

Մինչ Փաշինյանը կսքանավորի 2019 -ի բանակցային փաստաթղթերը և կուղարկի, Սերժ Սարգսյանը հարցազրույցում հայտարարեց՝ մոտ 8 ամիս առաջ տեսել է դրանք, և համանախագահների առաջարկները լիովին քննարկելի էին հայկական կողմի համար, այդ փասատթուղթը որպես բանակացությունների հիմք հանգիստ կարելի էր օգտագործել, որովհետև այնտեղ պահպանված էին խնդրի կարգավրոման 3 հայտնի սկզբունքները՝ ներառյալ ինքնորոշման իրավունքի մասին: Մի տարբերությամբ, որ Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտության դրույթը հիշատակվում էր ոչ թե որպես առանձին կետ, այլ փաստաթղթի նախաբանում:

Սերժ Սարգսյանի խոսքով.- «Թե ինչու ինքը իրան գժի տեղ դրեց, դա իր խոսքերն են, իմ խոսքերը չեն, կարծում եմ, որ ինքը պատրաստ չէր փոխզիջումների միջոցով գնալ խնդրի լուծմանը, իսկ առանց փոխզիջումների անհնար էր այդ խնդիրը լուծել: Եթե ժողովրդական լեզվով ասեմ՝ ինքն իրեն դրել էր ոչ մի թիզականի տեղ, իսկ ոչ մի թիզականությունը կործանարար է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG