Կընդգրկվի՞ արդյոք Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակում: Լևոն Զուրաբյանն այսօր «Ազատության» այս հարցին կոնկրետ պատասխան չտվեց:
«Գիտե՞ք, եկեք էդպիսի մանր հարցեր չքննարկենք, էստեղ ավելի կարևոր է դաշինքի ստեղծումը, միասնական, համաժողովրդական ճակատի ստեղծումը: Թե էդ դեպքում կոնկրետ ես ինչ դերակատարություն կունենամ, դա երկրորդական հարց է», - ասաց Զուրաբյանը:
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած ուժի վարչապետի թեկնածուն նշում է, որ ընտրություններին մեկ միասնական ճակատով հանդես գալու շուրջ բանակցությունները միլիարդատեր գործարարի քաղաքական ուժի հետ շարունակվում են. - «Մոտեցումները ներկայացվել են, բնականաբար, Սամվել Կարապետյանի թիմին նույնպես: Դե, խոսակցություն է, շարունակվում է, տեսնենք՝ ուր կգանք»:
ՀԱԿ-ի թեկնածուն առաջարկում է համախմբվել և կանխել, իր իսկ ձևակերպմամբ, «խաղաղության անվան տակ Հայաստանի ադրբեջանացման Նիկոլ Փաշինյանի ծրագիրը»:
Այն, ինչ ներկայացնում է Փաշինյանը, Զուրաբյանի համոզմամբ, ոչ թե խաղաղություն է, այլ՝ «նախընտրական զինադադար», որով Ալիևն ընդամենը ուժեղացնում է Փաշինյանի դիրքերը ընտրություններից առաջ, որպեսզի հետո շարունակի Հայաստանը քայքայելու իր քաղաքականությունը:
Փաշինյանն ու թիմակիցները, մինչդեռ, վստահեցնում են՝ Հայաստանում վերջապես խաղաղություն է հաստատվել, իսկ առաջիկա ընտրություններում իրենց հաղթանակի դեպքում այդ խաղաղությունն անշրջելի են դարձնելու:
«Մենք էլ ենք ուզում էդ հաշտությունը, բայց մենք չենք ուզում դա Հայաստանի ինքնության կորստի գնով, Հայաստանի ադրբեջանացման գնով, այսինքն՝ մենք չենք ուզում, որ այսուհետև Հայաստանի ներքին քաղաքական խնդիրները լուծվեն ոչ թե Երևանում կամ Գյումրում կամ Ագարակում, այլ լուծվեն Բաքվում», - հայտարարեց Լևոն Զուրաբյանը:
Ի վերջո, եթե ՀԱԿ-ին չհաջողվի իրենց ծրագրերի շուրջ միավորել քաղաքական դաշտի ուժերին և դաշինք կազմել, ապա, կուսակցության փոխնախագահի խոսքով, իրենք միայնակ կմասնակցեն ընտրություններին:
2021-ին առաջին նախագահի կուսակցությունը միայնակ էր մասնակցել ընտրություններին և հավաքելով ընդամենը 19 հազար ձայն՝ դուրս էր մնացել խորհրդարանից:
«Հայ ազգային կոնգրեսը միայնակ կամ համախմբման մաս կազմելով անպայման մասնակցելու է ընտրություններին», - նշեց Լևոն Զուրաբյանը:
ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին օրերին փաստացի իր աջակցությունն է հայտնում հայաստանյան քաղաքականության մեջ առաջին քայլերն անող Սամվել Կարապետյանին:
Նախ՝ առաջին նախագահը հայտարարեց, որ «պառակտված ընդդիմությանը» միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է», ապա նրան անվանելով «ինքնաբավ և կայացած» գործիչ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը պնդեց, թե միլիարդատեր գործարարն ընդունակ է իր շուրջ համախմբել պրոֆեսիոնալ տնտեսագետներից և տեխնոկրատներից կազմված մի ուժեղ կառավարություն, որի առաջնահերթ խնդիրը կլինի երկրի ամրապնդումը և բնակչության սոցիալական վիճակի բարելավումը։
Ավելին, առաջին նախագահը նաև վստահեցրել էր, թե իր հաղթանակի պարագայում Սամվել Կարապետյանը չի հրաժարվի Հայաստանի և այլ պետությունների միջև կնքված պայմանագրերից, փոխարենը՝ ավելի կամրապնդի նրանց առջև Հայաստանի ստանձնած պարտավորությունները: Թե ինչի վրա է հիմնված այս վտահությունը, ՀԱԿ ղեկավարը չէր մանրամասնել:
Ինչո՞ւ է Տեր-Պետրոսյանը, առաջիկա ընտրություններում ունենալով վարչապետի թեկնածու՝ ի դեմս Լևոն Զուրաբյանի, աջակցում Սամվել Կարապետյանին՝ պնդելով, որ նա կարող է ձևավորվել ուժեղ կառավարություն: Գուցե չի՞ հավատում իրենց թեկնածուի հաղթանակին:
Զուրաբյանն ասում է, թե առաջին նախագահն այս պարագայում հանդես է գալիս վերկուսակցական դիրքերից՝ փորձելով ապահովել ընդդիմության համախմբումը՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար:
«Տեր-Պետրոսյանը, ես արդեն առիթ եղել է, ասել եմ, հանդես գալով Հայաստանի քաղաքական պատրիարխիկ դիրքից, դրսևորելով ավելի շատ վերկուսակցական կեցվածք և մոտեցում՝ նախաձեռնել է նաև հնարավոր համախմբման գործընթացը», - ընդգծեց ՀԱԿ փոխնախագահը:
Քաղաքական ուժերին միավորելու Տեր-Պետրոսյանի առաջարկին Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ից կոնկրետ պատասխան չի հնչել, գործարարի քաղաքական թիմը միայն նշել էր. - «Մեր հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը լիովին գիտակցում է այն պատմական պատասխանատվությունը, որը մենք կրում ենք մեր ազգի առջև։ Հայաստանում շուտով լինելու է նոր, ուժեղ առաջնորդություն»։
Փոխարենը, օրերս Լևոն Տեր-Պետրոսյանը նոր մեկնաբանությամբ է հանդես եկել ՝ զգուշացնելով, որ Արևմուտքը փորձելու է խանգարել Սամվել Կարապետյանի ընտրությանը:
«Փաշինյանի արևմտյան տերերը Սամվել Կարապետյանի հաղթանակը համարելու են Հայաստանում ռուսական ազդեցության վերահաստատումը, ինչն ամենևին չի մտնում իրենց հեռահար հաշիվների մեջ։ Ուստի, նրանք փորձելու են ամեն ինչ անել նման զարգացումը խափանելու ուղղությամբ, անտեսելով այն հանգամանքը, որ սեփական իշխանությունն ընտրելու բացառիկ իրավունքը պատկանում է ժողովրդին», - պնդել է Հայաստանի առաջին նախագահը:
Փաստացի, սակայն, գործարար Սամվել Կարապետյանը չի էլ կարող վարչապետի թեկնածու լինել, քանի որ մի քանի երկրի քաղաքացի է: Նրա թիմը սահմանադրական այս արգելքը մտադիր է հաղթահարել ընտրություններում հաղթելու դեպքում Սահմանադրությունը փոխելու միջոցով: