Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ է ՔԿ-ն Արշակ սրբազանին վերագրվող ինտիմ տեսագրության փորձաքննության եզրակացությունը տրամադրել երրորդ անձի


Ինչո՞ւ է Քննչական կոմիտեն Արշակ արքեպիսկոպոսին վերագրվող ինտիմ տեսագրության փորձաքննության եզրակացությունը տրամադրել երրորդ անձի: Փաստաբանի խոսքով՝ իրենց դեռ չեն ուղարկել, և միայն օրվա վերջում Քննչական կոմիտեն «Ազատությանը» փոխանցեց, որ ուղարկել են Արսեն Բաբայանի էլեկտրոնային փոստին: Արսեն Բաբայանն այս ամենը մարդու իրավունքների խախտում է որակում:

«Ո՞նց է ստացվում, որ Արշակ սրբազանին օրենքով սահմանված կարգով չեք իրազեկում, չեք տալիս իր իրավունքներից օգտվելու հնարավորություն, բայց նախադեպը չունեցող մի երևույթ է իրականացնում, մասնավորապես, ուղարկում եք լրիվ այլ անձի այդ փորձաքննության եզրակացությունը, որ ի՞նչ անի: Դա հո մասնավոր ընկերություն չի, որ փորձաքննություն պատվիրած լինի, դա քրեական վարույթի շրջանակում իրականացվող քննչական վարույթային գործողություններ են», - շեշտում է փաստաբան Արսեն Բաբայանը:

«Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել». վարչապետ Փաշինյանի այս գրառումից ամիսներ անց համացանցում հայտնվեց մի ինտիմ տեսանյութ, որը վերագրվեց Արշակ սրբազանին:

Բարձրաստիճան հոգևորականը շտապեց հերքել՝ «ես չեմ կադրերում», ասաց՝ չի խախտվել իր անձնական կյանքի գաղտնիությունը, բայց Քննչականը քրեական գործ հարուցեց հենց այդ հոդվածով ու մինչև հիմա էլ փորձում է պարզել հենց այդ հարցը: Արշակ սրբազանը հրաժարվել է Քննչական գնալ՝ ծանոթանալու՝ ինչպես ինքն է պնդում՝ «ոչ օբյեկտիվ» եզրակացությանը:

«Սա ընդամենը քաղաքական պատվեր է և՛ իրավապահ համակարգը, և արդարադատության մարմիններն ակնհայտորեն, տեսանելիորեն սպասարկում են քաղաքական իշխանության շահերը», - հայտարարել է Արշակ սրբազանը:

Ինտիմ բնույթի տեսանյութի եզրակացությունը երրորդ անձին փոխանցած Քննչական կոմիտեն հրաժարվել է «Ազատության» հարցին պատասխանել ու հայտնել՝ արդյոք իր քննիչները պարզել են, թե ո՞վ է իրականացրել գաղտնի տեսաձայնագրությունը և ո՞վ է այն տարածել: Արդյոք հեղինակներին գտնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկվե՞լ են: Այս հարցերի պատասխաններն, ի տարբերություն տեսանյութի փորձաքննության արդյունքի, իրավապահները որակել են հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ:

Արշակ սրբազանի փաստաբանի խոսքով. - «Քննչական կոմիտեն ղեկավարվում է դեղին մամուլի կանոններով: Ինչ են անում իրենք. իրենք քննությունը չեն անում օբյեկտիվ, ճշմարտությունը բացահայտելու համար»:

Քննչականն անցած շաբաթ հայտարարել էր, թե ինչու է եզրակացությունն ուղարկել եկեղեցականներին: Վկայակոչել էր օրենքի մի դրույթ, որով եզրակացությունն ուղարկվում է շահագրգիռ կողմին կամ էլ այլ անձի, որի իրավաչափ շահերին առնչվում է փորձաքննությունը: Բաբայանն ընդգծում է՝ այդ կողմը իրենք են, ոչ թե երրորդ՝ այլ անձինք:

Ընդ որում, Մայր Աթոռն արդեն հայտարարել է, որ տեսանյութի հարցով ստեղծված եկեղեցական հանձնախումբը չի դիմել Քննչականին, որ ստանա այդ փաստաթուղթը, իսկ եզրակացությունը ստացած հանձնախմբի առանձին անդամն այն ձեռք է բերել օրենքի ակնհայտ խախտումով, «եզրակացությունն էլ սպառիչ և լիարժեք չէ և չի կարող արժանահավատ հիմք ծառայել»:

Ըստ փորձագետի՝ քաղաքացու անձնական կյանքի իրավունքը խախտվել է

Ինֆորմացիայի ազատության և անձնական տվյալների պաշտպանության մասնագետ Շուշան Դոյդոյանը կարծում է՝ Քննչական կոմիտեն ինքն է խախտել է քաղաքացու անձնական կյանքի իրավունքը:

«Իրավապահ մարմինը փորձագիտական, փորձաքննության արդյունքները ներկայացրել է, ուղարկել է այս գործով չանցնող, գործի հետ որևէ առնչություն չունեցող 3-րդ անձի՝ հավանական խախտում թույլ տալով անձնական կյանքի գաղտնիության իրավունքի», - ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը:

«Ամեն ինչը տարօրինակ է այս վարույթով». փաստաբան

Մայր Աթոռի դիվանապետի փաստաբանն այս բոլոր խնդիրներից հետո պնդում է, որ քննությունը չի իրականացվում արդարադատության հասնելու համար. «Ամեն ինչը տարօրինակ է այս վարույթով, որովհետև ի սկզբե գրվել է այլ նպատակով, այլ սցենարով, այլ մարդու կողմից», - ընդգծում է Արսեն Բաբայանը:

Փաստաբան Արսեն Բաբայանի խոսքով՝ քանի որ Քննչականը անձնական կյանքի գաղտնիության խախտման հոդվածով է քննում գործը, որոշեց պարզել՝ ով է տեսանյութում: Ի վերջո, փորձագետները հաստատեցին՝ ինտիմ կադրերում հենց կուսակրոն հոգևորականն է:

Ընդ որում, փորձագետներն աշխատեցին շատ արագ՝ կես օրում հանգելով այդ եզրակացության. փաստաբանին զարմացրել է այս արագությունը, քանի որ այլ գործերով տեսագրությունների փորձաքննությունները կարող են ձգվել կես և ավելի տարի:

Փաստաբան Արսեն Բաբայանի խոսքով.- «Ստացվել է եզրակցությունը, այն էլ՝ կես օրում, որովհետև առնվազն ժամը 6-ին է աշխատանքը ավարտվում, փորձագետները դժվար դրանից ավել մնային, իսկ ժամը 9-ին է սկսում, մինչև դա մինչև կայացվեր, ուղարկվեր և այլն: Այսինքն՝ նույն օրը նշանակվել է և նույն օրը ստացվել է եզրակացությունը»:

Ըստ Բաբայանի՝ խախտումներից մեկն էլ այն է, որ իրենց պարտավոր էին տեղեկացնել փորձաքննություն սկսելու մասին, իրենք էլ կարող էին իրենց փորձագետին առաջարկել: Ավելին՝ փաստաբանն ինքը կարող էր մասնակցել այդ գործողություններին, հարցեր տալ մասնագետին, բացարկ հայտնել նրան և այլն:

Քննչականից հակադարձում են

Մի կարևոր խնդիր էլ կա, ասում է փաստաբանը. հարցաքննության ժամանակ Արշակ սրբազանը պնդել է, որ գործը քննեն ատելություն, թշնամանք տարածելու, ոչ թե՝ անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու հոդվածով: Ինչո՞ւ է քննիչը շարունակում քննել ու փորձել պարզել՝ չի՞ խախտվել արդյոք բարձրաստիճան հոգևորականի անձնական կյանքի գաղտնիության իրավունքը, եթե սրբազանն ի սկզբանե հակառակն է պնդում: Քննչականից հակադարձում են՝ ինչ հոդվածով հաղորդում են ստացել, այն հոդվածով էլ նախաձեռնել են վարույթը, իսկ ատելություն, թշնամանք տարածելու մասին կասկածներ իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանի հաղորդման մեջ քննիչը չի տեսել:

XS
SM
MD
LG