Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ է Ֆրանսիան գլխավոր հյուպատոսության փոխարեն Սյունիքում պատվո հյուպատոսի գրասենյակ բացում


Կարմեն Ափունցը՝ Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոս

Երկուշաբթի Գորիսի կենտրոնում՝ քաղաքապետարանին կից շենքում, կբացվի Հայաստանում Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը: Պատվո հյուպատոսը ազգությամբ հայ է՝
Կարմեն Ափունցը:

Նա Գորիսի Ֆրանկոֆոնիայի կենտրոնի տնօրենն է: Թե ինչո՞ւ է պաշտոնական Փարիզը որոշել Սյունիքում գլխավոր հյուպատոսության փոխարեն բացել պատվո հյուպատոսարան, դեռևս պարզ չէ: Իրանը Կապանում դեռևս 2022-ին բացեց հենց գլխավոր հյուպատոսություն:

Պատվո հյուպատոսի գրասենյակը գլխավոր հյուպատոսությունից շատ ավելի ցածր կարգավիճակ ունի և որպես կանոն քաղաքական գործառույթներ ու անձեռնմխելիություն չունի: Պատվո հյուպատոսի գրասենյակը հիմնականում հումանիտար, մշակութային գործառույթներ ունի և կարող է որոշ դեպքերում մատուցել հյուպատոսական ծառայություններ, բայց դա արդեն նշանակող երկրի որոշմամբ:

Այն, որ Ֆրանսիան մտադիր է Սյունիքում հյուպատոսություն բացել, դեռևս 2023 ին հայտարարել էր այդ երկրի արտգործնախարարը: «Ֆիգարոն», անդրադառնալով Փարիզի այս որոշմանը, այն ժամանակ գրել էր, թե Ֆրանսիան ցանկանում է կանխել Ադրբեջանի հարձակումը Հայաստանի հարավի վրա, և Բաքվին այդ քայլից ետ պահելու և Երևանին իր աջակցությունը ցույց տալու համար է արտգործնախարար Կոլոնան հայտարարել Սյունիքում հյուպատոսություն բացելու մասին:

Օրերս Հայաստան կատարած այցի ընթացքում Ֆրանիսայի արդեն ներկայիս արտգործնախարար Ժան-Նոել Բարոն խոսել էր Գորիսում Ֆրանսիայի հյուպատոսական գործակալություն բացելու մասին: Հյուպատոսական գործակալությունը դարձյալ ավելի բարձր կարգավիճակ ունի, քան պատվո հյուպատոսի գրասենյակը:

«Շատ կարևոր է և դրական ազդեցություն կունենա ընդհանուր միջավայրի վրա»

Իշխանական պատգամավոր, խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում չանդրադաձավ հարցին, թե ինչու է որոշվել ի վերջո գլխավոր հյուպատոսության փոխարեն բացել պատվո հյուպատոսի գրասենյակ: Բայց վստահեցրեց՝ այն կարևոր ազդեցություն կունենա Սյունիքի համար:

Խաչատրյանը նշեց, որ Սյունիքում հյուպատոսություն բացելու շուրջ քննարկումները ֆրանսիական կողմի հետ սկսվել էին 2022-ի սեպտեմբերից հետո, երբ ադրեջանական զինուժը հարձակվեց Սյունիքի վրա:

«Այդ ժամանակահատվածից սկսած այդ խոսակցությունները, բանակցությունները ընթանում են, որ Ֆրանսիան ունենա հյուպատոսարան Գորիս քաղաքում, որը շատ կարևոր է և դրական ազդեցություն կունենա ընդհանուր միջավայրի վրա», - ասաց ՔՊ-ական պատգամավորը:

Սյունիքում, մասնավորապես Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու մտադրության մասին տարիներ շարունակ խոսում է Ռուսաստանը, սակայն Մոսկվայի այդ ցանկությունն այդպես էլ իրականություն չի դառնում: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անցած շաբաթ Երևանում ասել էր, որ Հայաստանի արտաքաին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի հետ մանրամասն քննարկել են Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը, հավելելով, որ նախապատրաստական աշխատանքներն ընթանում են:

Թե ինչու Կապանում այդպես էլ չի բացվում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան Լավրովի Հայաստան կատարած այցից հետո հորդորեց այդ հարցը տալ հայկական կողմին: Զախարովան ակնարկել էր, որ խնդրի լուծումը պետք է փնտրել Երևանում. «Այդ հարցը մանրամասն քննարկվել է բանակցությունների ընթացքում, մեզ պետք չէ համոզել այդ կառույցի գործունեության անհրաժեշտությունը: Առայժմ Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը բացակայում է, թե ինչո՞ւ, պետք է ճշտել հայկական կողմից»:

Հայաստանի արտգործնախարարությունն առայժմ չի արձագանքել Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակի այս հայտարարությանը։

Սյունիքով այսպիսի հետաքրքրվածությունը պայմանավորված է նրա աշխարհագրական դիրքով. պատգամավոր

«Ռուսական կողմի նախաձեռնությունը և ՀՀ իշխանություններին իրենց մտադրության մասին տեղեկատվության փոխանցումը, կարծում եմ, շատ ավելի վաղ է եղել, քան ֆրանսիական առաջարկը», - լրագրողներին ասել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Նրա համոզմամբ՝ ակնհայտ է, որ Հայաստանը տարբերակված մոտեցում է ցուցաբերում հյուպատոսություն բացելու Ռուսաստանի առաջարկի վերաբերյալ. «Հայաստանի իշխանությունները տարբեր իրավիճակներում կոնկրետ ունեն իրենց վերաբերմունքը, որը արտահայտվում է և նաև արտահայտվում է ռուսական հյուպատոսության աշխատանքների անընդհատ ձգձգվելու առումով»։

Հանրապետական պատգամավորի համոզմամբ՝ ակնհայտ է, որ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների այսօրինակ հետաքրքրվածությունը Սյունիքով պայմանավորված է նրա աշխարհագրական դիրքով և Իրանի հետ հարևանության հանգամանքով, և երկրներից յուրաքանչյուրը փորձում է հնարավորինս իր համար վերահսկելի դարձնել Սյունիքը։

Տիգրան Աբրահամյանն ասում է, որ այս իրավիճակում, երբ աշխարհաքաղաքական որևէ կենտրոն կամ որոշ դերակատարներ տեսնեն, որ գործընթացը գնում է ոչ իրենց համար ցանկալի ուղղությամբ, միգուցե նաև փորձեն հրահրումներ կազմակերպել Սյունիքում։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG