Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ է բժիշկների մի մասի աշխատավարձն առողջական ապահովագրության ներդրումից հետո նվազել. նախարարը բացատրում է

«Ինչո՞ւ է բժիշկների մի մասի աշխատավարձն առողջական ապահովագրության ներդրումից հետո նվազել»,- առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից այսօր հետաքրքրվեցին լրագրողները:

Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ համընդհանուր ապահովագրության ներդրման առաջին փուլը դիտարկվել է որպես ադապտացիոն, և բժիշկներից շատերն իրենց աշխատանքի հաշվետվությունը ներկայացնելու հարցում դժվարություններ են ունեցել.

«Բժիշկներ ունեինք, որ իրականացրել էին խորհրդատվություններ, բայց մուտքագրումներ չէին արել «Արմեդ» համակարգում, իսկ մեր համակարգը այնպիսին է, որ փոխհատուցումը իրականացվում է միայն «Արմեդ»-ում լրացված ծառայության դիմաց»,- նշում է նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը, ով վերջերս մի խումբ դժգոհ բժիշկների հետ «Հայաստան» դաշինքի հրավերով խորհրդարան էր գնացել, «Ազատության» հետ զրույցում ասաց՝ իրենք այդ օրն էլ են հայտարարել՝ բժիշկները չեն թերացել.

«Երկար ժամանակ նախարարությունը համապատասխան կոդերը չէր տրամադրել բժիշկներին, և նրանք իրենց աշխատանքը չէին կարողանում մուտք անել: Այնուհետև մուտք անելուց հետո տեսան, որ գումարը մեծանում է, փորձեցին շատ տեղեր բժիշկներին հանձնարարել, որ իրենց մուտք արածը նորից ջնջեն»,- ասաց «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը:

Առողջապահության նախարարի խոսքով՝ փետրվարին արդեն, այս բացը լրացվել է. բժիշկներն «Արմեդ» համակարգում ավելացրել են նախորդ ամսվա չմուտքագրված կոնսուլտացիաների թվերն ու դրանից հետո աշխատավարձերը բարձրացել են: Ոլորտի ղեկավարը նախորդ ամիս աշխատավարձերի աճի դրական դինամիկա է արձանագրել:

Նախարարի խոսքով.- «Ունենք ուղղություններ, որտեղ այս աճը շատ ավելի մեծ է, ունենք ուղղություններ, որ այս աճը կազմում է 10, 20 տոկոս, ունենք տեղեր, երբ եռապատկվել է բժիշկների աշխատավարձը, և սա շատ կարևոր է։ Այո, կան որոշակի մասնագիտություններ, որի զբաղվածության և ծառայությունների ծավալի անկում կա: Երբ մենք անցանք ոչ թե ֆիքսված աշխատավարձի, այլ իրականացրած խորհրդատվություն և դրա դիմաց փոխհատուցում, տեսնում ենք, որ ծավալի զբաղվածության շատ մեծ խզում կա: Բոլոր այս ուղղությունների մասով էլ անհատական լուծումներ ունենալու ենք, որոշների մասով արդեն իսկ ունենք, որոշների մասով քննարկման փուլում ենք»:

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը, որը շարունակում է ուսումնասիրել և բարձրաձայնել բժիշկների աշխատավարձերի խնդիրները, ասում է՝ նույնիսկ աշխատավարձի բարձրացումների դեպքում դրանք հիմնականում չեն համապատասխանում բժիշկների ծանրաբեռնվածությանը։ Ըստ նրա՝ որոշ նեղ մասնագետներ այսօր էլ շարունակում են ցածր աշխատավարձ ստանալ, օրինակ՝ վարակաբաններն ու տուբերկուլյոզի բուժմամբ զբաղվող մասնագետները.

«Բարկացած են նեղ մասնագետները: Նախարարը հայտարարեց, օրինակ, որ ինֆեկցիոնիստները և ֆթիզիատրները պետք է վերանայեն իրենց մասնագիտությունը, սակայն բավականին կոպիտ արձագանքներից հետո, որովհետև ֆթիզիատրիան ամբողջ աշխարհում շատ կարևոր է, և այս բժիշկներին վճարում են ոչ թե հիվանդների թվով, այլ հիվանդներ չունենալու համար։ Ճիշտ աշխատանքի արդյունքում մենք չպիտի ունենանք տուբերկուլյոզով և այլ ինֆեկցիոն հիվանդություններով հիվանդներ: Նախարարը հայտարարեց, որ նրանց խնդիրները վերանայվելու են, այս պահին նրանց աշխատավարձերը կոմպենսացնում են հիվանդանոցների տնօրենները իրենց խնայողությունների հաշվին, մինչև հասկանան՝ ինչպես են այս ապահովագրության մեջ կարգավորելու նրանց աշխատավարձերը»,- ասում է «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահը:

Ըստ Անուշ Պողոսյանի՝ բավականին բարձր աշխատավարձ են ստանում հիմնականում թանկարժեք վիրահատութուններ անող բժիշկները: Պողոսյանը պնդում է՝ իրենց բարձրաձայնած խնդիրների մի մասին նախարարությունը լուծումներ տվել է: Նախարար Ավանեսյանն էլ վստահեցնում է՝ նեղ մասնագետները պետք է վերապրոֆիլավորվեն:

«Մեր բուժաշխատողները հնարավորություն են ունենալու վերապրոֆիլավորվելու շատ ավելի եկամտաբեր, շատ ավելի բարձր աշխատավարձ ենթադրող ուղղություններով: Բայց նաև այս ծառայությունները շարունակելու են տրամադրել և պիտի գտնենք լուծումներ, ոնց ենք իրենց զբաղվածությունը ապահովում և դրա դիմաց փոխհատուցումը բարձրացնում։ Գյուղական ԲԿ-ների, բուժքույրերի աշխատավարձերի շարունակական աճը և դպրոցներում աշխատող մեր բուժքույրերինը նախորդ տարի որոշակի վերանայումներ արել ենք, բայց մեզ չի գոհացնում նրանց աշխատավարձի չափերն այս պահին»,- ասել է Առողջապահության նախարարը:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG