«Արբատ» ջոկատի անունը Հայաստանում շրջանառվում էր իշխանությունը յուրացնելու նախապատրաստության գործի մասին իրավապահների հաղորդագրություններում: Այս ջոկատի հայազգի հիմնադիր Արմեն Սարկիսյանը երեկ սպանվեց Կրեմլից ընդամենը 12 կմ հեռավորության վրա տեղի ունեցած պայթյունից:
«Հայկական գումարտակը» կամ «ԱրԲատ»-ը 46-ամյա Սարկիսյանը հիմնել էր Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո, ջոկատը 2022 թվականին կռվել է ուկրաինական զինուժի դեմ: Սարկիսյանը հետախուզվում էր ուկրաինական իշխանությունների կողմից, մեղադրվում «ապօրինի զինված խմբավորումներին կամավոր մասնակցելու և Ռուսաստանին օգնելու» մեջ։ Նա նաև միջազգային հետախուզման մեջ էր Կիևի կենտրոնում սպանություններ կազմակերպելու համար։
Իսկ ի՞նչ է հայտնի Հայաստանում հարուցված այն քրեական գործից, որում հիշատակվում էր Սարկիսյանի հիմնած «Արբատ»-ը:
Անցած սեպտեմբերին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդեց, թե բացահայտել է Հայաստանում իշխանությունը յուրացնելու նախապատրաստության փորձ: Ըստ իրավապահ կառույցի՝ հանցավոր խմբի անդամները հեղաշրջման նախապատրաստման համար հավաքագրված անձանց տեղակայել են «Արբատ» կոչվող ռազմաբազայում, որը կապված է «Արբատ» գումարտակի հետ։
«Ազատություն»-ը փորձել է հասկանալ, թե ինչ փուլում է գտնվում քրեական վարույթը:
Այս պահին հայտնի է, որ հարուցումից ավելի քան կես տարի անց գործը դատարան չի հասել, Քննչականից հայտնեցին՝ դեռ նախաքննություն է ընթանում:
Քննչական կոմիտեն նախկինում հաղորդել էր, թե մեղադրանք է առաջադրվել 7 քաղաքացու, 3-ը կալանավորված են, 4-ը՝ հետախուզման մեջ։ Իրավապահ կառույցը մեղադրյալներից ոչ մեկի ինքնությունը չի բացահայտում, չի պարզաբանում՝ գտե՞լ են արդյոք հետախուզվողներին:
«Ազատությանը», սակայն, հայտնի է դարձել, որ կալանավորվածների շարքում են «Սև հովազ» ռազմահայրենասիրական կազմակերպության նախագահ Սերոբ Գասպարյանն և անդամ Երջանիկ Սիմոնյանը:
Բանտում գտնվող Երջանիկ Սիմոնյանի փաստաբան Արտակ Հախինյանը պնդեց՝ իր պաշտպանյալը որևէ կապ չունի «Արբատ» գումարտակի հետ, չի ընդունում նաև առաջադրված մեղադրանքը, թե փորձել է Հայաստանում իշխանությունը յուրացնել: Թե՛ Երջանիկ Սիմոնյանի, թե՛ Սերոբ Գասպարյանի կալանքը երկարաձգվել է, հայտնեց Գասպարյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
«Սերոբ Գասպարյանի գործը մնացել է ճիշտ այն կետում, որով նախաձեռնվել է, այսինքն՝ մեկ-երկու անձանց կարծիքի հիման վրա շարունակվում է ապօրինի կալանքը, ներկայումս կալանավորման ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով, մինչդատական վարույթի փուլում ենք: Սակայն ապացուցողական զանգվածը կարծիքներից և տպավորություններից այն կողմ առաջ չի գնացել, այսինքն՝ մի կողմից վկաները հստակ հաստատում են, որ Սերոբ Գասպարյանն առնչություն չունի իրենց մեղսագրված արարքին, սակայն թեթև կարծիք, ակնարկ են հայտնում, որ հնարավոր է և առնչություն ունենա, և այդ «հնարավոր է»-ների տիրույթում արդեն պարոն Գասպարյանը, ստացվում է, սեպտեմբերի ամսվանից ապօրինի գտնվում է անազատության մեջ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կոչուբաևը:
Գասպարյանը ևս չի ընդունում մեղադրանքը, թե նախագահականը, Կառավարության ու խորհրդարանի շենքերը բռնի ուժով գրավելու մտադրություն է ունեցել, նա ևս հերքում է իր կապն «Արբատ»ի հետ:
«Դա ընդամենը տպավորություններ ստեղծելու համար էր, այնքան անիմաստ ու անտրամաբանական, ինչ-որ տպավորություն ստեղծելու համար է, որ Հայաստանում իշխանությունների դեմ ոտնձգություններ կան, նախապատրաստվում են, և այլն», - պնդեց փաստաբանը:
Ալեքսանդր Կոչուբաևն ասաց՝ նախաքննական գաղտնիքի պատճառով շատ բան չի կարող հայտնել, հանգամանքներն, ըստ նրա, կբացահայտվեն, երբ գործը դատարան մտնի:
Մինչ այդ, այս գործի մասին Քննչական կոմիտեի վերջին հաղորդագրության համաձայն՝ մեղադրյալները 2024-ի ընթացքում հավաքագրել են Հայաստանի ու Արցախի մի շարք բնակիչների և յուրաքանչյուրին ամսական շուրջ 220 հազար ռուսական ռուբլի վճարի դիմաց նրանց փոխադրել Ռուսաստան՝ այնտեղ եռամսյա հավաքներ անցնելու և դրանց ընթացքում նոր ծանր զինատեսակներին ծանոթանալու, դրանց կիրառումը սովորելու, ապա Հայաստան վերադառնալուց հետո այդ գիտելիքներն այլ անձանց փոխանցելու, մարտական հերթապահություն իրականացնելու համար։
Նախնական ստուգումից հետո, ըստ քննիչների, նրանք տեղակայվել են «Արբատ» անվանումով ռազմաբազայում, ինչից հետո նրանց հետ անցկացրել են փակ տարածքում՝ շենքի ներսում, մարտ վարելու պարապմունքներ։