Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ խոսակցությունները զարգանում են աննախադեպ արագությամբ, մինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է կատարել հակամարտությունը դադարեցնելու իր նախընտրական խոստումը:
Բայց չնայած դիվանագիտական նման թափին, վերլուծաբաններն ասում են, որ հրադադարի ու առավել ևս խաղաղության համաձայնագրի հեռանկարը դեռևս շատ մշուշոտ է, և արդեն երեք տարի շարունակվող պատերազմը, կարծես, դեռ կշարունակվի:
«Գետնի վրա տիրող իրավիճակի և քաղաքական դիսկուրսի միջև հսկայական անդունդ կա», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է Բեռլինի Միջազգային և անվտանգության հարցերի գերմանական ինստիտուտի ռուս փորձագետ Յանիս Կուլգեն, հավելելով՝ «երբ մենք լսում ենք հրադադարի, խաղաղապահների և նույնիսկ կարգավորման մասին՝ այդ բոլորն իրականությունից դեռ շատ հեռու են»:
Տեղում ռուսական և ուկրաինական ուժերի միջև շարունակվում է դաժան, ռեսուրսները մաշեցնող պատերազմը՝ քիչ տարածքային ձեռքբերումներով և մեծ զոհերով:
Ըստ Վաշինգտոնում գործող Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի, ռուսական ուժերը վերջին օրերին փոքր առաջխաղացումներ են ունեցել Ռուսաստանի Կուրսկի շրջանում, որտեղ ուկրաինական ուժերը փոքր հատված են գրավել 2024 թվականի օգոստոսին և մինչ օրս շարունակում են պահպանել վերահսկողությունը գրավված որոշ տարածքների նկատմամբ: Ուկրաինացի զինվորականները նաև հայտնել են ռուսական նոր հարձակումների մասին ռազմաճակատի երկայնքով՝ բոլոր ուղղություններով։
«Ռազմի դաշտում իրավիճակը սկզբունքորեն չի փոխվել․ Մոսկվան շարունակում է համեմատաբար ամուր դիրքերում գտնվել», - ասել է Բեռլինի Միջազգային և անվտանգության հարցերի գերմանական ինստիտուտի փորձագետը՝ հավելելով․ - «Ռուսաստանն առաջ է շարժվում, թեև շատ դանդաղ և մեծ գնով»:
Ինչպիսի՞ն է իրավիճակը առաջնագծում
Պատերազմի սկզբնական շրջաններում ռուսական կամ ուկրաինական ուժերը կարողանում էին համեմատաբար մեծ տարածքներ գրավել, սակայն այժմ պատերազմը հիմնականում վերածվել է ծանր հրետանու և անօդաչու թռչող սարքերի օգնությամբ դիմակայության, որը հանգեցնում է մեծ կորուստների: Ռուսական ուժերը ներկայումս վերահսկում են Ուկրաինայի տարածքի մոտ 20 տոկոսը։ Ռուսաստանը բռնակցել է Ուկրաինայի Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանները, չնայած Կիևը վերահսկում է այդ շրջանների որոշ հատվածներ:
Ուկրաինական ուժերը ներկայումս ավելի քան 1500 կիլոմետր երկարությամբ առաջնագիծ են պահում, ինչպես նաև մոտ 400 քառակուսի կիլոմետր՝ Ռուսաստանի Կուրսկի շրջանում։
Ռուսական ուժերը վերջին տարվա ընթացքում ռազմադաշտում առավելություն են պահպանել՝ հիմնականում վերահսկելով մարտերի տեմպը։ Նրանք փորձել են նոր ձեռքբերումներ ունենալ կառավարվող օդային ռումբերի և պայթուցիկով լիցքավորված ու օպտիկամանրաթելային մալուխների միջոցով կառավարվող անօդաչու թռչող սարքերի օգտագործման շնորհիվ։
Սակայն այդ ոչ մեծ տարածքային ձեռքբերումները Ռուսաստանն ունեցել է մեծ գնով:
Ջորջ Բարրոսը, ով ղեկավարում է Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի՝ մարտադաշտում տեղի ունեցող զարգացումներին հետևող թիմը, ասում է, որ Ռուսաստանի գործողությունները գետնի վրա զգալիորեն դանդաղել են, հատկապես երբ նրանք անցած տարվա փետրվարին գրավեցին արևելյան Ավդիիվկա քաղաքը:
«Դրանից ի վեր՝ Ռուսաստանին չի հաջողվել շատ առաջ տանել իրենց առաջնագիծը», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է նա՝ հավելելով․ - «Այդ առաջխաղացումը տեղի է ունենում զինվորների և տեխնիկայի ապշեցուցիչ կորուստներով»:
Ռազմի դաշտում ճշգրիտ կորուստները դժվար է պարզել, բայց 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր, Ուկրաինան մարտերում կորցրել է 46 հազար զինվոր, իսկ 380 հազարը վիրավորվել է, ասել է Զելենսկին վերջին ելույթի ժամանակ։ Բազմաթիվ փորձագետներ կարծում են, որ ընդհանուր թիվն ավելի մեծ է։
Պատերազմի սկզբից ի վեր ռուսական կողմի զոհերի թիվը գնահատվում է 600 հազարից մինչև 750 հազար սպանված կամ վիրավոր։ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի գնահատումներով էլ՝ Մոսկվայի կորուստները կարող են հասնել ամսական 25-ից 30 հազարի։
Ռուսական բանակի խոշոր չափը, սակայն, թույլ է տալիս այդ կորուստները, մյուս կողմից՝ Մոսկվան Կուրսկի շրջանում ռազմական գործողություններում ներգրավել է նաև հազարավոր զինվորների Հյուսիսային Կորեայից։
Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի գնահատականներով՝ անցած տարի Մոսկվան նաև ավելի քան 1400 տանկ է կորցրել, սակայն դեռ կարողանում է պահպանել իր ռազմական ջանքերը խորհրդային ժամանակաշրջանի պաշարների և ներքին արտադրության շնորհիվ:
«Չնայած այն հանգամանքին, որ նրանք պահպանում են շատ զգալի առավելություն նյութական և ընդհանուր անձնակազմի առումով, նրանք դեռ չեն կարողացել այդ առավելությունը վերածել մեծ ձեռքբերումների մարտի դաշտում», - ասել է Քարնեգիի միջազգային խաղաղության հիմնադրամի ռուսական զինուժն ուսումնասիրող փորձագետ Մայքլ Քոֆմանը պատերազմի երրորդ տարելիցին նվիրված քննարկման ժամանակ:
Ուկրաինայի խոցելի կետերն են մարդուժի պակասը, ինչպես նաև արևմտյան ռազմական օգնության անորոշ վիճակը, հատկապես՝ Դոնալդ Թրամփի պաշտոնամուտից հետո:
Եթե պատերազմը շարունակվի, իսկ ԱՄՆ ռազմական օգնությունը դադարեցվի, դա Ուկրաինայի համար ռազմի դաշտում մեծ մարտահրավեր է լինելու։
Գերմանական Կիլի Համաշխարհային տնտեսության ինստիտուտի տվյալների համաձայն՝ եվրոպական կառավարությունները, այդ թվում՝ ԵՄ անդամ չհանդիսացող Մեծ Բրիտանիան և Նորվեգիան, մինչև 2024 թվականի վերջը միասնաբար տրամադրել են գրեթե 64 միլիարդ դոլարի ռազմական օգնություն՝ նույն ժամանակահատվածում ԱՄՆ-ի տրամադրած 66 միլիարդ դոլարի դիմաց:
Բեռլինի Գլոբալ հանրային քաղաքականության ինստիտուտի գիտաշխատող Ջուլիա Ֆրիդրիխը միաժամանակ ասում է՝ Եվրոպայի ռազմարդյունաբերությունն ակտիվացնելու համար ժամանակ կպահանջվի, հնարավոր է՝ նույնիսկ տարիներ:
«Մենք, անկասկած, ականատես ենք անջրպետի՝ ուկրաինացիների կարիքների և եվրոպացիների հնարավորությունների միջև», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է նա՝ հավելելով․ - «Հույս կա, որ ուկրաինական արտադրության մեջ ներդրումները կօգնեն, բայց դրա համար ևս միջոցներ պետք է հայթայթվեն, ինչը նույնպես ժամանակ է պահանջում»։
Թե որքան արագ եվրոպական երկրների կառավարությունները կկարողանան կամրջել այդ բացը կամ ընդհանրապես կկարողանան դա անել, թե ոչ՝ դեռ պետք է տեսնենք։ Դրա վրա կազդի նաև այն, թե որքան հաջող և արագ կընթանան պատերազմը վերջ տալու շուրջ դիվանագիտական բանակցությունները: Այդ ընթացքում պատերազմը հավանաբար կշարունակվի:
«Ռուս բանակցողները փորձառու են և նպատակ կունենան ստանալ այն ամենը, ինչ կարող են»,- ասել է Ֆրիդրիխը՝ հավելելով․ - «Մոսկվան ամեն ինչ ներդրել է այս պատերազմի մեջ, ուստի Ռուսաստանին կանգնեցնելու համար կպահանջվի ավելին, քան ընկերական հեռախոսազանգն ու հանդիպումը»: