Մատչելիության հղումներ

Ի վերջո, ո՞վ կդատի Վեհափառին

Վճռաբեկ դատարանի քրեական պալատն առաջիկա հինգ օրերին կորոշի՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի ու վեց եպիսկոպոսների քրեական գործը Երևանում, թե՞ Էջմիածնում պիտի քննվի:

Երեկ հայտնի դարձավ, որ մեղադրյալի կարգավիճակ ստացած Գարեգին Բ-ին առնչվող քրեական գործը դատավորները շարունակում են ձեռքից ձեռք փոխանցել:

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ վարույթի տարածքային ընդդատության հարցը վճռելու համար:

«Դատավորը չի հրաժարվում, ուղղակի համաձայն չէ»

Կաթողիկոսի փաստաբան Արա Զոհրաբյանի տեղեկացմամբ՝ այս խնդիրը ծագել է, քանի որ նախաքննական մարմինը պիտի արարքի կատարման վայրը պարզեր ու արձանագրեր նյութերում, այսինքն՝ թե որտեղ է Ամենայն Հայոց կաթողիկոսը որոշում կայացրել կարգալույծ հռչակել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին: Փաստաբանը հայտնեց, որ միջնորդություն ու ապացույց էին ներկայացրել Երևանի դատարան, որ կարգալուծության որոշումն Էջմիածնում է եղել, այսինքն՝ գործը այդտեղ պիտի քննվի:

Արա Զոհրաբյանը
Արա Զոհրաբյանը

«Նա այս քայլով ուղղակի արձանագրում է, որ համաձայն չէ, որ ինքը պիտի քննի այս գործը»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Արա Զոհրաբյանը:

Փաստաբանը չի կարծում, որ գործը Վճռաբեկ ուղարկելով՝ հերթական դատավորն է հրաժարվում դատել Վեհափառին:

Հուլիսի 27-ին է Ամենայն Հայոց կաթողիկոսի ու վեց եպիսկոպոսների գործը դատարան մտել: Արմավիրի դատավորներից Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց, գործը մակագրվեց Սերժ Ռուշանյանին, նա էլ գործը Երևան ուղարկեց: Գարեգին Երկրորդն ու վեց բարձրաստիճան հոգևորականները մեղադրվում են դատական ակտը չկատարելու համար: Կաթողիկոսը պաշտոնանկ էր արել Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, իսկ դատարանը պարտավորեցրել էր վերականգնել հոգևորականին իր պաշտոնում: Մայր Աթոռը, սակայն, չվերականգնեց ու կարգալույծ արեց նրան՝ հայտարարելով, որ այս հարցերը դատարանի տիրույթում չեն, սա միջամտություն է եկեղեցու ինքնավարությանը:

«Պիտի կտրատենք քեզ». միակ տուժողը սպառնալիքներ է ստանում ու հավատում արդարադատությանը

Գևորգ Սարոյանը՝ դատարանում
Գևորգ Սարոյանը՝ դատարանում

Քրեական այս պատմության միակ տուժողը՝ Մասյացոտնի թեմի պաշտոնից հեռացված ու կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոս Սարոյանը (աշխարհիկ անունը Արման Սարոյան), չի կարծում, որ դատավորները խուսափում են քննել այս գործը, ասաց. «Ինչի պիտի մտածում, որ հրաժարվում են, խուսափում, ես հավատում եմ արդարադատությանը»:

Սարոյանը մտադիր է առաջիկա նիստում միջնորդել, որ քննությունն իրականացվի դռնփակ՝ առանց «եկեղեցու փաստացի պետի աջակիցների»: Նա տեսագրություն ունի, որում վերջին նիստից առաջ դատարանի բակում մի կին փորձում է հարվածել իրեն, ոստիկանները կանխում են, բայց կինը հաջողացնում է թքել կարգալույծ հոգևորականի ուղղությամբ: Սարոյանի պնդմամբ՝ անընդհատ սպառնալիքներ է ստանում՝ «չենք թողնելու դատարան հասնես, պիտի կտրատենք քեզ»:

Եթե, ի վերջո, սկսվի Ամենայն Հայոց կաթողիկոսի ու վեց եպիսկոպոսների գործով դատավարության բովանդակային փուլը, Մայր Աթոռի վերնախավին դատարան հասցրած Սարոյանը բացահայտումներ է խոստանում, որոնք, սակայն, ըստ նրա՝ պիտի դռնփակ նիստում հնչեն:

Եթե դատարանը հաստատի բարձրաստիճան հոգևորականների մեղադրանքը, ապա նրանց սպառնում է առավելագույնը երկու տարվա ազատազրկում: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդը կանգնում է դատարանի առաջ:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG