Եթե Հայաստանը մինչև 2025-ի ավարտը ՀԱՊԿ բյուջե չվճարի իր բաժին ֆինանսավորումը, ապա կազմակերպության անդամ երկրները «կարող են տարբեր սցենարներ դիտարկել», «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը՝ միևնույն ժամանակ շեշտելով՝ «բայց, հավանաբար, ՀԱՊԿ-ից ոչ ոք նրան չի վտարի»։
Իսկ, թե ինչ այլ սցենարների մասին է խոսքը, Ռուսաստանի փոխարտգործնախարարը չի մանրամասնել։ Նա միայն այլ երկրների օրինակն է բերել՝ նշելով, որ «եղել են դեպքեր, երբ այլ երկրներ տեխնիկական, ֆինանսական և այլ պատճառներով պարտքեր են ունեցել»։
Հայաստանը 2024-ի փետրվարին հայտարարեց, որ սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին, ապա հրաժարվեց իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին, տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին, բայց պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար։
Երևանը խստորեն քննադատում է ՀԱՊԿ-ին հատկապես 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժումից հետո, երբ այդ կառույցը ոչ միայն չպաշտպանեց իր անդամին, այլև նույնիսկ պատշաճ չարձագանքեց Ադրբեջանի ագրեսիային։
2024-ի սեպտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար՝ հավելելով՝ դրա համար է Երևանը սառեցրել իր անդամակցությունն այդ կառույցում։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ հոկտեմբերին Վարշավայում, անվտանգության միջազգային ֆորումի ժամանակ, ասաց, որ Երևանը հաշվարկում է ՀԱՊԿ-ից դուրս գալու բոլոր ռիսկերը։