Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զարմանում է՝ ինչ խնդիր կա, որ Ազգային անվտանգության ծառայությունից իշխանական կայքեր ու էջեր են արտահոսել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կադրերն օդանավակայանից: Փաշինյանի պատկերացմամբ՝ մարդկանց մասին անձնական տեղեկությունների տիրապետող ԱԱԾ աշխատակիցը ինչ կուզի՝ կանի:
«ԱԱԾ աշխատակիցը կարա որոշի ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի, ի՞նչ պրոբլեմ կա էստեղ։ Այսինքն՝ իրա տիրապետած ինֆորմացիան ա՝ կուզի կարտահոսի, կուզի չի արտահոսի: Ի՞նչ խնդիր կա էդտեղ»,- այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը խոսելով այս մոտեցման մասին, ասաց.- «Բանալի բառն «ինչ կուզի՝ կանի»։ Սա Փաշինյանի պատկերացումն է պետության մասին: «Ինչ կուզի՝ կանի» տարբերակը չի վերաբերում պետությանը, դա ավելի շատ երևի վերաբերում են պետությունից դուրս փողոցային պատկերացումներին»։
Իսկ ո՞ւր մնացին Սահմանադրությունն ու օրենքները, որոնցով ամրագրվել են քաղաքացու իրավունքները: Փաշինյանին է դիմում իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: Անձնական տվյալների պաշտպանությունը Սահմանադրության պահանջն է ու այդ նույն Սահմանադրությամբ է որոշված՝ քաղաքացու անձնական տվյալները մշակվում են օրենքով սահմանված նպատակով, հիմքերով, շեշտում է իրավապաշտպանը:
«Մենք ունենք Սահմանադրություն, մենք ունենք օրենքներ, որոնք պաշտպանում են քաղաքացուն, քաղաքացու անձնական կյանքը, և ԱԱԾ կամայական աշխատակիցը նման որոշման վճիռներ կայացնելու իրավունք չունի, օժտված չէ այդպիսի իրավունքներով»,- ընդգծում է իրավապաշտպանը։
Ազգային անվտանգության ծառայությունը մինչ այս պահը ոչ մի պարզաբանում չի տվել՝ ինչ հիմքով ու ինչի համար է այդ տեսանյութը հասել իշխանական կայքերին:
Չորս օր առաջ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի առաջնորդը եռօրյա այցով պետք է մեկներ Մոսկվա, «Զվարթնոց»-ում արգելել էին: Հետո էլ տարածել տեսանյութը, որ Ռոբերտ Քոչարյանը անձնագրային ստուգման կետում աշխատակցին է փոխանցում տոմսն ու անձնագիրը ու ինչ-որ բան խոսում նրա հետ: Տեսանյութին հաջորդեց Փաշինյանի ֆեյսբուքյան լայվը, որտեղ վարչապետն ասում է. «Ափալ -թափալ մի հավաքեք ձեր ճամպրուկները, ես դեռ քարոզարշավի ժամանակ եմ ասել, դուք երազելու եք Հայաստանից փախչելու հնարավորության մասին ու չեք ունենալու այդ հնարավորությունը»։
Մարտի 1-ի հետընտրական իրադարձությունների գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը կիրակի օրը երկրից բացակայելու արգելք չուներ, նրան առնչվող նոր գործով այս պահին մեղադրանք դեռ չի առաջադրվել, խափանման միջոց չի ընտրվել, բայց իշխանականներն այդ տեսանյութը ներկայացնում էին որպես փախուստը կանխելու փորձ: Մինչդեռ, երկրորդ նախագահի գրասենյակը նույն օրն առավոտյան պաշտոնապես հաղորդել էր, որ Քոչարյանը եռօրյա այցով մեկնելու է Հայաստանից: Վարդան Հարությունյանը շեշտում է՝ անկախ նրանից, թե ով է քաղաքացին, Ազգային անվտանգության ծառայությունն իրավունք չունի անձնական տվյալներն առանց դատարանի որոշման օգտագործել ու հրապարակել:
«Նրանք չպետք է դա ծառայեցնեն քաղաքական իշխանության քմահաճույքներին և պատվերներին ու հանձնարարություններին։ Սա կարևոր հանգամանք է, եթե մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, եթե ԱԱԾ-ն ունի ինչ-որ խնդիր տարածելու, դա պետք է հիմնավորված լինի, հանգամանքներով, ինչ-որ վճիռներով, ինչ-որ նախաքննությամբ»,- ասում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։
Հարությունյանը, որ տասնամյակներով պայքարում է մարդու իրավունքների խախտումների դեմ, Փաշինյանի կառավարության գործելաոճից համոզվել է՝ Սահմանադրությունն ու օրենքները ոտնահարելու հարցում Նիկոլ Փաշինյանն իր իսկ թմբկահարած նախկիններին չի զիջում, գործում է մեկ տարբերությամբ՝ եթե նրանք ապօրինություններն անում էին ստվերում ու այլ պաշտոնյաների ձեռամբ, հիմա դա կատարվում է առաջին դեմքի մակարդակով՝ ուղիղ ու հրապարակային, իրավապաշտպանի խոսքով.- «Այսօր Հայաստանի Հանրապետության առաջին դեմքն ինքն է վերցնում դրոշակը, ինքն է հրահրում, ինքն է կազմակերպում»։