Եռաբլուրում շիրմաքարերից ժպտում են պատերազմի զոհերը, լուռ պատմում իրենց կարճ կյանքի վերջին օրերի մասին:
«Երազում էր 4 երեխա ունենար»
Զոհված Տիգրանի մայրը՝ Ադելինա Ավետիսյանն ընտանիքի հետ միասին Արցախի հայաթափումից հետո Հայաստան է տեղափոխվել: Ադելինա Ավետիսյանն այսօր դժվարությամբ էր հասել Եռաբլուր, որդուց հետո առողջությունն այն չէ, լուրջ խնդիրներ է հաղթահարում:
«Մարտական վերջին գործողությունները սկսվել է, Տիգրանը մեն-մենակ մնացել է դիրքում, մինչև վերջ մենակով կռվել է»,- պատմում է Տիգրանի մայրը:
Ադրբեջանի հետ խաղաղությանը որդեկորույս մայրը չի հավատում. ա՞յս պայմանով՝ հարցնում է.
«Իրենք ասում են խաղաղություն, չէ՞: Բայց, չէ որ իրենք պղծում են, անգամ մեր սոցիալական էջերում անգամ մեր տղաների նկարներն ենք դնում, ինչքան կեղտոտ, ինչքան վատ բաներ են գրում, ի՞նչ խաղաղության մասին է խոսքը»:
Որդեկորույս մայրն ընդգծում է. «Ցավ ապրողը ինքը չի, ես եմ: Ես ոնց ներեմ, ոնց ես խաղաղության պայքարի մեջ թեկուզ մտովի մտնեմ, երբ ես գիտեմ, որ ինքը ոչ միայն իմ որդու, այլև չկա մի արցախցի, ում տան լույսը մարած չլինի: Սա մեծ գարադոկ է դառել, այսքանը քի՞չ է»:
Տիգրան Ավետիսյանը փրկվել էր 44-օրյա պատերազմում. վիրավորվել էր, բայց հաղթահարել խնդիրներն ու նորից, առանց ծնողներին տեղյակ պահելու՝ պայմանագիր կնքել բանակի հետ: Նրան հետ չէր կարողացել պահել անգամ ընտրյալն ու կյանքի գլխավոր երազանքը: Տիգրանը 2023 թվականին Արցախի վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակման ժամանակ է զոհվել:
«Ամուսնանար, 4 երեխա ունենար, դա իր առաջին երազանքն էր», - ասում է Տիգրանի մայրը ու շարունակում՝ առանց Արցախ չէր կարող ապրել:
Այդ շրջանը համընկել էր Արցախի շրջափակման հետ. մայրը Հայաստանում էր, որդին՝ Արցախում: Մարտական դիրքում էր, երբ հակառակորդը հարձակվել էր, թիկունքից էին խփել. «Իր դիրքում պառկած, գրկախառնված իր զենքի հետ... դեմքին ոչ մի վնասվածք չի եղել, մեջքից է եղել խփած...Հավերժ 21 տարեկան մնաց Տիգրանը»:
«Անծանոթները պատմում են՝ մեկ օրում ինչքան մարդու է բժշկական օգնություն տրամադրել»
Վառվռուն աչքերով, գեղեցկադեմ Տիգրանի շիրմաքարից քիչ այն կողմ լուրջ հայացքով ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյանն է հուղարկավորված: Զոհվեց 44-օրյա պատերազմի մեկնարկի հենց հաջորդ օրը. ընդամենը 26 տարեկան էր.
«Մինչև 26-ը տանն է եղել. մի քանի օրով կարճատև արձակուրդ էին տրամադրել: 27-ի առավոտյան, երբ իմացանք, ժամը 8-ի սահմաններում ես իրեն ավտոկայարանից ճանապարհեցի», - պատմում է Սաշայի եղբայրը:
Ընդամենը 20 օրվա ծառայող բժիշկ եղբայրը զոհվել է Քարվաճառում՝ զինվորների կյանքը փրկելիս, պատմում է եղբայրը՝ Գուրգենը. «Այս տարիների ընթացքում շաբաթը մեկ, երկու անգամ այստեղ ենք լինում ու շատ անծանոթ մարդիկ մեզ են մոտենում ու պատմում, որ մեկ օրվա ընթացքում հասցրել է բժշկական օգնություններ տրամադրել տարբեր զինծառայողներին, որովհետև վիրավորներն առաջին հերթին շատ-շատ են եղել»:
Ի՞նչ գնով է խաղաղությունը, դրա հաստատման մասին իշխանության վերջին հայտարարություններին է անդրադառնում Գուրգենը: Խաղաղություն կարող է լինել, երբ երկու կողմերը պատրաստում են իրենց հասարակություններին: Բայց մեր գերիները դեռ այնտեղ են, Բաքվից հնչում են ոչ խաղաղասիրական հայտարարություններ.
«Անգամ ասում եմ ես՝ մարդ, որ թշնամանքի էդ չափաբաժինը զգում է: Բայց պետք է հասկանալ, թե դա ինչ գնով պետք է լինի, ու էս պահին բանակցային գործընթացին լիարժեք չեմ տիրապետում, երևի լիարժեք չի էլ հրապարակվում էլի վերջին 5-6 տարիներին, հետևաբար գնահատական լիարժեք չեմ կարող տալ, բայց ես չունեմ այդ հավատը, որ խաղաղություն կլինի», - ասաց զոհված Սաշա Ռուստամյանի եղբայրը:
«Հողի կորուստը ամենամեծ կորուստն է»
Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը հաստատակամ է՝ խաղաղություն կլինի միայն այն ժամանակ, երբ Հայաստանը հաղթի. «Ամեն ինչ դեռ առջևում է, ճակատամարտերն են պարտված վերջին, բայց պատերազմը դեռ ավատված չէ: Ինչպես Մոնթեն էր ասում՝ այս պատերազմը պետք է պարտադիր մեր հաղթանակով ավարտվի, հակառակ դեպքում այն հարատևելու է: Անհնար է այս տարածաշրջանում խաղաղություն, եթե այդ խաղաղությունը հայի հաղթանակով չի եղել»:
Կարին Տոնոյանը վարդերով է շրջապատել որդու շիրմաքարը: Չի ընկրկում այս դժվար պայքարում, հավատում է, որ մի օր կորցրած Արցախը հետ կգա.
«Հողի կորուստը ամենամեծ կորուստն է: Ի վերջո, մարդիկ ծնվում են, մեռնում, սերունդները գալիս են, գնում, հավերժ է հողը, և վերջում մենք բոլորս հող ենք դառնում: Այսօր այդ հողը մեր զավակների միսն ու արյունն է», - ասում է Կարին Տոնոյանը:
«Հրետանավոր էին, բայց հրետանի չունեին»,- պնդում է որդեկորույս հայրը
Աշոտ Սիմոնյանն այսօր մենակ էր եկել որդու գերեզմանին: Ընդամենը 20 տարեկան էր Արմանը, հունվարին պետք է զորացրվեր բանակից, բուհ ընդունվեր: Հակառակորդի հետ վերջին մենամարտում զինվորներն առանց հրետանի էին, առանց հրամանատար. «Իրենք հրետանավոր էին, բայց հրետանի չունեին: Զենք չկար...», - ասում է հայրը:
«Հայրենասեր, հողին նվիրված տղա էր»
Քիչ այն կողմ լուռ սգում էր 38-ամյա Ռաֆիկ Ղազարյանի մայրը, որը չհասցրեց որդուն ամուսնացնել, նրա երջանկությունը վայելել. «Հայրենասեր տղա էր, հողին նվիրված....»:
44-օրյա պատերազմը խլեց ավելի քան 3 հազար 800 մարդու կյանք: Իշխանությունները մինչ օրս չեն հրապարակել զոհերի ամբողջական ցանկը՝ անուն, ազգանուններով: