Մատչելիության հղումներ

Ի՞նչ է տեղի ունենում «Սպայկա»-ի հետ, քաղաքականությունը խոչընդոտո՞ւմ է հայ- ռուսական առևտրային հարաբերություններին


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Մինչ հայաստանյան ամենախորոշ բեռանփոխադրողի՝ «Սպայկա»-ի բեռնատարները շարունակում են արգելափակված մնալ Ռուսաստանում, իսկ պետական կառույցները լռում են, արտահանման ոլորտի փորձագետներն են փորձում վերլուծել ստեղծված իրավիճակը:

Ոմանք կարծում են, որ Ռուսաստանը դեպի Եվրամիություն քայլեր անող Հայաստանին ցույց է տալիս տնտեսական կախվածության աստիճանը, մյուս մասն էլ համարում է՝ եթե արտահանվող ապրանքը բարձր որակ ունի, քաղաքականությունը չի խոչընդոտի առևտրային հարաբերություններին։

Ռուսաստանն իր ուժն է ցույց տալիս. Տնտեսվարող

Տնտեսվարող Ավագ Հարությունյանը, որ նաև սեփական արտադրանքն է Ռուսաստան արտահանում, կարծում է՝ Ռուսաստանն իր ուժն է ցույց տալիս, իսկ Հայաստանը վերջին 30 տարիներին չի կարողացել դիվերսիֆիկացնել իր արտահանման շուկան: Ըստ նրա՝ ի տարբերություն տարածաշրջանի մյուս երկրների՝ Հայաստանի արտահանումների մեծ մասը շարունակում է գնալ ռուսական շուկա ու հենց սա է խոցելի է դարձնում Հայաստանին:

«Հայ - ռուսական հարաբերությունները երբեք տնտեսական գերակա վեկտոր չեն ունեցել, միշտ շաղկապված են եղել քաղաքական վեկտորներով, Ռուսաստանը նախ մտածում է իր շուկայի մասին, հանուն դրա չի կանգնում ոչ մի բանի առաջ, իսկ ոչ մի բանը ի՞նչ է. ստիպել, որպեսզի ռուսական շուկա մտնողը թաթախված լինի կեղծիքի և անարդարության մեջ և հարկ եղած պարագայում ճնշման ամենալայն մեխանիզմներն ու գործիքակազմն անի», - ասում է տնտեսվարողը:

Հարությունյանը վստահ է՝ Հայաստանն էլ ստեղծված իրավիճիակում իր մեղքի բաժինն ունի. «30 տարի մենք ասում ենք Հայաստանին, որ պետք է հնարավորինս ազնիվ լինել ռուսական շուկայում։ Հարկ եղած դեպքում, երբ որ պիտի լինեն քաղաքական նախադրյալներ կամ քաղաքական նպատակներ, գործի մեջ են դնում են 0,1 % ցուցանիշները, որոնք երբեք հասարակ գյուղացին չի կարող ստուգել կամ «Սպայկա»-ն չի կարող ստուգել տոտալ իր բոլոր բեռների համար, և ինքը դառնում է խոցելի։ Այսինքն՝ այստեղ պետք է դիտարկել խնդիրը 2 տեսանկյունից՝ առաջին. ֆունդամենտալ քաղաքական պատճառներ և 2-րդ՝ այդ պատճառները քողարկելու, արդարացնելու ֆիզիկոքիմիական գործիքակազմ, ինչը անում է Ռուսաստանը»:

Արդյո՞ք Հայաստանը բավարար քայլեր անում է՝ Եվրոպա արտահանումների խթանման ուղղությամբ

Տնտեսվարող Հարություն Մնացականյանը Արցախում աճեցրած հացահատիկն էր արտահանում և՛ Ռուսաստան և՛ Եվրոպա: Հիմա որպես միջնորդ կազմակերպություն է զբաղվում արտահանմաբ: Հիշեց՝ իրենց ընկերութունը հայտնվել էր «Ռոսսելխոզնադզոր»-ի սև ցուցակում, որովհետև ֆերմերներից մեկից ստացած ապրանքն էր տեղափոխել, որը հետո պարզվել էր չի համապատասխանում չափանիշներին: Դժգոհեց. Հայաստանի Սննդի անվտանգության տեսչական մարմինն այդ ցուցակում հայտնված ոչ մի ընկերության դրա մասին չէր էլ տեղեկացրել: Ասաց՝ եթե արտահանման ապրանքը որակի խնդիր չունի՝ ապա ռուսական շուկայում միշտ իր տեղը կգտնի: Կարծում է՝ այն ինչ հիմա տեղի է ունենում «Սպայկա»-ի հետ՝ քաղաքականության հետ կապ չունի. «Եթե քաղաքական լարվածություն չկա, Ռուսաստանը շատ բաների վրա աչք է փակում, ուղղակի աչք է փակում, ընդունում է։ Եթե կա քաղաքական լարվածություն, այդ նույն բաների վրա աչք չի փակում։ Ասում է՝ ձեր ապրանքը այս խնդիրն ունի, չեմ ընդունում։ Բայց եթե ապրանքի որակը լավն է, այսպես թե այնպես ընդունում է։ Երբեք չի եղել լավ որակի ապրանքն իրենք ուղղակի հետ տան սահմանից»:

Մնացականյանը կարծում է, որ Հայաստանը բավարար քայլեր չի անում դեպի Եվրոպա արտահանումների խթանման ուղղությամբ, թեև վերջերս մի քանի դրական փոփոխություն է եղել, որից ինքն էլ է օգտվել, բայց խոշոր հաշվով խնդիրն, ըստ նրա, դեռ բաց է. «Այս տարի դիվերսիֆիկացիայի հետ կապված Եվրամիությունը արտահանվող բեռների մաքսատուրքի գումարի չափով հետվերադարձ է անում: Լսել եմ, որ տրանսպորտային ծախսերի հետ կապված էլ ինչ-որ միջոցառումներ պիտի անեն։ Առաջինը՝ ստանդարտացման խնդիրները պետք է լուծի պետությունը, լաբորատորիաների խնդիրները պետք է լուծի։ Ագրեդիտացիա պիտի անցնեն, որպեսզի այստեղ, ենթադրենք, նախ մինչև արտահանելը մենք պտուղ բանջարեղենը տանք նմուշառման և այստեղ պետական ռազմավարություն է պետք՝ եվրոպական շուկան հաշվի առնելով», - ընդգծում է Մնացականյանը:

«Մենք մեր շուկան պետք է պաշտպանենք». Օվերչուկ

Ի դեպ, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ընթացքում անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին ասել էր՝ ռուսական բիզնեսը Հայաստանում ապագա չի տեսնում՝ հաշվի առնելով բարեկամ երկրի որոշումը՝ մտնել Եվրամիության կազմ. «Մենք Եվրամիության հետ չունենք օդային հաղորդակցություն, Եվրամիությունը փակել է երկինքը մեր ինքնաթիռների համար: Հայաստանը նույնպե՞ս փակելու է երկինքը: Եթե դուք մտնում եք Եվրամիություն, ապա՝ այո, որովհետև ձեզ Բրյուսելից ասելու են՝ փակեք երկինքն ու դուք փակելու եք, որովհետև այլընտրանք չեք ունենալու: Եվ շաբաթական այդ հարյուրավոր ավիաչվերթներն ո՞ւր են գնալու, դե Վարստանով կթռնեն, հասկանալի է: Նույն բանն էլ լինելու է սահմանին՝ կցորդիչների փոխանակմամբ: Հայկական բեռնատարները կգան կհասնեն Վերին Լարս, հետո բեռները կկցվեն ռուսական կամ բելառուսական բեռնատարներին, հայ վարորդներն էլ հետ կվերադառնան Հայաստան: Սա այն է, ինչ իրականում կարող է տեղի ունենալ: Ու այս հարցերի շուրջ պետք է մտածել: Մենք ուրախանոււմ ենք եղբայրական ազգի հաջողություններով, բայց հիմա մենք տեսնում ենք Հայաստանի հետ առևտրաշրջանառության անկում, մենք այս տարի տեսնում ենք լավ աճ Եվրամիության հետ: Իհարկե, ընտրությունը հայ ժողովրդինն է, ու մենք կհարգենք այդ ընտրությունը, բայց մենք մեր շուկան պետք է պաշտպանենք», - հայտարարել էր ՌԴ փոխվարչապետը:

Ռուսաստանի փոխվարչապետի այս զգուշացումը հունիսին էր: Իսկ «Սպայկա»-ի մեքենաների շարժը Ռուսաստանում արգելվել է մոտ 4-5 օր առաջ:

Շրջանառվում են լուրեր, թե պատճառը ընկերության ֆինանսական խնդիրներն են Ռուսաստանի հետ։ «Սպայկա»-ից, սակայն, հերքում են այս տեղեկությունը՝ նշելով, որ պաշտոնական որևէ հիմնավորում չեն ստացել, ընկերության իրավաբաններն արդեն երկրորդ օրն է, ինչ Ռուսաստան են մեկնել՝ իրավիճակը պարզելու նպատակով։

Էկոնոմիկայի նախարարությունը, որին դիմել է ընկերությունը՝ դեռ լուռ է, ասում են՝ տեղեկություն չունեն:

XS
SM
MD
LG