Մատչելիության հղումներ

2026-ի բյուջեով գիտության ֆինանսավորումը նախատեսվում է 20 տոկոսով կրճատել. ինչ էր խոստանում գործադիրը և ինչ են փաստում թվերը


«Իսկական ժամանակն է, որ Հայաստանի կառավարությունը լուրջ ներդրումներ անի գիտության ոլորտում», - վարչապետի այս ելույթից 2 տարի էլ չանցած 2026-ի պետական բյուջեի նախագծում ոչ թե մեծացող ներդրումներ ենք տեսնում, այլ ուղիղ հակառակը՝ գործադիրը նախատեսում է գիտության ֆինանսավորումը շեշտակի՝ 20 տոկոսով կրճատել, երկրի զարգացման համար անկյունաքարային բնագավառից կտրելով միանգամից 17 միլիոն դոլար:

Հաջորդ տարի գիտության ոլորտին նախատեսում են մոտ 71 միլիոն դոլար հատկացնել: Այս տարվա ծրագրով այն 88 միլիոնի է հասնում, անգամ 2024-ին գիտության ֆինանսվարումն ավելի մեծ է եղել՝ հասնելով 75 միլիոն դոլարի:

Պաշտոնական տվյալները փաստում են՝ 2021-ին գիտության ոլորտին տրամադրված մոտ 40 միլիոն դոլարը այս տարի ավելի քան կրկնապատկվել է: Այժմ, սակայն, կառավարությունը որոշել է փոխել մոտեցումն ու ֆինանսավորումը 2024-ից էլ ցածր մակարդակի իջեցնել:

«Կառավարության կողմից ոչ նպատակային գործունեություն է տեղի ունենում». «Գիտուժ»-ի անդամ

«Գիտուժ» նախաձեռնության անդամ, Robomart ընկերության համահիմնադիր Տիգրան Շահվերդյանն ընդգծում է՝ նախորդ տարիների ավելացումներն էլ խնդիրները չեն լուծել, կոնկրետ ծրագրեր իրականացնելու հստակ մոտեցումներ իշխանությունները չունեն.

«Գիտությունը և տեխնոլոգիաները ցանկացած երկրի համար գործիք են հզորանալու, մենք այդ գործիքը չենք օգտագործում, որովհետև մեր կառավարությունը չի զբաղվում դրանով: Ընդհանուր առմամբ՝ անհամակարգային, չհամակարգված և ոչ նպատակային գործունեություն է տեղի ունենում մեր կառավարության կողմից: Իրենք, կարծես, զբաղված են ամեն ինչով, բացի այն ամենակարևոր հարցերից մեկով, որը երկրի մրցունակության բարձրացումն է: Նույն ինստիտուցիոնալ բացերը, որ կան Հայաստանում, որ ցանկացած ինքնիշխանությունն ամրապնդելու ձգտող պետություն այդպիսի բաց իրան թույլ չի տա, վաղուց են այդ բացերը փակել, Հայաստանը դեռ ունի և փոփոխություններ մոտակա հորիզոնում դեռ չեն երևում», - ասում է Robomart ընկերության համահիմնադիր Տիգրան Շահվերդյանը:

Ո՞ր ուղղություններում կրճատումներ կլինեն

Եթե այս տարվա բյուջեով դրամաշնորհային գիտական հետազոտությունների համար ավելի քան 23 միլիոն դոլար են նախատեսել, 2026-ին ծրագրում են առավելագույնը 17 միլիոն հատկացնել: Գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու ծրագիրը կրճատվում է 2 անգամ. այս տարվա ավելի քան 14 միլիոնի համեմատ 2026-ին 7.5 միլիոն դոլար են նախատեսում: Այսպիսի կենտրոնների թիվը նախատեսում են հինգով նվազեցնել, կկրճատվի նաև համապատասխան սարքավորումների քանակը:

Ներկայացված նախագծով ոչ մի լումա չեն պատրաստվում հատկացնել արհեստական բանականության գիտահետազոտական կենտրոնի արդիականացմանը: Գործադիրը ծրագրում է հաջորդ տարիներին գիտության ֆինանսավորումն էլ ավելի կրճատել. 2028-ին այն կնվազի ներկայիս փոխարժեքով մինչև 65 միլիոն դոլար:

Այս ամենին զուգահեռ՝ կառավարությունը ծրագրում է հաջորդ տարի 13 միլիոն դոլար հատկացնել «Ակադեմիական քաղաք»-ին, փաստաթղթերից պարզ չէ՝ ինչ են պատրաստվում անել այսքան գումարով: Ծրագիրը շատ հակիրճ են նկարագրել՝ շարունակել «Ակադեմիական քաղաք» նախագծի իրականացումը, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամին պետական աջակցությունը և «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար միջազգային խորհրդատվական ծառայությունների ձեռքբերումն ու պայմանագրերի սպասարկումը: Կառավարությունն այդ քաղաքում է նախատեսում տեղակայել բոլոր պետական բուհերը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG