Մատչելիության հղումներ

ՀՅԴ-ն իշխանությանը մեղադրում է քրգործերով քաղաքական ճնշումներ բանեցնելու մեջ, իշխանությունից հերքում են


Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավորները ԱԺ նիստի ժամանակ, արխիվ
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավորները ԱԺ նիստի ժամանակ, արխիվ

Ընդդիմադիր Դաշնակցությունը, որի ինն անդամները մեղադրվում են մարդկանց փողով հավաքներին տանելու համար, պնդում է, թե կուսակցությունը քաղաքական ճնշումների է ենթարկվում, իսկ մեղադրանքներն անհիմն են։

«Ձեռագիրը նույնն է՝ կեղծիքի, ստի և քաղաքական հալածանքների միջոցով, այսպես կոչված օրինականության շղարշի քողի տակ փորձել ներկայացնել մեղադրանքներ: Մենք ունենք էս պահի դրությամբ հինգ կալանավորված անձ, որից չորսը՝ երկու ամսով, մեկը՝ մեկ ամսով, ունենք երեք կալանք՝ երկու ամսով, ունենք մեկ գրավով և մեկ բացակայելու արգելքով խափանման միջոց կիրառված անձինք», - հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց Դաշնակցության Վայոց ձորի գրասենյակների խուզարկություններից։ Պնդեց՝ առաջին անգամը չէ, որ իշխանությունն իրենց դեմ նման քայլեր է անում։

«Ուզում եմ հիշեցնել, որ 2022 թվականին այս տեղատարափի տակ էր ՀՅ Դաշնակցության Արմավիրի մարզային կառույցը,23 թվականին՝ Արարատի, Իջևանի, Տավուշի մարզի, հիմա արդեն անցել են Վայոց ձորի մարզի նկատմամբ արշավանքներին», - ասաց դաշնակցական պատգամավորը:

Իրավապահները, մինչդեռ, պնդում են, որ դաշնակցականները «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքներին քաղաքացիներին նյութապես շահագրգռելով են բերել։ Անցած ուրբաթ Քննչականը խուզարկություններ էր արել կուսակցության Վայոց ձորի գրասենյակներում, ինչից հետո էլ իր յութուբյան էջում երեք ձայնագրություն հրապարակել ու պնդել՝ հենց դրանք են վկայում հանցագործության մասին։

«Տվել են Սուրիկին ոնց որ»: - «Դե ես էլ չեմ տվել»: - «Հա՞»: - «Առանձին, մենակ իրան, ջոգի՞ր, ոչ թե էն իրա հետիններին, իրա հետիններին հինգ-հինգ էլ տվել ես, չէ՞»: - «Հա, հա, իրան էլ եմ հինգ տվել, Գարիկին էլ»:

Այդ զրույցներից մեկը վերագրվում է ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանին, որը կալանավորված է:

«Կաշվիցդ դուրս ես գալիս, ինչ ես անում, 100 հոգի մարդ կազմակերպես, մինիմում»։ - «Կձգտենք, ընգեր, եթե բան կըլնի, ես հետ եմ վերադարձնելու»։ - «Էդ փողի-մողի թեմաներով ոնց որ շատ են վերցնում-դնում, ինձ թվում ա՝ փուռն են տալու»: - «Այ տենց մոմենտ կա, բա ես էն օրը դրա՛ համար քեզ ասի»։

Մյուս ձայնագրությունում էլ մեկ այլ տղամարդ օգտագործում է «գլխարկ» բառը՝ ասելով. - «Եթե ավտոները շատացան, ուրեմն պիտի կրճատենք, 10-12 գլխարկ: Ընդեղ որպեսզի կասկածանքի տեղիք չլնի, 20 հոգու մեջ ա էդ գլխարկները տրվել»։

Գլխարկը նույն գումարն է, պնդում են իրավապահները։ Ընդդիմադիրների փաստաբանն Արսեն Բաբայանը, սակայն, հակադարձում է. - «Էդ գլխարկը որ փող է, Քննչականը էդպիսի կարծիք ունի, վարկած ունի, ինչ-որ մեկին լսել է, որը էդպես է ասել: Բայց դա չի հաստատվել ու շատ հավանական է, որ կհերքվի: Գլխարկն ինչ է՝ ես առաջին հերթին հասկանում եմ՝ գլխարկը գլխարկ է»:

Մինչ Քննչականը պնդում է, որ ընդդիմության հավաքի յուրաքանչյուր մասնակցի 10-12 հազար դրամ են տվել, իսկ Գերասիմ Վարդանյանն էլ Երևանում անկարգություններ կազմակերպելու համար է մարդկանց հավաքագրել, Դաշնակցությունն ու փաստաբանները հերքում են անկարգությունների մասին պնդումն ու նորմալ գնահատում հանրահավաքների մասնակիցների տրանսպորտային ծախսերը հոգալը։ Ավելին, փաստաբան Մկրտիչ Դավթյանը պնդեց՝ որպես նյութական շահագրգռվածություն է ներկայացվում վառելանյութը, որը գնել են, հասել Երևան։

«Հարց եմ տալիս դատարանին, ասում եմ՝ հարգելի դատարան, էդ 10-ից 12-ը լցվել է վառելանյութ, եթե դուք կբերեք ապացույց, որ էդ 10-ից 12 հազարը բաժանվել է հինգ հոգու միջև, մեքենան չի լիցքավորվել, էդ հինգ հոգին հրելով էդ մեքենան Եղեգնաձորից տարել են Երևան, հետո էդ մեքենան Երևանով միտինգից հետո հրելով եկել են Եղեգնաձոր, ես կընդունեմ, որ անձնապես շահագրգռել են անձանց: Բայց դա աբսուրդի թատրոն է, չի եղել նման բան», - ասաց Դավթյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ էր օրերս խորհրդարանի ամբիոնից, պատասխանելով դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանին, խոսել 5 հազար դրամով արցախցիներն հավաքներին տանելու մասին։

Մինչ Դաշնակցությունն իշխանությանը մեղադրում է քրեական գործերով քաղաքական ճնշումներ բանեցնելու մեջ, իշխանության ներկայացուցիչները շարունակում են վստահեցնել՝ իրավական գործընթացներին չեն միջամտում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG