Մատչելիության հղումներ

Հրթիռակոծություն Սևաստոպոլում, մարտեր Դոնեցկում. իրավիճակն ուկրաինական պատերազմում


Սևաստոպոլ, Ղրիմ
Սևաստոպոլ, Ղրիմ

Օկուպացված Ղրիմի Սևաստոպոլ քաղաքում արտակարգ իրավիճակ է հայտարարվել։ Ուկրաինայի զինված ուժերի երեկվա հրթիռակոծության հետևանքով ավելի քան 140 մարդ վիրավորվել է, չորսը՝ զոհվել, այդ թվում՝ երեք երեխա, հայտնում է Սևաստոպոլի ռուսական վարչակազմը։ Զոհերի և վիրավորների մեծ մասը տեղի լողափերի այցելուներ են:

Ռուսաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ ընդհանուր առմամբ բուժօգնության է դիմել 144 մարդ, նրանցից 82-ը հոսպիտալացվել են։ 13 տուժածի վիճակը գնահատվում է ծանր, նրանց մի մասին Մոսկվա են տեղափոխել։ Տեղի բնակիչները հայտնել են, որ հարձակումից առաջ օդային հարվածների նախազգուշացման համակարգը չի աշխատել։

Զոհերի թվում է Մագադանի փոխքաղաքապետ Օլեգ Ավերյանովի դուստրը՝ 9-ամյա Սոֆյան։ Ինչպես հայտնում է Մագադանի ղեկավարի Տելեգրամ ալիքը, աղջիկը ծնողների հետ եղել է ծովափին։ Հայտնի չէ՝ վիրավորվել են արդյոք Ավերյանովն ու նրա կինը։

Սկզբում հաղորդվում էր, որ հունիսի 23-ին քաղաքային լողափում ուկրաինական հրթիռ է խոցվել, և զոհերը վնասվածքներ են դրա ստացել բեկորներից:

Ավելի ուշ ՌԴ իշխանությունները հայտարարեցին, թե հրթիռը կրել է կասետային մարտագլխիկ և հակաօդային պաշտպանության գործողությունների արդյունքում շեղվելով ուղուց՝ պայթել լողափի վրա։ Ռուսաստանի քննչական կոմիտեն հետաքննություն է սկսել ահաբեկչության հոդվածով։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղի ունեցածը անվանել է «կանխամտածված ահաբեկչական հրթիռային հարձակում» և պնդել, որ ուկրաինական կողմն այս հրթիռակոծության ժամանակ օգտագործել է ամերիկյան հինգ ATACMS հրթիռներ։ Գերատեսչությունում նշել են, որ հարձակման պատասխանատվությունը կրում է Վաշինգտոնը։

Այսօր ՌԴ-ում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին այս կապակցությամբ կանչել են ԱԳՆ, ասել, որ «անպայման պատասխան կհետևի»:

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, մեկնաբանելով ուկրաինական զինված ուժերի հարձակումը Սևաստոպոլում, ասել է, որ Ղրիմում չեն կարող լինել «լողափեր, զբոսաշրջային գոտիներ»։

«Ղրիմը, իհարկե, Ռուսաստանի կողմից օկուպացված օտար տարածք է, որտեղ մարտեր են ընթանում, լայնամասշտաբ պատերազմ է ընթանում, նույն պատերազմը, որը Ռուսաստանը սանձազերծեց բացառապես ցեղասպանական ու ագրեսիվ նպատակներով։ Ղրիմը նաև մեծ ռազմական ճամբար է», - ասել է նա։

Ուկրաինական քաղաքները, մասնավորապես Խարկովն ու Օդեսան ևս մշտական ռուսական ռմբակոծության տակ են, այստեղ ևս կան զոհեր ու վիրավորներ։

Իրավիճակը ռազմաճակատում

Ռուսները դանդաղ, բայց առաջ են գնում Դոնեցկի մարզում։ Միաժամանակ Ուկրաինայի գլխավոր շտաբը չի հաստատել Նովոալեքսանդրովկայի գրավումը՝ պնդելով, թե այս բնակավայրի համար մարտերը շարունակվում են։ Կիրակի օրը ուկրաինական սոցիալական ցանցերում տեղեկություններ հայտնվեցին, որ ռուսական զորքերը գրավել են գյուղը. Դոնեցկի մարզում վերջին շաբաթներին ամենաթեժ մարտերն են ընթանում։

Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը The Philadelphia Inquirer թերթին տված հարցազրույցում խոստովանել է, որ իրավիճակը արևելյան մարտադաշտում բավականին բարդ է. - «Լավ նորությունն այն է, որ արմագեդոն չի առաջանա վատ նորությունն էլ՝ այն, որ իրավիճակը բավականին բարդ է և գոնե մեկ ամիս դեռ այսպես կմնա»։

Այն բանից հետո, երբ Սպիտակ տունը կարողացավ հաղթահարել 61 միլիարդ դոլարի օգնության փաթեթի արգելքն, ու Ուկրաինան ամերիկյան սպառազինություն ստացավ, ռուսների առաջխաղացումը Խարկովի ուղղությամբ կանգ առավ։ Փոխարենը ռուսներն այսօր ակտիվ գրոհում են Դոնեցկի մարզի ուկրաինական բանակի վերահսկողության տակ մնացած շրջանները և դանդաղ առաջ գնում։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, թե ռուսները պատրաստ են դադարեցնել պատերազմը և նստել բանակցային սեղանի շուրջ, եթե Ուկրաինան դուրս հանի զորքերը իր իսկ չորս մարզերից, այդ թվում՝ Դոնեցկից։ Ե՛վ Կիևը, և՛ Արևմուտքը մերժեցին Պուտինի այս առաջարկը։

Նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ

Այսօր ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակվեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի վերաբերյալ Եվրամիության խորհրդի որոշումները. այս փաթեթն արդեն ուժի մեջ մտավ։ Մասնավորապես, հրապարակվել են պատժամիջոցների ցուցակներում ընդգրկված իրավաբանական անձանց անունները՝ կապված Ուկրաինա ռուսական ներխուժումը կազմակերպելու կամ աջակցելու գործում նրանց դերի հետ։

Նրանց թվում են, օրինակ, մեդիա մենեջեր Արամ Գաբրելյանովը, երգիչ Յարոսլավ Դրոնովը (Շամանը), դերասան, քահանա և հասարակական գործիչ Իվան Օխլոբիստինը։

Ընդլայնվել են նաև ոլորտային պատժամիջոցները։ Նոր փաթեթի հիմնական կետերից մեկը վերաբերում է ռուսական հեղուկ բնական գազին. սահմանափակումներ են մտցվում եվրոպական նավահանգիստներով դրա տարանցման համար։

Ռուսական ռազմարդյունաբերական համալիրին անմիջականորեն աջակցելու պատճառով պատժամիջոցների ցանկում ընդգրկված է 61 անձ կամ ընկերություն, այդ թվում՝ ընկերություններ երրորդ երկրներից՝ Չինաստանից, Թուրքիայից, Ղազախստանից, Ղրղզստանից և ԱՄԷ-ից։

Լրացուցիչ միջոցներ են ներդրվում նաև պատժամիջոցներից խուսափելու դեմ պայքարելու համար։

ԵՄ-ում գործող քաղաքական կուսակցություններին, ԶԼՄ-ներին և հասարակական կազմակերպություններին կարգելվի միջոցներ ստանալ ռուսական պետության կամ հարակից կազմակերպություններից։ ԵՄ ավիաընկերություններին կարգելվի պայմանագրեր կնքել Ռուսաստանի քաղաքացիների կամ կազմակերպությունների հետ՝ չարտերային և մասնավոր չվերթներ իրականացնելու համար ամբողջ աշխարհում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG