Հռոմի պապ Լեո14-րդ-ը նոր արքեպիսկոպոսներ է նշանակել ԱՄՆ-ում, որոնց մեծ մասը քննադատում է նախագահ Թրամփի քաղաքականությունը միգրանտների նկատմամբ։ Նոր նշանակված 13 առաջնորդներից առնվազն տասը, այդ թվում՝ Նյու Յորքի նոր արքեպիսկոպոսը, հրապարակավ դատապարտել են Սպիտակ տան հակամիգրացիոն քաղաքականությունը, ոմանք այն անվանել են դաժան, մյուսները կոչ են արել հետևել ընթացակարգերին։
Կաթոլիկ եկեղեցու հովվապետի մերձավոր խորհրդականներից մեկը Reuters-ին ասել է՝ կադրային այս նշանակումները ցույց են տալիս, որ ներգաղթյալների նկատմամբ վերաբերմունքն այժմ Եկեղեցու հիմնարար դիրքորոշումներից է, որի համաձայն կյանքը սուրբ է հղացումից մինչև մահ:
Ավելի վաղ՝ անցած սեպտեմբերին, Հռոմի պապը ընդգծել էր, որ մարդկային կյանքի պաշտապանությունը միայն հղիության ընդհատման դեմ պայքարով չէ, ինչի մասին հաճախ են հայտարարում պահպանողական հանրապետականները։
«Արդյոք մեկը, որ դեմ է աբորտներին, բայց համաձայն Միացյալ Նահանգներում ներգաղթյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքին, իրապես հանդես է գալիս կյանքի օգտին», - հարց էր բարձրացրել Հռոմի պապը՝ լրագրողների հետ զրույցում։
Նախագահ Թրամփը, որը հանգուցյալ Հռոմի պապ Ֆրանցիսկոսին ժամանակին անվանել էր «անհարգալից»՝ իր ներգաղթային քաղաքականությունը քննադատելու համար, առայժմ Լեո14-րդի քննադատություններին և կադրային նշանակումներին չի արձագանքել։