Հրմշտոց է եղել, ոչ, թե ծեծկռտուք, ընդ որում`«Երևան» ՋԷԿ-ին չառնչվող թեմայով, այսօր խորհրդարանում ասաց տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը։
Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանն էր հարցրել միջադեպի մասին, հետաքրքրվել՝ արդյոք վարչապետ Փաշինյանի թիկնազորի նախկին պետը, որն այժմ ՋԷԿ-ի փոխտնօրենն է, ծեծել է անվտանգության բաժնի պետ Արթուր Պահլավունուն՝ Երևանի քաղաքապետի աներոջը:
«Որոշ միջադեպ եղել է, ինչի համար ես ցավում եմ։ <> Մեծ միջադեպ չէ, առավոտյան՝ դեռ աշխատանքային ժամ էլ չի եղել, մինչև շենք մտնելը ինչ-որ խոսակցություն և ավելի շատ հրմշտոց է եղել», - ասաց նախարարը։
ՋԷԿ-ը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող կառույց է։
Պետական պահպանության ծառայության պետի պաշտոնում գեներալ- մայոր Հովհաննիսյանը 4 ամիս աշխատեց, հետո Փաշինյանի հրամանով ազատվեց աշխատանքից: Մամուլն այդ պաշտոնանկությունը վերագրեց նախորդ օրը կառավարական առանձնատան մոտ գտնվող «Դվին» ռեստորանային համալիրում որոտացած հզոր հրավառությանը, ինչն, ի դեպ, արվել էր լռության ժամին՝ խախտելով օրենքը, բայց պաշտոնական բացատրություն այդպես էլ չեղավ:
Սարգիս Հովհաննիսյանն այսօր «Ազատության» հարցերին երկու նախադասությամբ պատասխանեց. - «Գնել Սանոսյանի պատասխանը շատ ճիշտ պատասխան էր։ Դրանից ավելի ոչինչ չի եղել»։
Իր ղեկավարի հետ ունեցած միջադեպին որակում չտվեց նաև «Երևան» ՋԷԿ-ի անվտանգության պետ Արթուր Պահլավունին՝ փաստացի չհերքելով Mediahub-ի հրապարակած մանրամասները: Ըստ լրատվամիջոցի՝ փոխտնօրեն Հովհաննիսյանը հրահանգել է արգելել անվտանգության բաժնի պետի մեքենայի մուտքը ՋԷԿ-ի տարածք: Լրատվամիջոցը նաև գրել է, որ Պահլավունին ամեն օր կերակրում է տարածքի շներին։
«Այդ մարդը չի սիրում կենդանիներ։ Ես ամեն առավոտ կերակրում եմ, որ սոված չմնան։ Ասում է՝ մի կերակրի, որ այստեղ չգան շներ», - «Ազատությանն» ասաց Պահլավունին։
Հարցին, թե դռներն իր առջև փակե՞լ էին, պատասխանեց. - «Դե շլագբաում է էլի։ Դրա համար կոնֆլիկտ եղավ։ Հրահանգել է, որ ոստիկանները չթողնեն մտնեմ։ Որ ինքը կապ չունի հրահանգելու հետ»։
Արթուր Պահլավունին հավելեց՝ արյունահոսություն է եղել, դրա համար դիմել է բժշկական օգնության, ապա ոստիկանություն։
Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել ֆիզիկական ներգործության հատկանիշներով: Փորձաքննությունից հետո պարզ կլինի, թե ինչ աստիճանի վնասվածքներ է ստացել Պահլավունին, կոմիտեից միայն այսքանը փոխանցեցին։
Մանրամասները՝ «Ազատության» ռադիոռեպորտաժում.