Այսօր գիշերը Ռոստովի մարզի Կամենսկի շրջանում նավթի պահեստում հրդեհ է բռնկվել։ Ականատեսները հայտնել են, որ դրան նախորդել է ուժեղ պայթյուն։ Վորոնեժի մարզում նահանգապետը հայտնել է, որ հրդեհ է բռնկվել «պայթուցիկ օբյեկտների մոտ», և երկու բնակավայր է տարհանվել։
Օգոստոսի լույս 28-ի գիշերը ռուսական Telegram ալիքները, վկայակոչելով ականատեսներին, հայտնել են Ռոստովի մարզի Կամենսկի շրջանի նավթի պահեստում ուժեղ հրդեհի մասին։
Ինչպես հայտնում է Baza տելեգրամյան ալիքը, նավթի պահեստի վրա հարձակումը տեղի է ունեցել գիշերը մոտ ժամը 3-ին, երկու անօդաչու թռչող սարք ընկել է տարածքի վրա, այս պահին այրվում է երեք տանկ: Նախնական տվյալներով՝ զոհեր և վիրավորներ չկան։
Ռոստովի մարզի ղեկավար Վասիլի Գոլուբևը հայտնել է, որ չորս ուկրաինական անօդաչու թռչող սարքեր են խոցվել շրջանի վրա։
«Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Տեղեկությունը ճշտվում է»,- նշել է նահանգապետ Վասիլի Գոլուբևը Telegram ալիքում։ Շրջանի ղեկավարը չի հայտնել, սակայն, որ Կամենսկի շրջանի նավթի պահեստում հրդեհ է բռնկվել։
Astra տելեգրամյան ալիքն էլ, հղում անելով տեղի բնակիչներին, հայտնում է, որ Ռոստովի մարզի Կամենսկի շրջանում այրվում է Rosrezerv Atlas գործարանը։ Նշվում է, որ գործարանը նավթամթերք է մատակարարում ռուսական բանակին։
Վորոնեժի շրջանում «անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են պայթուցիկ օբյեկտների մոտ», տարհանվել են երկու բնակավայրեր, ասել է նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։ Նրա խոսքով՝ օգոստոսի 28-ի վաղ առավոտյան տարածաշրջանում խոցվել է ուկրաինական անօդաչու թռչող սարք։
«Անօդաչու թռչող սարքի բեկորների անկումը պայթուցիկ օբյեկտների մոտ հրդեհ է առաջացրել», - բացատրում է նահանգապետ Ալեքսանդր Գուսևը Telegram-ի իր ալիքում:
Նրա խոսքով՝ օպերատիվ ծառայությունները որոշել են ժամանակավորապես տարհանել երկու բնակավայրերի բնակիչների։ «Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Բնակիչները վերադառնում են իրենց տները», - նշել է շրջանի ղեկավարը։