Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ու մյուսների գործով այսօր դատախազը միջնորդեց պահպանել մեղադրյալ Հրայր սարկավագ Հակոբյանի խափանման միջոցը:
Մեղադրյալը սկզբում կալանավորվել էր, ապա Վերաքննիչ դատարանը ազատ է արձակել նրան, ընտրել վարչական հսկողություն ու բացակայելու արգելք:
Մեղադրյալի փաստաբանը համաձայնեց դատախազի հետ:
Հրայր սարկավագը 18 մեղադրյալներից վերջինն է, որի խափանման միջոցի հարցը վերջերս սկսված դատավարության ընթացքում չէր քննվել:
Անցած տարի վարչապետի հրաժարականի պահանջով փողոցային պայքարի ելած Բագրատ Գալստանյանն ու մյուսները մեղադրվում են ահաբեկչության ու իշխանության յուրացման նախապատրաստության համար, մեղադրանքը չեն ընդունում:
Դատախազ Հայկ Հովհաննիսյանը պնդեց՝ կա վտանգ, որ մեղադրյալը ազատության մեջ կխոչընդոտի գործի քննությանը:
Դատարանը որոշեց բավարարել դատախազի միջնորդությունը մասնակի` հանելով վարչական հսկողությունը:
Դատարանը մերժեց բացարկ հայտնելու փաստաբանների միջնորդությունը: Մեղադրյալների փաստաբանները մի շարք խնդիրներ մատնանշեցին, հայտարարեցին, որ դատավոր Կարեն Ֆարխոյանն անաչառ ու անկողմնակալ չէ, նա առանց պաշտպանների քննել է մեղադրյալների կալանքը երկարացնելու հարցը: Նաև պնդեցին` սա քաղաքական ենթատեքստ ունեցող գործ է, և դատավորը չի կարող զերծ մնալ քաղաքական ազդեցությունից: