«Հրադադարի 30 օրերը հենց նրա համար են, որ մենք թղթին հանձնենք համաձայնեցված բոլոր քայլերը, անվտանգության երաշխքիների բոլոր ձևաչափերը, այն երաշխքիների, որ կգործեն Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո», - այսօր միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին ի պատասխան հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Զելենսկին ասել է, որ այժմ Ռուսաստանից է կախված՝ ուզում են կրակը դադարեցնել, թե՝ ոչ։
Ուկրաինայի նախագահը խոսել է նաև բանակցություններում կարմիր գծերի մասին։ Զելենսկին ընդգծել է, որպես նախագահ պարտավոր է չխախտել Սահմանադրությունը, ռուսական օկուպացիայի տակ հայտնված ուկրաինական հողերի մասին մոռանալ չեն կարող։
Սաուդյան Արաբիայում՝ Ջիդդայում տեղի ունեցած բանակցություններում Ուկրաինան համաձայնել է ընդունել անհապաղ 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը: Կրեմլի խոսնակն էլ ասել է, որ ոչինչ մեկնաբանել չեն կարող, քանի դեռ ԱՄՆ-ից չեն ստացել մանրամասն տեղեկատվություն Ջիդդայում անցկացված բանակցությունների վերաբերյալ։