Հույս ունենք տեսնել իրական փոփոխություններ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով՝ տրամադրությունը տարածաշրջանում փոխվում է, լարվածություն չկա:
Վարչապետը հավելել է, որ վերջին տարիներին բավականին ակտիվ երկխոսություն կա Թուրքիայի հետ:
«Ես մի քանի անգամ հանդիպել եմ նախագահ Էրդողանի հետ։ Անցյալ տարի հունիսին առաջին երկկողմ աշխատանքային այցս տեղի ունեցավ Թուրքիա, մենք շատ դրական երկխոսություն ունենք, բայց մյուս կողմից իրավիճակը բավական հասունացել է, որպեսզի գործնական քայլի վերածվի։ Ինչպես գիտեք, Հայաստան-Թուրքիա սահմանը փակված է 90-ականների սկզբից և մենք հույս ունենք տեսնել սահմանի բացումը, կան նախագծեր տրանսպորտի հետ կապված», - ասել է Փաշինյանը։
Հայաստանի վարչապետը հույս է հայտնել, որ TRIPP ուղին կշարունակի իր ուղին Հայաստանի տարածքով, հետո Թուրքիայի տարածքով մինչև Եվրոպական միություն: «Դա է մեր նախագիծը և մենք այդ ուղղությամբ աշխատում ենք», - ընդգծել է նա։
Անցած դեկտեմբերին Երևանն ու Անկարան տեղեկացրին՝ դյուրացնել են վիզաների տրամադրումը դիվանագիտական, հատուկ և ծառայողական անձնագրեր կրողների համար: Հունվարին արդենն թուրքական պետական «Անադոլուն» հայտնեց՝ Թուրքիա - Հայաստան սահմանին՝ Ալիջանի անցակետում վերազինման աշխատանքները գրեթե ավարտված են: Երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու պայմանավորվածություն Երևանն ու Անկարան ձեռք են բերել ավելի քան երեք տարի առաջ, երբ դեռ նոր էր մեկնարկել հարաբերությունների կարգավորման գործընթացը: