Արցախից տեղահանված Ժորա Հայրապետյանը 8 ամիս է՝ փորձում է հասկանալ՝ որտե՞ղ է հնարավոր պետության աջակցությամբ տուն գնել, որ նաև աշխատանքի հնարավորություն ունենա՝ ընտանիքի հոգսերը հոգա։
Երիտասարդ տղամարդը՝ մոր ու հաշմանդամ տատիկի հետ Գորիսում է ապրում։ Ասում է՝ կասկածում է, թե իրենց հաջողվի նորմալ պայմաններով տուն գնել, անգամ գյուղերում իրենց՝ 3-ին տրվող 15 միլիոն դրամ աջակցությամբ։ Դա է պատճառը, որ դեռ չեն էլ դիմել ծրագրին։
Հայրապետյանի խոսքով՝ իրենց շրջապատում էլ գրեթե տեղահանված ընտանիք չկա, որ օգտված լինի բնակարանային ապահովման ծրագրից։ Բոլորն են բողոքում, սակայն իրենց դժգոհությունը լսող չկա, ասում է։ Բայց դեռ հույսը չեն կորցնում, որ պետությունը կփոփոխի ծրագիրը։
«20 թվականին տեղահանվածներն են հիմնականում դիմել, 23 թվականին [տեղահանվածները] մեր շրջապատում դեռ չեն դիմել: Հույս ունենք, որ էս որոշումը փոփոխության կենթարկվի», - ասաց Հայրապետյանը:
Բնակարանային ապահովման ծրագիրը կառավարությունն անցած ամռանը սկսեց, այն նախատեսված է 25 հազար տեղահանված ընտանիքի համար. առաջին փուլում երեք և ավելի անչափահաս երեխա ունեցող կամ զոհվածի, կամ էլ հաշմանդամություն ունեցողների ընտանիքներն են ներառված. 4200 ընտանիք։ Անցած մոտ 8 ամիսներին, սակայն, ծրագրից քչերն են օտվել։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ընդունում են՝ ծրագրից օգտվողների թիվը սպասվածից քիչ է:
«Դիմելիություն գրեթե չունեինք, առաջին 30 հավաստագիրը տրամադրել ենք տարեվերջին, բայց արդեն ներկայում ունենք 633 հավաստագիր, որից 550-ը ձեռքբերման բաղադրիչով, 28-ը կառուցապատման, 55-ը՝ գործող հիփոթեքային վարկի մարման: Վստահեցնում եմ, որ այդ թվերն առաջիկայում ավելի կմեծանան, որովհետև դեռևս ունենք հայրենակիցներ, որվքեր սպասում են իրենց քաղաքացիությանը», - ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Գայանե Ղարագյոզյանը:
Դիմողների փոքր թիվն է պատճառը, որ անցած հինգշաբթի կառավարությունը մի շարք փոփոխություններ արեց ծրագրում։ 300-ով ավելացվել են այն բնակավայրերը, որոնց համար պետությունը հիմա ամեն ընտանիքի անդամի հաշվով տրամադրում է 4 միլիոն դրամ տուն գնելու կամ կառուցելու համար։
Մինչդեռ արցախցիներից շատերը այդքան լավատես չեն։ Արցախցի հասարակական գործիչ Լիանա Պետրոսյանը թերահավատ է, թե անգամ կառավարության այս փոփոխություններից հետո շատերը կցանկանան դիմել բնակարանային ապահովման ծրագրին։ Պետրոսյանը կառավարության այս ծրագիրը ձախողված է համարում, ասում է, այն փոփոխությունները, որոնք արվել են, տեսանելի չեն ու իրավիճակ դժար թե փոխեն:
«Բազմաթիվ առաջարկություններ են եղել տեղահանվածների կողմից, ցավոք սրտի, դրանց շատ փոքր մասն է այս պահին ընդունվել: Մեր կողմից ներկայացված առաջարկներում եղել է, որ պետք է հստակորեն լինի բազային գումարի վերանայում անխտիր բոլոր տեղահանվածների համար անկախ այն հանգամանքից, թե տեղահանվածը Հայաստանի Հանրապետության որ բնակավայրում կընտրի իր ապագա տունը», -նշեց Պետրոսյանը:
Լիաննա Պետրոսյանի խոսքով՝ քիչ չեն մարդիկ, որոնք խնդիրների են բախվում, երբ փորձում են ծրագրից օգտվել։ Շատերը հավելյալ գումար չեն կարողանում ներգրավել բանկերից։
Պետությունը նախատեսում է ծրագիրն ավարտին հասցնել մինչև 2029 թվականը։