Մատչելիության հղումներ

Հունվարի 17-ին կհրապարակվեն Նավալնիի փաստաբանների դատավճիռները


Ռուսական դատարանը հունվարի 17-ին կհրապարակի բանտում մահացած ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի փաստաբանների դատավճիռները, ովքեր 2023 թվականին մեղադրվել են «ծայրահեղականության» համար։

Նավալնու փաստաբաններ Վադիմ Կոբզևին, Ալեքսեյ Լիպցերին և Իգոր Սերգունինին վերագրվում է «ծայրահեղական» կազմակերպության մաս կազմելու մեղադրանքը, մեղադրող դատախազը յուրաքանչյուր փաստաբանի համար պահանջել է առնվազն հինգ տարվա ազատազրկում։

Ակնկալվում էր, որ հաջորդ շաբաթ նրանք մեղավոր կճանաչվեն, քանի որ քաղաքական գործերով արդարացման դատավճիռները գործնականում չեն լինում ռուսական դատարաններում։

Նավալնիի հակակոռուպցիոն հիմնադրամն ու Նավալնիի այլ նախաձեռնություններ որակվել են որպես ծայրահեղական և արգելվել Ռուսաստանում 2021 թվականին։

Կոբզևի, Սերգունինի և Լիպցերի դատավարությունը սկսվել է սեպտեմբերին և անցել է փակ դռների հետևում, սակայն դատավճիռը բաց կլինի լրատվամիջոցների համար: Ըստ մեղադրանքի՝ փաստաբաններն օգտագործել են իրենց «կարգավիճակը»՝ Նավալնիի և նրա համախոհների միջև հաղորդագրություններ փոխանակելու համար՝ օգնելով նրան «ծայրահեղական գործողություններ իրականացնել ճաղերի հետևում»:

Ալեքսեյ Նավալնիի ևս երկու նախկին փաստաբաններ՝ Ալեքսանդրա Ֆեդուլովան և Օլգա Միխայլովան, անցյալ տարի ստիպված են եղել հեռանալ Ռուսաստանից:

Իր մահից առաջ Նավալնին դատապարտել է փաստաբանների ձերբակալությունը՝ հայտարարելով, որ դա իրեն բանտում ավելի մեկուսացնելու արշավի մի մասն է:

Կրեմլի կոշտ քննադատ ընդդիմադիր Նավալնին մահացել է կասկածելի հանգամանքներում Արկտիկայի բանտային գաղութում 2024 թվականի փետրվարին: Նրա համախոհներն ասում են, որ նա սպանվել է, ամենայն հավանականությամբ, Կրեմլի հրամանով, ինչը Ռուսաստանի իշխանությունները հերքում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG