Հունգարիան արտաքսում է Բուդապեշտում Ուկրաինայի դեսպանատան երկու աշխատակիցների, այս մասին հայտարարել է այդ երկրի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։
Ֆեսյբուքում հրապարակված տեսաուղերձում հունգարական դիվանագիտության ղեկավարը ուկրաինացի դիվանագետներին մեղադրել է լրտեսության մեջ։
«Այսօր մենք Հունգարիայից արտաքսել ենք երկու լրտեսների, որոնք Բուդապեշտում Ուկրաինայի դեսպանատանը դիվանագիտական աշխատանքի քողի տակ լրտես են աշխատել», - հայտարարել է արտգործնախարար Սիյարտոն։
Ուկրաինական կողմն առայժմ չի արձագանքել։
Այսօր ավելի վաղ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ երկրում հունգարական լրտեսական ցանց է բացահայտել, որը գործել է ի վնաս Ուկրաինայի շահերի։
Պաշտոնական Բուդապեշտը մեղադրանքները քարոզչություն է որակել, արտգործնախարար Պետեր Սիյարտոն նաև հայտարարել է, որ պաշտոնական Կիևից դեռևս տեղեկատվություն չեն ստացել այդ պնդումների վերաբերյալ: