Ռուսաստանի կողմից վերահսկվող ուկրաինական Զապորոժիեի տարածաշրջանում հոսանքազրկումներ են արձանագրվել՝ Reuters- փոխանցմամբ հայտնում է «Կոմերսանտը»՝ մեջբերելով Ռուսաստանի կողմից նշանակված կառավարիչ Եվգենի Բալիցկիին:
Պաշտոնյան հավելել է, սակայն, որ կարևորագույն ենթակառուցվածքները շարունակում են անխափան գործել։ Այլ մանրամասներ նա չի փոխանցել, չի հայտնել նաև կոնկրետ պատճառների մասին։
Ռուսական ուժերի կողմից վերահսկվող հարավային Խերսոնին անօդաչուների հասցրած հարվածներից հետո ինը շրջան կտրվել է էլեկտրաէներգիայի ցանցից, տեղեկացրել է Մոսկվայի նշանակած կառավարիչ Վլադիմիր Սալդոն։
Վաղ առավոտյան ռուսական ուժերը հետ էին մղում Մոսկվայի, ինչպես նաև Յարոսլավլի և Լենինգրադի մարզերի վրա ԱԹՍ հարձակումները, հայտնել են տեղական պաշտոնյաները։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ դեպի Մոսկվա ուղևորվող չորս ԱԹՍ է խոցվել։ Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան:
Յարոսլավլից և Լենինգրադից պաշտոնապես հաստատում են, որ զոհեր և վիրավորներ չկան։
Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության՝ ռուսական զինուժը գիշերը 217 ԱԹՍ է վնասազերծել։
Reuters-ն անկախ աղբյուրներից հնարավորություն չի ունեցել ստուգելու տեղեկատվությունը:
Հաղորդվում է նաև, որ Ուկրաինայի Սումիի տարածաշրջանում ռուսական անօդաչուների հարվածները 11 բնակչի, այդ թվում՝ 13-ամյա տղայի, վիրավորման պատճառ են դարձել։