Մատչելիության հղումներ

«Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված, կարճված, ապա վերսկսված գործով նախաքննությունն ընթացքի մեջ է. Դատախազություն


2024 թվականի հոկտեմբերի 27-ից հետո քրեական վարույթով, ի թիվս այլնի, կատարվել են ապացուցողական և վարութային բազմաթիվ գործողություններ, մասնավորապես՝ հարցաքննություններ, ուղարկվել են տեղեկատվության պահանջի մասին դիմումներ, տրվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ, առգրավվել են հույժ գաղտնի փաստաթղթեր: Այս մասին «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնեցին Գլխավոր դատախազությունից՝ հավելելով, որ նախաքննությունն ընթացքի մեջ է:

Անցած տարվա հոկտեմբերի 27-ին Դատախազությունը հայտարարել էր, որ 2019-ի դեկտեմբերի 27-ին վերսկսվել է «Հոկտեմբերի 27»-ի գործից 2004-ի թվականի հուլիսի 11-ին անջատված և նույն տարվա նոյեմբերի 11-ին կարճված քրեական գործը: «Վերսկսման համար հիմք է հանդիսացել տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյանի և նրա ներկայացուցչի՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված բողոքը, որով վերջիններս խնդրել էին վերացնել ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության պետի տեղակալի՝ քրեական գործի վարույթը կարճելու մասին 2004 թվականի նոյեմբերի 11-ին որոշումը», - ասված էր հաղորդագրությունում:

Դատախազությունը մանրամասնել էր կատարված և շարունակվող գործողությունները, հայտնելով, որ «գլխավոր դատախազի՝ 2024 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ քրեական վարույթով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Քննչական կոմիտեին», և որ «նախաքննությունն ընթացքի մեջ է»։

1999 թվականին Նաիրի Հունանյանի հանցախումբը, ներխուժելով Ազգային ժողով, սպանեց խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին և նախարար Լեոնարդ Պետրոսյանին, ևս 8 հոգի վիրավորվեց։

2003-ի դեկտեմբերին դատարանը Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին դատապարտեց ցմահ ազատազրկման, հանցախմբի ևս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:

Ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը հետագայում ինքնասպանություն գործեց, իսկ 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը հանկարծամահ եղավ։

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նախորդ տարվա ամռանը մահացավ գործով ցմահ դատապարտյալ Աշոտ Կնյազյանը։

Զոհերի հարազատները պնդում են, որ բացահայտված չեն Հոկտեմբերի 27-ի պատվիրատուները։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG