Մատչելիության հղումներ

Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետին ընդունել է Հայաստանի վարչապետը

Լուսանկարը՝ Կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ Կառավարության լրատվականի

Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ Անիլ Չաուհանի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի գործընկերների հետ ունեցել է արդյունավետ քննարկումներ՝ հետագա համագործակցության խթանման նպատակով։ Այս մասին գեներալ Չաուհանը հայտնել է այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:

Կառավարության լրատվական վարչության հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցներն անդրադարձել են պաշտպանության և անվտանգության ոլորտում հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցերի։

Վարչապետը համոզմունք է հայտնել, որ Անիլ Չաուհանի այցը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների շարունակական զարգացմանը, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետը Հայաստան է ժամանել կիրակի օրը, երեկ նրան ընդունել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Ըստ հնդկական աղբյուրների՝ Հայաստանը Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի կողքին Հնդկաստանի արտադրած զինատեսակների ամենախոշոր ներկրողներից է: Շաբաթներ առաջ տեղի լրատվամիջոցները գրեցին Pinaka համազարկային հրթիռների Հայաստան առաքման մասին, այդ առթիվ անցկացված պաշտոնական միջոցառմանը նաև Հնդկաստանի պաշտպանության նախարարն է մասնակցել: 2024-ի ավարտին էլ աղբյուրները գրում էին, որ Հայաստանն արդեն ստացել է Pinaka համակարգերի առաջին խմբաքանակը:

XS
SM
MD
LG