Մատչելիության հղումներ

ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու տուրքը «պետք է բարձրացվի ոչ թե 6 անգամ, այլ հարյուրապատիկ»


ՀՀ քաղաքացու անձնագիր, արխիվ
ՀՀ քաղաքացու անձնագիր, արխիվ

Կառավարությունն Ազգային ժողով է ուղարկել փոփոխությունների փաթեթ, որով առաջարկվում է քաղաքացիություն ստանալու տուրքը 1000 դրամից դարձնել 50 հազար, իսկ հրաժարվելու համար՝ 25 հազարից դարձնել 150 հազար, վերջինի դեպքում տուրքը կբարձրանա վեց անգամ։ Տուրքերից ազատվում են փախստականները և քաղաքացիություն չունեցող անձինք:

Մինչ նախագիծը ներկայացվում է անձնագրային ոլորտին վերաբերող բարեփոխումների ու թվայնացման համատեքստում, այն, այնուամենայնիվ, կապ ունի նաև պաշտպանական ոլորտի քաղաքականության հետ, կարծում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։

Խորհրդարանի ամբիոնից ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից հեռացված պատգամավոր Գեղամ Նազարյանն ասաց՝ համաձայն չէ քաղաքացիությունից հրաժարվելու տուրքի վեց անգամ բարձրացմանը, այն պետք է բարձրացնել հարյուրապատիկ։

«Էս հարցը շատ ավելի կարևոր է, քան կարող թվալ: Քաղաքացիությունից հրաժարվելու, ոմանց մոտ, ցավոք ոմանք շատ են, տարիներ շարունակ մի վատ սովորություն է եղել՝ քաղաքացիությունից հրաժարվելով մեղք են գործել Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ իրենց երեխաներին զերծ պահելով Հայաստանի Զինված ուժերում ծառայելուց», - ընդգծեց Նազարյանը:

Տվյալները, թե տարեկան արական սեռի քանի պատանի է դիմում քաղաքացիությունից հրաժարվելու համար, առանձին հասանելի չեն։ Ներքին գործերի նախարարությունից տեղեկացանք, որ հասանելի է միայն բոլոր մարդկանց թիվը, որոնք տարվա ընթացքում դադարեցնում են քաղաքացիությունը. այս տվյալը ստանալու համար «Ազատություն»-ը հարցում է արել:

Մինչ այդ, Նազարյանն ասաց՝ որպես պատգամավոր ինքը տեղյակ է, թե արական սեռի անչափահասների շարքում տարեկան մոտ քանի հոգի է ցանկություն հայտնում այլևս չլինել Հայաստանի քաղաքացի: Խնդիրն, ըստ նրա, առկա է տասնամյակներ շարունակ, քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը սկսվում է, երբ տղաները 14-15 տարեկան են. - «Որը հրապարակման ենթակա չի, շատ ցավալի տվյալներ են, ամոթալի մեր երկրի համար: Մինչև 44-օրյան էլ, 44-օրյայից հետո էլ էս պատկերը շատ տխուր է»:

Մինչ Նազարյանն առաջարկում է մինչև 24 տարեկանների դեպքում Հայաստանի անձնագրից հրաժարվելու տուրքը հասցնել մինչև անգամ 15 միլիոն դրամի, իրավապաշտպանն ասում է, որ պետք է վերացնել ոչ թե հետևանքը, այլ պարզել առաջացած խնդրի պատճառը։

«Պատճառը բանակի ոչ ժամանակակից վիճակն է, և այն ռեֆորմը, որը տարիներ շարունակ մենք սպասում ենք, որ բանակային ռեֆորմ կարող է իրականացվել Հայաստանում, բանակի զորակոչային շրջանակները փոխվեն, զորակոչը որպես այդպիսին կազմակերպվի շատ ավելի ճկուն, Հայաստանի քաղաքացիներին առաջարկվեն տարբեր փաթեթներ, տրվի տարկետման իրավունք, տրվի տաբեր տիպի՝ կրթությունից չկտրվելու և կրթության հետ զուգահեռ ծառայելու հնարավորություն», - ընդգծեց Զարուհի Հովհաննիսյանը:

Զորակոչի գործընթացներում զրո ճկունություն, բանակի ներսում՝ բարեփոխումների բացակայություն. իրավապաշտպանի կարծիքով՝ Զինված ուժերում ծառայությունը հրապուրիչ չէ ոչ միայն Հայաստանի անվտանգային խնդիրների, այլև թվարկված պատճառներով. - «Մենք այս ասպարեզում չունենք առաջընթաց: Փոխարենը՝ մենք փորձում ենք առողջական խնդիրների հետ կապված սեղմել շրջանակը, քաղաքացիությունը փոխելու տեսանկյունից սեղմել շրջանակը: Միևնույն է՝ այդ սողանցքները, որքան էլ բարդեցնենք, առաջանալու են, եթե չկա բուն խնդրի հետ կապված փոփոխություն և լուծում»:

Վերջին երկու ամսում Կառավարությունը երկու որոշում է ընդունել, որոնք պետք է նվազեցնեն ծառայությունից խուսափելու սողանցքները. մեկը վերաբերում հիվանդությունների ցանկի խստացմանն ու կրճատմանը, մյուսով նախատեսում են թվայնացնել պատանիների առողջության մասին բոլոր տվյալները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG