Հայաստանում անցած երեք ամիսներին ավելացել են լրագրողների և լրատվամիջոցների դեմ տարատեսակ ճնշումները։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր ներկայացրեց կոմիտեի վերջին զեկույցը, ըստ որի՝ ճնշման 36 դեպք է արձանագրվել ապրիլ-հունիս ամիսներին՝ 11 դեպքով ավելի անցած տարվա նույն ժամանակահատվածից։
«Եթե մենք նայում ենք ֆիզիկական բռնությունները, ապա դրանք երկուսն են եղել և իրականացվել են իրավապահ մարմինների կողմից, և ավելացել են տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումները, դրանք 39-ն են, ինչը 10-ով ավելին է նախորդ եռամսյակի համեմատ», - ասաց նա:
Լրագրողների, ԶԼՄ-ների դեմ հայցերը ևս, ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահի, ավելացել են։ Վիրավորանքի և զրպարտության հիմքով 16 նոր հայց է ներկայացվել։ Համաձայն զեկույցի՝ ընդդեմ լրագրողների ամենից շատ հայցերը պաշտոնյաներն ու գործարարներն են ներկայացնում դատարան։ Մելիքյանը սա մտահոգիչ միտում է համարում։
«Միջազգային կառույցները այս միտումը ամենևին էլ չեն ողջունում և համարում են, որ հատկապես երբ պաշտոնյաներն են դատական հայցերը ներկայացնում, սա բացասական միտում է։ Մենք առանձնացրել ենք նաև այդ 16 գործերի հայցվորներին։ Եվ այս առումով հետաքրքիր է, որ 6 գործով դրանք բիզնես միջավայրի ներկայացուցիչներ են, 3-ը՝ պետական նախկին և ներկա պաշտոնյաներ, 2-ը՝ քաղաքական գործիչներ, 2-ը՝ 2 գործով առողջապահական ոլորտի ներկայացուցիչներ, 2 գործը՝ քաղաքացիներ, ֆիզիկական անձինք, և մեկը՝ փաստաբան», - մանրամասնեց նա։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը մտահոգիչ է համարում նաև լրագրողների նկատմամբ սպառնալիքները, վիրավորանքները, անվայելուչ վերաբերմունքը, ընդ որում՝ մեծամասամբ պաշտոնյաների կողմից։ Ըստ Մելիքյանի՝ նման դեպքերը աստիճանաբար ավելանում են: Կարծում է՝ նման վարքագիծը քաղաքական միջավայրում դառնում է սովորական երևույթ։
«Մենք արձանագրել ենք մի բավականին մեծ քանակի այդպիսի դեպքեր, և մեծամասնությունը ամենաշատը՝ 17 դեպքը, իրականացվել է պետական մարմինների ներկայացուցիչների կամ պաշտոնյաների կողմից, և սա իսկապես շատ մտահոգիչ է», - նշեց նա։
Աշոտ Մելիքյանը հայաստանյան լրատվադաշտը խիստ բևեռացված է համարում, հայտարարում՝ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի, հոգևորականների կալանավորումներին հաջորդած լարված մթնոլորտը ևս մեկ անգամ դա ապացուցեց:
«Շատ քիչ էին այն լրատվամիջոցները, որոնք որ համակողմանի լուսաբանում էին թե՛ մի, թե՛ մյուս ճամբարի, թե՛ 3-րդ քաղաքական ճամբարի մեր տեսակետները և նաև համակիրների, և հասկանալի է, որ այս պայմաններում և՛ լրատվամիջոցները, և՛ լրագրողները կախված քաղաքական կողմնորոշումներից փաստորեն ճնշումների են ենթարկվում, և բարդություններ էին առաջանում նրանց գործունեության ընթացքում: Նորություն չէ, որ ընդդիմադիր մամուլի ներկայացուցիչները շատ բարդ հարաբերություններ ունեն իշխանականական պատգամավորների, պաշտոնյաների հետ, և դժվար է այդ համագործակցությունը, և հակառակը՝ իշխանության հետ ասոցացվող լրատվամիջոցների լրագրողները հաճախ բարդություննների են բախվում ընդդիմադիր գործիչների հետ շփվելիս», - նկատեց Մելիքյանը:
Փորձագետն անդրադարձավ նաև վարչապետի ու նրա կնոջ բառապաշարին՝ այն դատապարտելի համարելով. «Բառապաշարը, որով վարչապետն ու իր տիկինն արձագանքում են իրենց հասցեին վիրավորանքներին, ինձ համար սկզբունքորեն անընդունելի են և դատապարտելի: Ես կարծում եմ, որ երկրի առաջին դեմքը և իր տիկինը պետք է շատ ավելի զուսպ, ինքնատիրապետող լինեն և հասարակության համար օրինակ ծառայեն կիրթ արտահայտվելու առումով: Իրենց մեկնաբանությունները երբ ես կարդում եմ, ուղղակի ամոթ եմ զգում իրենց փոխարեն»:
Հայաստանյան մամուլի բևեռացվածության մասին նաև «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն էր իր զեկույցում նշել։ Չնայած Հայաստանը 9 կետով բարելավել էր իր դիրքը Մամուլի ազատության սանդղակում, սակայն հեղինակավոր կազմակերպությունն արձանագրել էր, որ Հայաստանն առերեսվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի։ Դա, ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության, պայմանավորված է ներքաղաքական լարվածությամբ, սահմանների անվտանգության խնդիրներով և Ռուսաստանի ու Եվրոպական միության միջև բարդ աշխարհաքաղաքական դիրքով։