Կարևոր է օրերս Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված Ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը, «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱՄՆ արտաքին քաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով փորձագետ Յան Բժեզինսկին՝ նշելով՝ այն արդիականացնում է Հայաստանի և Միացյալ Նահանգների երկկողմ հարաբերությունները։
«Մինչ այդ հարաբերությունները հիմնականում կարող էին բնութագրվել որպես ռազմավարական երկխոսություն, այժմ, թվում է, թե հիմք է ստեղծվել տեղափոխելու այս հարաբերություններն ավելի գործնական փուլ: Այն նախանշեց պաշտպանության և անվտանգության ոլորտում հնարավոր ավելի խորը համագործակցության օրակարգ: Այս օրակարգը ներառում է օժանդակություն Հայաստանին՝ իր էներգիայի աղբյուրները դիվերսիֆիկացնելու գործում, գուցե նույնիսկ փոքր ատոմակայանների՝ Հայաստանի ենթակառուցվածքի մաս դարձնելու հնարավորությունը: Ինձ համար դա նշանակալի է այն առումով, որ այն արտացոլում է Հայաստանի աշխարհաքաղաքական հայացքների կարևոր տեղաշարժը և, հնարավոր է, նույնիսկ աճող հիասթափությունը Ռուսաստանից», - «Ազատության» հետ զրույցում ասաց փորձագետը:
Հայաստանը և Միացյալ Նահանգները հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրեցին Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Փաստաթուղթը համագործակցության մի քանի բաժիններ է ներառում՝ պաշտպանություն, անվտանգություն, ժողովրդավարություն, արդարադատություն, տնտեսական, տրանսպորտային ու էներգետիկ ոլորտներ։
«Ստեղծում ենք ռազմավարական գործընկերության հանձնաժողով, ինչը ենթադրում է ընդլայնել փոխգործակցությունը տնտեսական, անվտանգության և պաշտպանության, ժողովրդավարության, ներառականության և միջանձնային հարաբերությունների ոլորտներում», - հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Կառավարությունն անցած շաբաթ նաև հավանություն տվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի նախագծին։ Բժեզինսկին հիշեցնում է՝ հայ-ամերիկյան համաձայնագիրը նախորդեց Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած նախագծին։ Փորձագետի կարծիքով՝ սա հետընթաց է Ռուսաստանի տարածաշրջանում ունեցած հարաբերությունների և ազդեցության համար:
«Դա ցույց է տալիս, թե ինչպիսի սխալներ է արել Ռուսաստանը Հայաստանի հետ իր հարաբերություններում՝ մտածելով, որ Հայաստանը կա ու կլինի միշտ», - ասաց փորձագետը։
Յան Բժեզինսկիի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․