Ժամեր տևած լռությունից հետո «Հեզբոլա»-ն հաստատեց իսրայելական բանակի պնդումները՝ խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլան սպանվել է։
Լիբանանյան շիա ռազմաքաղաքական խմբավորումը, որը Միացյալ Նահանգները ահաբեկչական կառույց է ճանաչել, պնդում է Նասրալլայի կորստից հետո էլ Իսրայելի դեմ պայքարը կանգ չի առնի։
Իսրայելի բանակը դեռ ժամեր առաջ էր հայտարարել՝ Նասրալլան երեկ երեկոյան Բեյրութին հասցրած ծանր հարվածների զոհերի թվում է։ Իսրայելի բանակի խոսնակ Ավիչայ Ադրեյի խոսքով ՝ սպանվել է ոչ միայն խմբավորման երկարամյա առաջնորդը, այլև նրա մի շարք բարձրաստիճան զինվորական ենթականեր, այդ թվում՝ «Հեզբոլա»-ի հարավային ճակատի հրամանատար Ալի Քարքին։
«Ուղերձը պարզ է. մենք կհասնենք բոլորին, ովքեր սպառնում են Իսրայելի քաղաքացիներին հյուսիսում, հարավում և ավելի հեռավոր ճակատներում», - նշել է նա:
Նասրալլայի մահվան մասին առաջին լուրերի ֆոնին «Հեզբոլա»-ին տարիներ շարունակ ֆինանսական և ռազմական աջակցություն ցուցաբերող Իրանի գերագույն առաջնորդը հայտարարություն տարածեց: Դատապարտելով «Լիբանանի անպաշտպան ժողովրդի կոտորածը»՝ այաթոլա Ալի Խամենեին Իսրայելի քաղաքականությունը որակել է «անհեռատես ու հիմար»։
«Իսրայելցի հանցագործները պետք է իմանան, որ իրենք չափազանց փոքր են՝ Լիբանանում «Հեզբոլա»-ի հենակետերին որևէ զգալի վնաս պատճառելու համար»:
Նասրալլայի մահվան մասին լուրերի ֆոնին, ինչպես հաղորդեց Reuters-ը, այաթոլա Խամենեյին տեղափոխվել է երկրի ներսում անվտանգ վայր՝ ուժեղացված անվտանգության պայմաններում։ Իրանցի պաշտոնյաները լրատվամիջոցին հայտնել են, որ Թեհրանը մշտական կապի մեջ է «Հեզբոլա»-ի և տարածաշրջանային այլ վստահված խմբավորումների հետ՝ որոշելու հետագա քայլերը։
Իր հայտարարության մեջ Իրանի գերագույն առաջնորդը վստահեցրեց տարածաշրջանային բոլոր ուժերը աջակցում և կանգնած են «Հեզբոլա»-ի կողքին»:
Փորձագետների համոզմամբ՝ Նասրալլայի մահը մեծ կորուստ է ոչ միայն խմբավորման, այլև Իրանի համար
Փորձագետների համոզմամբ՝ «Հեզբոլա»-ի առաջնորդի մահը մեծ կորուստ է ոչ միայն խմբավորման, այլև Իրանի համար։ Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան Հեյկո Վիմմենը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում միաժամանակ կարծիք է հայտնում, որ «Հեզբոլա»-ին հասցված Իսրայելի վերջին հարվածները կստիպեն խմբավորմանը ուժգին պատասխան տալ, փորձելու ապացուցել, որ դեռ կա։
«Ակնհայտ է, որ դա ևս մեկ դրամատիկ հարված էր: Ընդհանուր առմամբ, այդ խմբավորումը չափազանց ինստիտուցիոնալացված է գլխատվելու համար, բայց իսրայելցիներն այնքան շատ կադրեր են վերացրել, որ ի վերջո նրանց մոտ վստահության պակաս կա», - նշել է փորձագետը:
Այս տեսակետը կիսում է նաև Վաշինգտոնում գործող Ազգային անվտանգության ինստիտուտի վերլուծաբան Նորման Ռուլեն՝ նշելով, որ Իսրայելը «Հեզբոլա»-ին այնքան է թուլացրել, որ ի վերջո Լիբանանի կառավարությունը կարող է վերացնել խմբավորմանը:
«Իսրայելի պաշտպանական ուժերը արմատախիլ են արել «Հեզբոլա»-ի ղեկավարության մի ամբողջ սերունդ, որն իր հետ տանում է փորձառության մի ամբողջ պաշար, ինչը անփոխարինելի է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Ռուլեն։
Նասրալլայի մահը մեծ ամոթ է նաև Իրանի ղեկավարության համար, նկատում է բեռլինցի վերլուծաբան Ալի Ֆաթհոլլահ-Նեժադը:
«Դա ամենածանր հարվածը կլինի Թեհրանի տարածաշրջանային դիրքին ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածից գեներալ Քասիմ Սոլեյմանիի սպանությունից հետո: Նասրալլան, Սոլեյմանին և Խամենեին հանդիսանում են Իրանի ընդլայնվող տարածաշրջանային հավակնությունների առանցքը», - նշում է Ֆաթհոլլահ-Նեժադը:
64-ամյա Նասրալլան «Հեզբոլա»-ն առաջնորդում է 30 տարի՝ այդ ընթացքում շիա աշխարհազորայիններին դարձնելով թե՛ ամենաազդեցիկ քաղաքական ոժը Լիբանանում, թե՛ դառնալով հարևան Իսրայելի հզոր հակառակորդներից մեկը։
Շիա հոգևորականը ծնունդով Բեյրութից է․ «Հեզբոլա»-ին է միացել 1982 թվականին Իսրայելի՝ հարավային Լիբանան ներխուժումից հետո։ Հենց Նասրալլայի ջանքերի արդյունքում է սորտ կապեր հաստատվել խմբավորման և պաշտոնական Թեհրանի միջև: