Ահաբեկչության և իշխանության յուրացման փորձի համար մեղադրվող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատավարությունն այսօր էլ կարճ տևեց. դատարան չէր բերվել անցած շաբաթ դատավորներին, քննիչներին ու դատախազներին ֆեյսբուքյան գրառմամբ կոշտ քննադատելու համար կալանավորված փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
Նրա պաշտպանյալ Արմեն Ալեքսանյանը պնդեց, որ փաստաբանից չի հրաժարվում, այլ փաստաբան էլ չի կամենում:
«Փաստաբան Կոչուբաևին պահանջում եք, բայց կարող է՞ նա այս պայմաններում ներկա գտնվել», - հարցրեց դատավոր Կարեն Ֆարխոյանը:
«Ես հրաժարվում եմ հանրային պաշտպանությունից», - արձագանքեց Ալեքսանյանը:
Մյուս փաստաբանները պնդեցին՝ դատավորը պետք է ապահովի կալանքի տակ գտնվող փաստաբանի մասնակցությունն այս նիստին, և որևէ խոչընդոտ չկա, «որպեսզի դատարանը ինչպես ապահովում է այլ մեղադրյալների ներկայությունը, որոնք գտնվում են անազատության մեջ, նույն կերպ ապահովի նաև փաստաբան, պաշտպան Կոչուբաևի ներկայությունը դատարանում»:
«Մեղադրյալի բացառիկ իրավունքն է՝ պաշտպանվել իր կողմից ըտրված պաշտպանի միջոցով, իսկ իր կողմից ընտրված պաշտպանը հանդիսանում է Ալեքսանդր Կուչուբաևը», - ընդգծեցին փաստաբանները:
Դատախազները սկզբունքորեն չառարկեցին, բայց տարակուսեցին, թե ինչպես է հնարավոր կալանավորված փաստաբանին բերել դատարան, և նշեցին, որ կան նաև այլ տարբերակներ, այդ թվում՝ հանրային պաշտպան ներգրավելու միջոցով լուծել հարցը:
Դատարանն ի վերջո որոշեց դիմել հանրային պաշտպանի գրասենյակ՝ նոր փաստաբան ներգրավելու, ինչին նորից ընդդիմացավ մեղադրյալը. - «Իսկ որ հրաժարվում ե՞նք»:
«Իսկ որ հրաժարվեք, դա արդեն դատարանը կորոշի՝ կընդունի՞ հրաժարումը, թե՞ ոչ», - պատասխանեց Ֆարխոյանը:
Այսօր դատավարության սկզբում դատարան չէր եկել նաև տնային կալանքի տակ գտնվող մեղադրյալ Աղվան Արշակյանը: Նա գլխուղեղի քաղցկեղ է հաղթահարել: Փաստաբան Նարե Հոնարչյանը հայտարարեց, որ օրերս իր պաշտպանյալը վատացել է, շտապօգնություն է եկել, որը, սակայն, թեև կարիք տեսել է մեղադրյալին տեղափոխելու հիվանդանոց, բայց նման իրավունք չի ունեցել: Թույլտվության համար փորձել են զանգահարել պրոբացիայի ծառայություն, բայց այդպես էլ որևէ մեկը չի արձագանքել, հիվանդ մեղադրյալն էլ մնացել է տանը: Արշականն ուշացումով բերվեց դատարան, պատմեց, որ ինքնազգացողությունը վատացել էր, բայց այդպես էլ հիվանդանոց գնալու իրավունք չի ստացել:
Այս գործով մեղադրյալները 18-ն են: Անցած տարի վարչապետի հրաժարականի պահանջով փողոցային պայքարի ելած Տավուշի թեմի նախկին առաջնորդն ու նրա համախոհները մեղքը չեն ընդունում: Պնդում են՝ սա քաղաքական հետապնդում է, որով իշխանությունները փորձում են իրենց վերագրել օրենքով արգելված այնպիսի գործողություններ, որոնք իրենք չեն կատարել:
Ամռանը Քննչական կոմիտեն նրանց վերագրեց ծանր հանցագործություն, հայտարարեց, որ ահաբեկչության փորձ են բացահայտել:
Քննչականը տարածել էր նաև տարբեր ապացույցներ, այդ թվում՝ գաղտնալսումներ և հեռախոսային խոսակցություններ: Բագրատ արքեպիսկոպոսի ու նրա մտերիմների հեռախոսային կամ պարզապես զրույցները գաղտնալսած իրավապահները պնդում են, որ նրանք ցանկացել են իշխանությունը յուրացնել զենքով, ապօրինի այլ իրերով: Պնդում են, որ այդ խոսակցություններում լսվում է նաև Գալստանյանի ձայնը, ով ենթադրաբար խոսում էր «գյուլլելու, սպանելու մասին»:
Քննչականի նախագահ Արթուր Պողոսյանը պնդել էր՝ Ազգային անվտանգության ծառայության ուժերով չեզոքացվել է պետության՝ սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցավոր ոտնձգությունը:
«Պետք է փակեին Հայաստանի Հանրապետությունում գրեթե բոլոր միջպետական ճանապարհները, Երևան մուտք գործող ճանապարհները, վառել ավտոմեքենաները, ջարդել խանութները, փողոցներում շաղ տալ ավտոմեքենաների անիվները վնասող աստղիկներ, որպեսզի ստեղծեն ավտովթարներ», - հավելել էր Պողոսյանը:
Քննչականն ամռանը հրապարակել էր տարբեր թղթեր, գաղտնալսումներ և պնդել՝ Գալստանյանը և նրա համախոհները «Սրբազան պայքար» շարժման անվան տակ «պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»: Իսկ արդյունքի հասնելու համար պետք է գործի դնեին նաև արգելված միջոցներ՝ զենքեր ու պայթուցիկներ: Ըստ իրավապահների՝ կարևորը ոչ թե հավաքներն էին, որ շարժումը պարբերաբար կազմակերպում էր, այլ ձևավորվող 25-հոգանոց խմբերը, որոնք տարաբնույթ գործողություններով պետք է ջլատեին Կառավարությանը, հասնեին իշխանության յուրացման:
Գլխավոր դատախազն էլ Հանրայինի եթերում հայտարարել էր ծանրակշիռ ապացույցների մասին և ընդգծել՝ այդ խումբը պետք է հասներ ընդհուպ վարչապետին։