Մատչելիության հղումներ

«46 հազար դոլարը ծառայողական մեքենայի համար շատ է». Սպիտակի համայնքապետի նոր մեքենան


Սպիտակի համայնքապետը նոր, 46 հազար դոլարանոց ծառայողական մեքենա ունի՝ տեղական բյուջեի հաշվին։ 24 թվականի արտադրության ամենագնացը Սպիտակի համայնքապետարանի 6 ծառայողական մեքենաներից մեկն է։

Մեկ ամիս առաջ համայնքի ավագանին առանց հարցուպատասխանի, առանց մանրամասներ պահանջելու, միաձայն կողմ քվեարկեց ու թանկարժեք GEELY MONJARO-ն համայնքի հաշվեկշիռ ընդունեց։ Նիստը արտահերթ էր, ծառայողականի հարցն էլ հենց նիստի սկզբում արտահերթ կարգով օրակարգ մտցվեց՝ համայնքապետի տեղակալի առաջարկով։

Սպիտակի ավագանու անկախ անդամ Համլետ Մազմանյանը, որ մեկ տարի առաջ դուրս եկավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, շռայլության համար քննադատում է իր նախկին թիմակիցներին։ Ասում է՝ կենսական խնդիրներ ունեցող Սպիտակում 46 հազար դոլարը ծառայողական մեքենայի համար շատ է, գնումը՝ անիմաստ։

«Հայաստանը, առավել ևս Սպիտակն էդ վիճակում չի, որ անդադար ֆինանսական միջոցներ հատկացվեն հատկապես, էդ կարգի թանկարժեք մեքենաներ որպեսզի տրամադրվի համայնքապետարանի աշխատակիցներին համայնքին ծառայելու համար», - նշեց Մազմանյանը:

Դեռ 2021-ին Սպիտակի համայնքապետին մեկ այլ՝ «Լեքսուս» մակնիշի ծառայողական մեքենա էր հասել Սպիտակին միացած Ջրաշեն գյուղից։ Դա Ջրաշենի այն ժամանակվա գյուղապետ Վահան Ուռուսյանն էր Դուբայից 10 հազար դոլարով ներմուծել, անհատույց նվիրել իր մերձավորին, ապա երկու ամիս անց նույն ավտոմեքենան համայնքի բյուջեի հաշվին, գրեթե կրկնակի թանկ՝ 20 հազար դոլարով գնել՝ որպես ծառայողական մեքենա։

Սպիտակի խոշորացումից հետո քրեական գործ էր հարուցվել ենթադրյալ խախտումներով ձեռքբերված «Լեքսուս»-ի գործով։ Ի վերջո այն Սպիտակ քաղաք գնաց՝ նորընտիր համայնքապետ Քաջայր Նիկողոսյանին ծառայելու։ Քրեական գործն՝ այդպես էլ դատարան չհասավ։

Ինչո՞ւ է ընդամենը մի քանի տարեկան «Լեքսուս»-ի փոխարեն Սպիտակի համայնքապետարանը նոր, կրկնակի թանկ մեքենա ձեռքբերել։ Համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը հրաժարվեց ուղիղ պատասխանել «Ազատության» հարցին, հորդորեց գրավոր հարցում ուղարկել։

«Ինչ հարց ունեք, խնդրում եմ, գրավոր տվեք, կպատասխանեմ», - ասաց Նիկողոսյանը:

Գրավորին պատասխանել է, թե «Լեքսուս»-ը վթարի է ենթարկվել, չի շահագործվում։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը 8 ամիս առաջ լուսանկարներ էր հրապարակել վթարից։ Պարզ չէ, հնարավո՞ր է վերանորոգել մեքենան ու շահագործել, համայնքապետարանից չեն մանրամասնում։ «Ազատության»-ը միայն հայտնել են, որ վթարից հետո ապահովագրական ընկերություններն իրենց չեն փոխհատուցել, քանի որ պարզվել է՝ համայնքապետարանի վարորդն է եղել վթարի պատճառը։ Վթարի գործով քրեական վարույթ չկա, վթարված «Լեքսուս»-ի ճակատագիրն անհայտ է, դրա փոխարեն համայնքի ղեկավարը նոր GEELY MONJARO ամենագնաց ունի։

«Աստված մի արասցե, էս մեքենան էլ վրան մի հատ խազ եղավ կամ մի փոքր վնասվածք կրեց, նորն ենք առնելո՞ւ, ամեն 2-3 տարին մեկ մինչև 50 հազար դոլարի ֆինանսական միջոցներ ենք հատկացնելո՞ւ մեքենաներ գնելու մասով», - նշեց Համլետ Մազմանյանը:

Երկու ամիս առաջ ծառայողական ամենագնացի ձեռքբերման մրցույթին մասնակցել է երեք ընկերություն։ Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանի ղեկավարած գնահատող հանձնաժողովի արձանագրության մեջ, սակայն, որպես հաղթող ընկերություն նշված է մեկ այլ կազմակերպության՝ «Կամօյլ»-ի անունը, որը չկա մասնակիցների ցանկում։ Ավելի ներքևում նշել են, մինչդեռ, որ պայմանագիր կկնքեն մասնակից երեք ընկերություններից «Մուրան»-ի հետ, որն ընդամենը 2000 դրամով էժան գնային առաջարկ էր արել։

Ինչպե՞ս է մրցույթին չմասնակցած ընկերության անունը որպես հաղթող նշվել գնահատող հանձնաժողովի արձանագրության մեջ։ Սպիտակի համայնքապետարանից ասում են՝ վրիպակ է։ Մինչ այսօր գնումների կայքում շտկված չէ վրիպակն ու տեղադրված չէ գնման պայմանագիրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG