Մատչելիության հղումներ

Կողմնակալության ու իշխանության հրահանգը կատարելու մեղադրանքներ. հայտնի են ՀՌ տնօրենի ընտրության արդյունքները


Կողմնակալության ու իշխանությունների հրահանգը կատարելու մեղադրանքներ ուղղված ընտրող մարմնին. Հանրային ռադիոյի նախկին ղեկավար Գարեգին Խումարյանը պատրաստվում է դատական ճանապարհով բողոքարկել նոր տնօրենի այսօր ամփոփված մրցույթի արդյունքները։

Վարչապետին քննադատած Խումարյանը հնարավոր 6 ձայներից և ոչ մեկը չի ստացել:

«Չընկղմվելով հայցի բովանդակության մեջ, որպեսզի մեր օպոնենտների փաստաբաններին էլ աշխատանքի տեղ թողնենք, ասեմ ուղղակի, որ Հանրային հեռարձակողի խորհուրդն իմ մասով անպատշաճ ընտրիչ է և անպատշաճ մարմին է, և մենք դա դատարանում հաստատելու ենք», - ասաց Խումարյանը:

Արդեն մի քանի ամիս շարունակ Գարեգին Խումարյանը պնդում է՝ ընտրող մարմինը՝ Հանրային հեռարձակողի խորհուրդն իր հանդեպ խտրական վերաբերմունք ունի, բողոքարկման հայցերը նախօրոք էր պատրաստել, քանի որ ասում է՝ ելքը կանխատեսելի էր:

«Հանրային հեռարձակողի խորհուրդն այն կազմով, որով հիմա կա, որոշակի պատճառներով ո՛չ կարող է ինձ ընտրել, ո՛չ կարող է ինձ չընտրել», - ընդգծեց Խումարյանը:

Նախկին տնօրենի ու Խորհրդի միջև հակադրությունը կես տարվա պատմություն ունի. վարչապետ Փաշինյանը ձմռանը Հանրային ռադիոյի հյուրն էր, հարցազրույցը, սակայն, առանց որևէ սուր հարցադրման անցավ։ Եթերից հետո Խումարյանը իր ղեկավարած լրատվամիջոցի կայքում խմբագրականով ներողություն խնդրեց ունկնդիրներից։ Խորհուրդն անմիջապես արձագանքեց այս հրապարակմանը՝ պնդելով, թե Խումարյանը առևեույթ չարաշահել է իր լիազորություններն ու պաշտոնեական դիրքը։ Բանը հասավ անկախ դիտորդներին՝ լրագրողական կազմակերպությունները եզրակացրին՝ Խումարյանի հոդվածում էթիկայի նորմերի խախտում չկա:

Ամիսներ անց լրացավ Խումարյանի պաշտոնավարման ժամկետը ու թեև օրենքը թույլ էր տալիս նրա պայմանագիրը 2 տարով երկարաձգել՝ Խորհուրդը որոշեց նոր ընտրության գնալ։ Խումարյանը մասնակցեց. առաջին փորձից, սակայն, նոր ղեկավար չընտրվեց, նոր փուլ հայտարարեցին, արդյունքներն արդեն հայտնի են... 8 թեկնածուներից 6-ի անվան դիմաց 0 է, բացարձակ մեծամասնությամբ Հանրային ռադիոյի նոր ղեկավար է ընտրվել «Ազատություն» ռադիոկայանի երկարամյա աշխատակից Արմեն Քոլոյանը։

«Այս մրցույթը ոչ այնքան Հանրային ռադիոընկերության տնօրեն ընտրելու մասին էր, որքան իմ աշխատանքի վերադարձը կանխելու մասին», - ասաց նախկին տնօրենը:

Խումարյանն ընդգծում է, որ Խորհրդի կազմում իշխանության հետ փոխկապակցված մարդիկ կան, օրինակ, ՔՊ-ական նախկին պատգամավոր։ 0 ձայն հավաքած մեկ այլ մասնակցի՝ Բելլա Հովհաննիսյանը հայտարարում է՝ հրահանգավորված քվեարկություն է եղել, բայց բողոքարկելու վերաբերյալ որոշում առայժմ չունի:

«Կներեք, բայց իսկապես օբյեկտիվ չէ, սա արդեն փաստ է, տեսնում ենք, հակառակ դեպքում գոնե քվեարկությանը մի երկու հոգի ձայների կարժանանային», - նշեց Հովհաննիսյանը:

Իշխանությունների ուղիղ հրահանգո՞վ է Քոլոյանն ընտրվել, Խումարյանը խանգարո՞ւմ էր կարգավոր մարմնին. աղմկահարույց այս գործընթացից հետո Հեռարձակողի խորհուրդն առայժմ քար լռություն է պահում, մեր հեռախոսազանգերը անպատասխան մնացին։ Հաղթած թեկնածուն պարզաբանումներ տալ նույնպես չի ցանկանում, ասաց՝ դրանք հնարավոր են միայն տեղում իրավիճակը վերլուծելուց հետո։

XS
SM
MD
LG