Մատչելիության հղումներ

Հայկական ծնեբեկը՝ Սինգապուրի շուկայում

Սյունիքում աճեցված հայկական ծնեբեկը հասել է աշխարհի ամենահարուստ ու զարգացած երկրներից մեկի՝ Սինգապուրի շուկա։ 36-ամյա Դավիթ Դավթյանի ընտանիքը ծնեբեկի մշակությամբ զբաղվում է արդեն 16 տարի։ Սկսելով Սյունիքից՝ տարիների ընթացքում ընդլայնել են թե՛ մշակվող տարածքները, թե՛ արտադրության աշխարհագրությունը, և այսօր ծնեբեկ են աճեցնում Հայաստանի մի քանի մարզերում։

Իսկ Սինգապուրի շուկա մտնելու համար Դավիթը մասնակցել է միջազգային մի քանի ցուցահանդեսների, ուսումնասիրել շուկան, գնահատել պահանջարկն ու գտել գործընկերներ։ Այդ ճանապարհը շուրջ երկու տարի է տևել և պահանջել է զգալի ներդրումներ:

«Մարդիկ տեսնում են, որ հայկական ծնեբեկը գնաց Սինգապուր: Իսկ մարդիկ արդյո՞ք տեսնում են ետնաբեմի աշխատանքը», - «Ազատության» հետ զրույցում նշեց Դավթյանը:

Վարչապետ Փաշինյանն էլ է պարբերաբար հորդորում ֆերմերներին՝ որակով արտադրանք տալ, որ համապատասխանի արտահանման շուկաների պահանջներին:

«Ապրանք կարգի բերելը շատ լուրջ պրոցես է, էլի, ու տարիներ է, ու որոշ դեպքերում տասնյակ տարիներ է, արդեն ոլորտներ կարգի բերելը: Դրա համար, մենք ունենալու ենք շատ լուրջ պրոբլեմ: Բայց երբեք ուշ չի որակի բարելավման համար», - ասաց սյունեցի ֆերմերը:

Այսօր Դավիթ Դավթյանի ընտանիքն արդեն ավելի քան 30 հեկտար ծնեբեկի դաշտեր ունի։ Սկսել են զրոյից՝ անցնելով թե՛ փորձությունների, թե՛ կորուստների միջով։ Ծնեբեկի արտերի մի մասը հիմնել են վարկերի տոկոսադրույքների պետական սուբսիդավորման ծրագրով, խորհուրդ է տալիս, որ մյուսներն էլ օգտվեն: Բարձրարժեք այս մշակաբույսը տարիներ շարունակ արտահանել են նաև ռուսական շուկա, սակայն վերջին սահմանափակումներից հետո ավելի մեծ ուշադրություն են դարձնում եվրոպական և այլ շուկաներին։

«Երբ ես համեմատում էի ռուսական շուկայի հետ, ես պետք է կանգնեցնեի էդ բանակցությունները՝ հարմար չէր, հեռու է, ռիսկերը շատ են: Բայց մենք պետք է քաջ գիտակցում ունենանք, որ պետք է մեզ զոռ տանք, որ կարողանանք նոր շուկաներ մտնենք», - ընդգծեց Դավթյանը:

Դեպի Սինգապուր արտահանումն, ասում է, ինքնուրույն են արել՝ ինքնակազմակերպվելով:

«Չորս արկղ լոլիկ արտահանելը անհնար է, հարյուր արկղ արտահանելը շատ դժվար է, հազար արկղը հեշտ է. սա աշխարհի շուկայի և բիզնեսի կանոններն են: Նույնը՝ ծնեբեկի դեպքում», - ընդգծեց ֆերմերը:

Դավթյանի խոսքով՝ Ռուսաստան արտահանվող ապրանքը չի ընդունվում Եվրամիության շուկայում։ Պատճառն ավելի խիստ ստանդարտներն ու սանիտարական պահանջներն են, որոնց համապատասխանելու համար կրկին լրացուցիչ ներդրումներ և աշխատանք է պահանջվում։ Կարծում է՝ Ռուսաստանի սահմանափակումներից հետո Եվրամիության աջակցությունը կարևոր հնարավորություն է հայ արտահանողների համար, քանի որ այն օգնում է մուտք գործել նոր շուկաներ և ընդլայնել արտահանման աշխարհագրությունը։

«Պետությունը չի գնալու ասի՝ «մշակի», ասում է՝ «էդ իմ գործը չի, ես ոչ գնող եմ, ոչ էլ, ես պայմաններ ստեղծող եմ»: Մենք պետք է ստեղծենք մշակույթ, Հայաստանում զարգանան լոգիստիկ կենտրոններ, ու կատարվի ստանդարտացում, քսան տեղից, երեսուն տեղից հավաքվի էս կենտրոնում մեկ ստանդարտի բերվի, մի հատ ուսումնասիրվի քիմիական կազմը, ամեն ինչը էդ ապրանքի, նոր ուղարկվի Եվրոպա: Հիմա գյուղացուն գնաս ասես՝ «ապրանքդ տար Եվրոպա», ո՞ւմ ես ասում՝ գյուղացո՞ւն, տո սկի Երևան չի կարում իր ապրանքը տանի», - նշեց Դավթյանը:

Ասում է՝ Հայաստանում կան ֆերմերներ, որոնք բարձր ստանդարտներով ապրանքներ ունեն, ու դրանք իսկապես մրցունակ են ԵՄ և այլ երկրների շուկաներում, բայց արդյո՞ք շատերն են կարողանում այդ որակը պահել: Հարցնում է՝ օրինակ՝ պարարտացված ինչպիսի՞ հողում է աճում ու ի՞նչ մեխանիզմով է մշակվում հայկական գյուղմթերքը:

«Ես անհամբեր եմ սպասում՝ մեր ապրանքը հասնի Եվրոպա, հլը տեսնենք Եվրոպայից հետ գալու է՞, թե՞ չէ: Ինձ ինչ ասես ասելու են՝ վատատես, ինչ-որ քաղաքական կառոբկի մեջ են տեղավորելու, բայց եվրոպացին երբեք, ոչ մի դեպքում պատրաստ չի գնալ զոհողության, քիմիա պարունակող ապրանք ընդունի՝ հանուն նրա, որ Հայաստանի հետ ինչ-որ քաղաքական, և այլն, և այլն, սենց հարցեր կան: Իսկ մեր գյուղական տնտեսությունների արտադրանքը կառավարվում է խիստ անկանոն էդ քիմիական մասերով», - ասաց ֆերմերը:

«Մենք էլ ենք դժվարությամբ անցել այս ճանապարհը»,- ասում է Դավիթ Դավթյանը, որը հիմնել է «Ծնեբեկ արտադրողների միությունը»։ Միավորումը գյուղացիներին օգնում է նույն տեխնոլոգիայով և միասնական չափանիշներով ծնեբեկ աճեցնել, հետո ինքը գնում է բերքը, տեսակավորում և արտահանում՝ ըստ շուկաների պահանջարկի։ Ասում է՝ այդպիսի համակարգ պետք է գործի նաև մյուս գյուղմթերքների դեպքում ու տարածվի ամբողջ երկրով. - «Պետությունը բոլոր դեպքերում ասում է՝ «իմ քաղաքականությունը էս է, Սովետը վերջացել է, ես քո ապրանքը ծախող չեմ»: Բայց պետք է էնպիսի միջավայր ստեղծվի, որ գործարարների համար հրապուրիչ լինի, էդ ամեն ինչը անեն»:

Հողի որակից ու արտադրությունից մինչև լոգիստիկա և հստակ ստանդարտներ՝ այս ամբողջ շղթան, ըստ Դավթյանի, պետք է կարգավորված լինի, եթե Հայաստանը ցանկանում է դիվերսիֆիկացնել արտահանման շուկաները։ Կարծում է՝ առանց սրա աշխարհի բոլոր ճանապարհներն էլ բացես՝ խնդիրը չի լուծվի:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG