Մատչելիության հղումներ

Հայաստանը ՌԴ-ից այդպես էլ չի ստացել 400 մլն դոլարի զենքը, որի համար վճարել էր. ի՞նչ է եղել այդ գումարը


Հայաստանի և Ռուսաստանի դրոշները, արխիվ
Հայաստանի և Ռուսաստանի դրոշները, արխիվ

Հայաստանը Ռուսաստանից այդպես էլ չի ստացել 400 միլիոն դոլարի զենք, որի համար վճարել էր նախապես՝ 44-օրյա պատերազմից հետո: Իսկ ի՞նչ է եղել այդ գումարը: Ըստ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ դա ոչ էլ զենքի համար է ծախսվելու, պայմանավորվածություն կա, որ Ռուսաստանին Հայաստանի միջպետական պարտքն են մարելու:

«Հայաստանի և Ռուսաստանի ֆինանսների նախարարության միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որը մեր կողմից վճարված գումարը միջպետական պարտքից պիտի պակասեցվի: Իհարկե, կդժվարանամ ասել՝ այն կյանքի կոչման որ հատվածում է, բայց նմանատիպ պայմանավորվածություն ձեռք է բերվել», - ասաց Պապիկյանը:

Անցած տարեվերջին ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն էլ լրագրողներին ասաց՝ Հայաստանի ու Ռուսաստանի ֆինանսների նախարարությունների միջև երկխոսություն է սկսվել այդ գումարը որոշ պարտավորությունների դիմաց վճարելու համար: Բանավո՞ր են բանակցում, թե՞ փաստաթղթով են պայմանավորվել, մարե՞լ են, թե՞ դեռ՝ ոչ, նախարարը չմանրամասնեց, նրա խոսնակն էլ այսօր հրաժարվեց այդ հարցերին պատասխանել, թե գաղտնիք է:

«Կա պրոցես, որտեղ մենք գնումներ ենք իրականացրել, էդ գնումների մի մասը չի իրականացվել, մի մասն ուշացումով է իրականացվել, և, այո, ունենք որոշակի երկխոսություն առկա պարտքը հաշվանցելու», - ասել է Վահե Հովհաննիսյանը:

«Մենք դեպքեր ունենք, երբ 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտականությունները չեն կատարվում», - վարչապետ Փաշինյանը երկուսուկես տարի առաջ կառավարության նիստում բացահայտ դժգոհեց, որ որ ռազմավարական դաշնակիցը զենք մատակարարելու պարտավորությունը չի կատարում, թեև Հայաստանը պահանջված գումարը փոխանցել է:

«Արձանագրենք ու հասկանանք ևս մեկ բան, որ այս ամենը տեղի է ունենում մի հեռահար կամ գուցե ոչ հեռահար նպատակով, որ մենք հրաժարվենք մեր պարտականությունից, ինքնիշխանությունից», - հայտարարել է Փաշինյանը:

Հայաստանի միջպետական պարտքը Ռուսաստանին, ըստ Ֆինանսների նախարարության, 239, 3 միլիոն դոլար է: Ուղիղ մեկ տարի առաջ Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովից վստահեցրել էին, թե ռուսական զենքի որոշ խմբաքանակ Հայաստան հասել է, թե կոնկրետ ի՞նչ է ու որքա՞ն, մինչ այսօր չեն հրապարակել:

Հայ-ռուսական լարված հարաբերությունների փուլում թե 400 միլիոնից որքանն է բաժին հասել զենքին ու որքանը դաշնակցի պարտքը մարելուն, ֆինանսների ու պաշտպանության ոլորտների ղեկավարները հրաժարվում են մանրամասնել: Ոչ էլ Մոսկվայից են այս մասին խոսում:

«Հայ-ռուսական հարաբերությունները շարունակվում են, ոչ Հայաստանն է իր տեղից հեռանալու, ոչ էլ Ռուսաստանը. մենք շարունակում ենք լինել ռազմավարական դաշնակիցներ, ու, բնականաբար, մենք ունենք նաև գործող պայմանագրեր մենք կարող է և պետք է ունենանք սպասարկման պայմանագրեր», - ասաց Պապաիկյանը:

Հայ-ռուսական լարվածությանն ու զենքի մատակարարման պայմանավորվածությունը չկատարելուն զուգահեռ, պաշտպանության նախարար Պապիկյանը վստահեցնում է, թե Ռուսաստանի հետ այլ պայմանավորվածությունները պատշաճ կատարվում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG