Հայաստանը որոշակի դիտարկումներ ունի Ռուսաց լեզվի միջազգային կազմակերպության՝ դեռևս 2023-ին ստորագրված համաձայնագրի հետ կապված, այսօր հայտարարեց կրթության նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Սա, կարծում եմ, շատ աշխատանքային պրոցես է: Նախագծերը հենց այդ պատճառով էլ շրջանառվում են, որ քննարկվեն ու լավարկվեն, կարծում եմ՝ աշխատանքային գործընթացի մաս է կազմում, հետագա քննարկումներն արդեն ցույց կտան պետություն դիրքորոշումը», - նշեց նա:
ԱՊՀ երկրների ղեկավարները 2023-ին Բիշքեկում ստորագրել են մի փաստաթուղթ, որի մասին Հայաստանում քիչ է խոսվել: Սակայն Մոսկվան օրերս Հայաստանի իշխանություններին հիշեցրեց դրա մասին, երբ անցած շաբաթ Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը Հայաստանում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանդիպեց:
«Արդեն վեց պետություն միացել է Ռուսերենի միջազգային կազմակերպությանը, սակայն Հայաստանը դեռևս չի վավերացրել համապատասխան պայմանագիրը։ Վարչապետը խոստացել է հանձնարարել՝ ուսումնասիրել այդ հարցը և տրամադրել անհրաժեշտ դինամիկա», - ասել էր Մատվիենկոն:
Հայաստանի կողմից դեռևս չվավերացված համաձայնագիրը վերաբերում է ռուսաց լեզվի կիրառման, տարածման և պաշտպանվածության ընդլայնմանը՝ որպես «միջազգային հաղորդակցման լեզու»։ Նախաձեռնությունը եղել է Ղազախստանինը, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023-ին, երբ ստորագրվել է համաձայնագիրը, չի մեկնել Բիշքեկ՝ մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին։ Թե ինչ խնդիր է տեսնում Հայաստանը նախագծում, նախարար Ժաննա Անդրեասյանը չի մանրամասնում՝ պատճառաբանելով, թե աշխատանքային գործընթաց է:
«Մեր տարածաշրջանում հաղորդակցության կարևոր լեզու է ռուսերենը, և բնականաբար, այդ լեզվի իմացությունը խթանում է, օրինակ՝ տնտեսական կապերը, հանրային զարգացման հնարավորությունները, և հերթական նախաձեռնությունն է, որն ուղղված է այս կապերի ամրապնդմանը և նաև ռուսերենի իմացության բարելավմանը: Բայց էլի եմ ասում, որ այդտեղ բավականին հարցեր ու դիտարկումներ կան մեր կողմից», - նշեց նախարարը:
Համաձայնագիրը շրջանառվել է նաև ԱԳՆ-ում և Արդարադատության նախարարությունում: Հարցին՝ համաձայնագիրը հատուկ կարգավիճակ կարո՞ղ է տալ Հայաստանում ռուսաց լեզվին, նախարարը հստակ «ոչ» արձագանքեց. «Չի կարող նման բան լինել, գիտեք, որ մեր երկրում կա մեկ պետական լեզու, դա հայերենն է, և այդ իրավիճակը որևէ պարագայում չի կարող փոխվել։ Ավելին՝ մենք առաջիկայում լեզվական քաղաքականության հայեցակարգն ենք բերելու, որը նաև ամրապնդելու է հայերենի, որպես պետական լեզվի կարգավիճակը։ Որովհետև մի բան է ասել, որ պետական լեզու է, մի բան է նայել, թե ինչպիսի իրավիճակ ունենք տարբեր ոլորտներում, տարբեր իրադրություններում, և լեզվական քաղաքականության հայեցակարգը, կարծում եմ, շատ կարևոր է, որպեսզի ունենանք, որպեսզի մենք էլ կարողանանք հետևել հայերենի զարգացմանը և ամրապնդմանը»։
Դեռ 2023 թվականին ԿԳՄՍՆ-ից հայտնել էին, թե նախագծի նպատակն է ստեղծել միջազգային միջկառավարական կազմակերպություն, որի գործունեությունն ուղղված է ամրապնդելու ԱՊՀ մասնակից պետությունների համակողմանի փոխշահավետ համագործակցությունը՝ ռուսաց լեզվի պահպանման և տարածման հարցերում, ինչպես նաև ռուսաց լեզվի՝ որպես միջազգային և տարածաշրջանային միջկառավարական կազմակերպությունների և կառույցների պաշտոնական կամ աշխատանքային լեզվի կարգավիճակը:
Նախագիծն ԱՊՀ անդամ 9 երկրից վավերացրել են՝ Ուզբեկստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստան ու Ղազախստան: Հայաստանում իշխանությունները գործընթացի վերջնականացման հետ կապված ժամկետներ չեն նշում: Փոխարենը ԿԳՄՍ նախարարը թվարկեց հայերենի զարգացման հետ կապված ծրագրերը:
«Մենք մի շարք ծրագրեր ենք անում, որ ուղղված են նաև հայերենի թվային կենսունակությանը, որովհետև տեխնոլոգիական զարգացման այս իրավիճակում հայերենի՝ որպես լեզվի զարգացման խնդիրները տեղափոխվում են նաև թվային տիրույթ, որպեսզի մենք ունենանք հայերենով այդ շտեմարանները, ունենանք թվային տիրույթում այն ներկայացվածությունը, որը լեզվի կենսունակություն կապահովի», - մանրամասնեց Ժաննա Անդրեասյանը։
Հայաստանում այս ուսումնական տարում հանրակրթական դպրոցների կրթական նոր չափորոշիչներով փոխվեց ռուսաց լեզվի կարգավիճակը՝ ռուսերենը հիմնական կամ պարտադիր կարգավիճակից անցավ օտար լեզվի կարգավիճակի: Դպրոցներն իրավունք ունեն ինքնուրույն բաշխել օտար լեզվի ուսուցման համար հատկացված ժամերը և որոշել, թե որին են նախապատվություն տալիս։