Մատչելիության հղումներ

Հայաստանը նշում է Բանակի օրը

Զորահանդես Երևանում, արխիվ
Զորահանդես Երևանում, արխիվ

«Հայաստանը պատերազմի չի պատրաստվում, որովհետև պատերազմ չի լինելու», - բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի ուղերձում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով. - «Բանակն իր միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքի պաշտպանությունից դուրս այլ խնդիր չունի և չի ունենալու՝ բացառությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա խաղաղապահ առաքելություններին մասնակցությունը»։

«Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքներին, այդ խնդիրը կլուծվի սահմանազատման գործընթացում», - կրկնել է Փաշինյանը:

Վարչապետը միևնույն ժամանակ հայտարարել է, թե «բանակի զարգացումը շարունակաբար ընթանալու է», եզրակացրել՝ «ուժեղ բանակ չունեցող երկիրը խոցելի է և կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար»:

Ըստ Փաշինյանի՝ հայկական բանակի պաշտպանունակությունն ավելանում է ամեն օր։ Նա խոսել է վերջին տարիներին հսկայական ներդրումների ու բարեփոխումների մասին՝ շեշտը դնելով ոչ միայն ժամանակակից զինտեխնիկայի ձեռքբերման, ծավալուն ամրաշինական աշխատանքների, այլև՝ աշխատավարձերի վրա:

Մինչ ընդդիմությունը բանակում ցածր վարձատրության հարցն է բարձրացնում, վարչապետը բարձր աշխատավարձերից է խոսում՝ նկատելով, թե բանակում կան «700 հազար դրամ ստացող շարքային կազմի բազմաթիվ զինծառայողներ»:

Ի տարբերություն վարչապետի, Ամենայն Հայոց կաթողիկոսը մանրամասնել է նորանկախ Հայաստանի բանակի պայքարի ուղին՝ հիշատակելով Արցախի համար ընկած զինվորներին:

«Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախի բռնազավթման պատերազմի ընթացքում մեր բանակի մարտիկները անվեհեր պայքար մղեցին, նահատակվեցին բազում հայորդիներ։ Նրանց հերոսական սխրագործությունները մշտապես ոգեշնչելու են մեր զորականներին իրենց նվիրյալ ծառայության մեջ», - ասված է Գարեգին Երկրորդի ուղերձում:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Բանակի օրվա առթիվ հայտարարել է՝ «անցնող շուրջ 8 տարիներին արվել է ամեն ինչ մեր՝ տարածաշրջանի ամենամարտունակ ու հաղթական բանակը թուլացնելու, մասնատելու, կոտրելու համար»:

Կայուն խաղաղության երաշխիքը Քոչարյանը բանակի ուժն ու ոգին վերականգնելու մեջ է տեսնում, խորհրդարանական ընտրություններից վեց ամիս առաջ հույս հայտնում՝ իրենց «կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը»:

Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժի խորհրդարանական խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կոչ է արել չխաբվել «Հայաստանում տիրող ժամանակավոր, թվացյալ խաղաղությամբ, այլ սթափ գնահատելով հակառակորդի մոլորեցնող, մեր զգոնությունը թուլացնող բացահայտ քայլերը՝ գործուն, արագընթաց միջոցներ ձեռնարկել բանակի մարտունակությունը վերականգնելու ուղղությամբ»։




Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG