Մատչելիության հղումներ

Հայաստանը խոշոր հաշվով հաղթանակով սկսեց ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարը


Լուկաս Սելարայանի մասնակցությամբ դրվագ Հայաստան-Լատվիա հանդիպումից, Երևան, 7-ը սեպտեմբերի, 2024թ.
Լուկաս Սելարայանի մասնակցությամբ դրվագ Հայաստան-Լատվիա հանդիպումից, Երևան, 7-ը սեպտեմբերի, 2024թ.

Առաջին տուրից հետո Հայաստանը 3 միավորով C լիգայի 4-րդ խմբի առաջատարն է:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը խոշոր՝ 4:1 հաշվով հաղթանակով սկսեց ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2024-25 թվականների մրցաշարը:

Լատվիայի հավաքականի հետ Երևան Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում շաբաթ երեկոյան կայացած հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացեց Վահան Բիչախչյանը, 9-րդ րոպեին Գեորգի Հարությունյանի խփած ինքնագոլից հետո հավասարակշռությունը վերականգնվեց: 35-րդ րոպեին Կասպարս Դուբրան գրավեց սեփական դարպասը, ապա 48-րդ րոպեին Լուկաս Սելարայանը և 86-րդ րոպեին Էդուարդ Սպերցյանը մեկական գոլի հեղինակ դարձան:

Հայաստանի հավաքականը հանդես է գալիս C լիգայի 4-րդ խմբում, որտեղ ընդգրկված են նաև Հյուսիսային Մակեդոնիան, Ֆարերյան կղզիները և Լատվիան:

Առաջին տուրից հետո Հայաստանը 3 միավորով խմբի առաջատարն է, 1-ական միավորով 2-3-րդ տեղերն են կիսում Հյուսիսային Մակեդոնիան և Ֆարերյան կղզիները, Լատվիան միավոր չունի և վերջին հորիզոնականում է:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի սեպտեմբերի 10-ին՝ Սկոպյեում հյուրընկալվելով Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին:

XS
SM
MD
LG