Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցին, թե հայտարարվում է ՌԴ-ի հետ ընկերական հարաբերությունների մասին, միևնույն ժամանակ հնչում են հայտարարություններ, որ այդ երկրից ընդդեմ ՀՀ շահերի լրտեսական գործունեություն ծավալող կա, սա արդյո՞ք չի վկայում, որ ճգնաժամ կա այդ հարաբերություններում, Փաշինյանն արձագանքեց.
«Մինչև հիմա մենք ավիացիոն սև ցուցակում ենք և մեզ չի հաջողվում դուրս գալ այդ ցուցակից: Դա նշանակում է, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններում ճգնաժամ կա՞, չէ, չի նշանակում: Ես հասկանում եմ, որ ՀՀ-ՌԴ հարաբերություններում ճգնաժամ հարուցել ցանկացողների թիվը բավականին մեծ է, բայց ես ինչպես ասել եմ՝ մենք Ռուսաստանի հետ չենք վիճելու, չենք կռվելու: Ռուսաստանը գերտերություն է, որին պետք է վերաբերվել հարգանքով, և մենք վերաբերվում ենք հարգանքով»:
«Ազատության» հարցին, թե արդյոք ավիացիոն «սև ցուցակն» ու ինչպես պնդում եք՝ «լրտես ուղարկելն այլ երկիր», նույն հարթության վրա են, վարչապետը պատասխանեց.
«Հայաստանը և Ռուսաստանը պայմանագիր ունեն միմյանց տարածքում լրտեսական գործունեություն չծավալելու»:
«Ազատություն».- Խախտվե՞լ է պայմանագիրը:
Նիկոլ Փաշինյան.- «Չգիտեմ, դա ընթացքում կերևա»:
Քննչական կոմիտեն նախօրեին հաղորդեց պետական դավաճանության և լրտեսության առերևույթ դեպքի առթիվ քրեական վարույթ նախաձեռնելու մասին:
Քննչական կոմիտեում Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման համաձայն՝ «ՀՀ քաղաքացի Ա.Թ.-ն հանդիսանալով 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր, 2024 թվականի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության»:
ԱԱԾ-ից ստացված հաղորդման հիման վրա Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում պետական դավաճանության (418-րդ հոդվածի 1-ին մաս) և լրտեսության (424-րդ հոդվածի 1-ին մաս) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, ասված է հաղորդագրությունում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունը հանցագործության մասին հաղորդում կներկայացնի Քննչական կոմիտե՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի դեմ հայրենիքի դավաճանության մեղադրանքով քրեական գործ հարուցելու ակնկալիքով։
Ընդդիմադիր գործիչն «ապօրինի ցուցում» որակեց վարչապետի հայտարարությունը, պնդեց, թե «տեղյակ չէ» Փաշինյանի կոշտ մեղադրանքներից, և իր հերթին Փաշինյանին դավաճան անվանեց՝ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու փաստաթուղթը ստորագրելու համար: