Մատչելիության հղումներ

Հայաստանը և Ֆրանսիան ռազմավարական գործընկերության փաստաթուղթ կստորագրեն


Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ժան-Նոել Բարոյի համատեղ ասուլիսը, Երևան, 26-ը մայիսի, 2025թ.
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ժան-Նոել Բարոյի համատեղ ասուլիսը, Երևան, 26-ը մայիսի, 2025թ.

Հայաստանի Սահմանադրության փոփոխության՝ ադրբեջանական նախապայմանը Երևանի համար ընդունելի չէ, ֆրանսիացի գործընկերոջ հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին՝ երբ Ադրբեջանը պնդում է խաղաղության պայմանագրի ստորագրման համար նախապայմանները, հայ ու ադրբեջանցի պաշտոնյաններն այժմ ի՞նչ հարցեր են քննարկում՝ այդ նախապայմանների կատարո՞ւմը, թե՞ դրանցից հրաժարումը: Թե՛ երկրների ղեկավարների, թե՛ արտգործնախարարների մակարդակով հանդիպումներ նախագծի համաձայնեցումից հետո եղել են, բայց Բաքուն երկուսուկես ամիս է չի նահանջում:

Ըստ Միրզոյանի, եթե Բաքվի մտահոգությունն անկեղծ է, թե Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ կան, դրանք փարատելու ամենաուղիղ ճանապարհը խաղաղության պայմանագրի ստորագրումն է, որի մեջ կա միմյանցից տարածքային պահանջներ չունենալու կետ:

«Հիմա դուք հարցնում եք՝ ի՞նչ հունով կարող են գնալ քննարկումները, եթե հայտնի են այս պայմանները: Քննարկումները կարող եք գնալ ոչ անպայման, դուք մի քիչ ծայրահեղաբար որակեցիք՝ ընդունել պայմանները կամ ամբողջապես մերժել դրանք, մենք պետք է ներկայացնենք մեր փաստարկները, լսենք ադրբեջանական կողմին և փորձենք, այնուամենայնիվ, լուծում գտնել, և հենց սա էլ ընդհանրապես որևէ հարցում բանակցությունների իմաստն է: Եթե վերցնենք որևէ խնդիր, որտեղ կան երկու հակադիր դիրքորոշումներ, և ընդունենք այդ երկու հակադիր դիրքորոշումները որպես վերջնական, ապա բազմաթիվ հարցեր չէին լուծվի, բայց մեր առաքելությունն է փորձել լուծում գտնել», - ասաց Հայաստանի արտգործնախարարը:

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի ստորագրման համար Բաքվի մյուս՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման պահանջին, Միրզոյանն այսօր էլ ասաց՝ օրակարգը Հայաստանի համար քննարկելի է, բայց Հայաստանը դա կա՛մ պայմանագրի ստորագրումից հետո, կա՛մ միաժամանակյա գործընթաց է պատկերացնում:

«Եթե կարողանանք պայմանավորվածություններ ձեռք բերել առաջիկայում նախարարական մակարդակով, վարչապետի-նախագահի մակարդակով նոր հանդիպումների, որտեղ կարող ենք էլի լուծում քննարկել, ավելի ֆունդամենտալ կերպով քննարկել, քան դա թույլ են տալիս միջագային, օրինակ, ֆորմատները, ժամանակի, տեղի առումով, ապա, իհարկե, մենք կարող ենք ողջունել միայն և մենք կողմ ենք էդպիսի հանդիպումների», - հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարը:

Ֆրանսիան իր արևմտյան գործընկերների հետ սպասում է հայ - ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրմանը:

«Ես եկել եմ Հայաստանում ևս մեկ անգամ նշելու Ֆրանսիայի աջակցությունը, որը հանրապետության նախագահը ցանկացել է, որ լինի անխախտ: Առաջին հերթին աջակցություն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրին, որը դժվարին բանակցությունների միջոցով ի վերջո համաձայնեցվել է: Ցանկանում եմ այստեղ ողջունել նաև վարչապետ Փաշինյանի համարձակությունը: Ինչպես իմ գործընկեր Մարկո Ռուբիոն է ասել, ժամանակն է այն ստորագրելու և վավերացնելու: Ահա ինչ են սպասում Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Եվրոպան: Աջակցություն Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Հարկ է նշել նաև մեր պաշտպանական համագործակցությունը՝ լինի դա վերապատրաստումը, թե զինամթերքի տրամադրումը: Այս ամենի նպատակն է տալ Հայաստանին հնարավորություն՝ ապահովելու իր պաշտպանությունը ու իր ինքնիշխանությունը», - հայտարարեց Ժան-Նոել Բարոն:

Թե՛ Բարոն, թե՛ Միրզոյանը հայտարարեցին հայ-ֆրանսիական հարաբերություններին նաև փաստաթղթով ռազմավարական բնույթ տալու մտադրության մասին: Վերջին պատերազմից հետո Ֆրանսիան Հայաստանի զենքի առանցքային մատակարարներից մեկն է դարձել, ինչին խիստ ընդդիմանում են Ադրբեջանն ու Ռուսաստանը:

«Մեր երկու երկրների և ժողովուրդների միջև արդեն մեծապես ռազմավարական են հարաբերությունները: Իմ պաշտոնակից Արարատի հետ մտադիր ենք այս ամենը թղթին հանձնել՝ նախապատրաստելով ռազմավարական գործընկերություն, որը պարզապես ավելի ֆորմալ բնույթ կհաղորդի արդեն գոյություն ունեցող հարաբերություններին, բայց նաև նախանշելու ապագա տասնամյակների համար այլ ծրագրեր ու նախագծեր, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում», - ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարարը:

Ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը նաև վիզաների ազատականացմանը, Խաղաղության եվրոպական գործիքի միջոցով Հայաստանին աջակցելու խոստում հնչեցրեց: Ասուլիսում նաև հայտարարվեց՝ Հայաստանը ֆրանսիական ընկերությանն է վստահել կենսաչափական անձնագրերի թողարկումը:

Բայց թե երբ հայաստանցիներն առանց մուտքի արտոնագրի դեպի Եվրոպա կճամփորդեն, ժամկետներ չհնչեցին: Միրզոյանի փոխանցմամբ՝ բանակցությունները սկսված են, բայց նաև կան տեխնիկական հարցեր, որոնք պետք է լուծվեն: Ընդ որում՝ դրանց մի մասը Հայաստանի պարտավորություններ են:

«Խոսեցինք բիոմետրիկ անձնագրերից՝ սա միայն մեկն է այն անելիքներից, որոնք պետք է ապահովվեն, որպեսզի Հայաստանը և Եվրոպական միությունը միասին կարողանան այդ որոշմանը գալ: Այսինքն՝ այստեղ բանակցությունները միայն համոզելու մասին չեն, այլ նաև պատկերացնելու այն ճանապարհը, այն քայլերը, որոնք պետք է արվեն երկու կողմերի կողմից էլ», - նշեց Հայաստանի ԱԳ նախարարը:

Ինչպես Ժան-Նոել Բարոն նշեց, Երևան վայրէջքի ժամանակ՝ Արարատ լեռան հայացքի ներքո է ֆրանսիացի նախարարը մտածել, որ ժամանակն էր պատասխանելու Արարատ Միրզոյանի՝ Հայաստան գալու հրավերին: Սա Ֆրանսիայի արտգործնախարարի պաշտոնում Բարոյի առաջին այցն է Հայաստան:

Ի դեպ, մի խումբ արևմտամետներ այսօր ԱԳՆ շենքի դիմաց «Շնորհակալություն, Ֆրանսիա» գրությամբ պաստառներով դիմավորեցին Ֆրանսիայի արտգործնախարարին: Նույն այս գործիչները անցած շաբաթ «Պուտին, մարդասպան» գրությամբ պաստառներ էին պարզել Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի այցի ընթացքում:






Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG