Հայաստանի կառավարությունը շարունակում է փակ պահել վարչապետի, նախագահի ու ԱԺ նախագահի արարողակարգային, տրանսպորտային, կեցության ծախսերը՝ չնայած ԳՐԵԿՈ-ն՝ Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը, պահանջում է թափանցիկ դարձնել այդ ծախսերը։
Հայաստանում նախագահի, վարչապետի ու ԱԺ նախագահի արարողակարգային բնույթի ծախսերը դարձան գաղտնի 2016-ի դեկտեմբերին՝ անվտանգության պատրվակով։ Մինչ այդ հրապարակումներ էին եղել, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը պետական օդանավով մեկնել էր գործարար Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին, կամ՝ մասնակցել Մոսկվայում Արա Աբրահամյանի ծննդյան արարողությանը՝ դարձյալ պետական օդանավով։ 2013-ին ընդդիմադիր պատգամավորները կոշտ քննադատել էին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ 200 հազար դոլարով երեք հատուկ չվերթ կազմակերպելու համար։ Չնայած թափանցիկության ու հաշվետվողականության խոստումներին՝ հեղափոխությունից հետո իշխանության եկած «Քաղաքացիական պայմանագիրը» դեռ քայլեր չի ձեռնարկել այս ծախսերը թափանցիկ դարձնելու ուղղությամբ։ Ավելին, 2019-ին մեծամասնությունը մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծը, որով այս գնումները հանրային հասանելիություն կստանային։
Հայաստանի իշխանությունները մինչ այժմ էլ շարունակում են կասկածելի նպատակահարմարությամբ ու արդյունավետությամբ ծախսեր իրականացնել՝ թաքնվելով Սերժ Սարգսյանի օրոք ընդունված օրենքի հետևում:
Նախագահի այցերի արժեքը՝ գաղտնիք
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը վերջին 6 ամսում 6 արտերկրյա այց է ունեցել՝ ապրիլի 26-ին Վատիկանում Հռոմի պապի հուղարկավորության արարողությունը չհաշված։ Խաչատուրյանը 2024-ի հոկտեմբերի 10-ին մեկնել է Թուրքմենստան, մասնակցել Մահթումկուլի Ֆրագիի 300-ամյակին նվիրված «Ժամանակների և քաղաքակրթությունների փոխկապակցվածությունը՝ խաղաղության և զարգացման հիմք» միջազգային համաժողովին։
Հոկտեմբերի 14-ին Խաչատուրյանը եղել է Ղազախստանում, հանդիպել Ղազախստանի նախագահին, խորհրդարանի ղեկավարին։ Հոկտեմբերի 20-ին Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Կոլումբիա, մասնակցել կենսաբազմազանության մասին համաժողովի։ Նոյեմբերի 13-ին Խաչատուրյանը մեկնել է Շվեյցարիա, ներկա գտնվել Ժնևի համալսարանի հայագիտական հետազոտությունների կենտրոնի 50-ամյակի միջոցառմանը, բացի այդ, հանդիպել ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահին, Աշխատանքի միջազգային կազմակերպության տնօրենին։
2025-ի փետրվարին Վահագն Խաչատուրյանը դարձյալ մեկնել է Հարավային Ամերիկա՝ այս անգամ լինելով նաև Արգենտինայում, Ուրուգվայում, Պերուում։ Ապրիլի 7-ին Խաչատուրյանը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, մասնակցել Ամենամյա ներդրումային համաժողովին։
Նախագահի աշխատակազմը հրաժարվել է «Ազատությանը» հայտնել, թե այս այցերից յուրաքանչյուրի մասով որքան են կազմել նախագահի կեցության, տրանսպորտային, մյուս արարողակարգային ծախսերը՝ վկայակոչելով Գնումների մասին 2016-ին փոփոխված օրենքը։
Կոնդի առանձնատների բյուջեն ավելանում է, թափանցիկությունը՝ ոչ
Հայաստանում մի շարք պաշտոնատար անձինք՝ վարչապետը, ԱԺ նախագահը, արտգործնախարարը, բնակվում են Երևանի Կոնդ թաղամասի առանձնատներում։ Դրանց պահպանությունն ու սպասարկումն իրականացնում է «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ը։ Որոշ փաստաթղթերից պարզ է դառնում, որ ՊՈԱԿ-ը պահպանում ու սպասարկում է մասնավորապես 8 առանձնատուն, սակայն կազմակերպությունը հրաժարվել է տեղեկացնել, թե ներկայում ովքեր են բնակվում այդ առանձնատներում (առանձնատների սպասարկում կարող է իրականացվել 8 շինությունում, սակայն բնակվողների թիվը ավելի նվազ կարող է լինել )։
ՊՈԱԿ-ը հրաժարվել է նաև տեղեկացնել, թե արդյո՞ք վերջին տարիներին Կոնդի առանձնատներում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, որքան է ծախսվել այդ աշխատանքների համար, որքան են կազմել առանձնատների էլեկտրաէներգիայի, ջեռուցման, սննդի ծախսերը և այլն։ Խուսափելով պատասխանել այս հարցերին՝ ՊՈԱԿ-ը դարձյալ վկայակոչել է գնումների մասին օրենքի այն կետը, որով վարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի սննդի, կեցության, տրանսպոտի, արարողակարգային ծախսերը գաղտնի են։
Վերջին տարիներին «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի բյուջեն կայուն աճել է. ըստ տարիների՝ այն ունի այս տեսքը.
2021-ի դեկտեմբերի 30-ին կառավարությունն ընդունեց մի որոշում, որով Կոնդի առանձնատների գործունեության առարկան ու նպատակը լրացվեց ու ընդլայնվեց՝ ձևակերպվելով այսպես. ««Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց ծառայողական առանձնատների սպասարկումն ու շահագործումն է, ինչպես նաև ծառայողական առանձնատներում բնակվող «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց կեցության և սննդի սպասարկումն ու ապահովումը»: Այս ձևակերպումը կասկածներ է առաջացնում, որ ՊՈԱԿ-ի վրա դրվել է նաև Կոնդում բնակվող պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքների համար սննդի ապահովումը:
ԳՐԵԿՈ-ն պահանջում է, Հայաստանը քննարկում
Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը՝ ԳՐԵԿՈ-ն, որ հակակոռուպցիոն քաղաքականության հարցում Հայաստանի հիմնական գործընկերներից է, մեկ տարի առաջ՝ Հայաստանի գնահատման 5-րդ զեկույցում, առաջարկել էր փոխել արարողակարգային ծախսերի կարգավորումը։ «ԳՐԵԿՈ-ն առաջարկում է վերանայել վարչապետի, վարչապետի թեկնածուի, նախագահի, ԱԺ նախագահի արարողակարգային ծախսերի հետ կապված պետական գնումների գործող փակ գործընթացները՝ նպատակ ունենալով սահմանափակել դրանց օգտագործումը բացառապես այն դեպքերում, երբ դրանք բավականաչափ հիմնավորված են ազգային անվտանգության նկատառումներով»,-նշված էր ԵԽ հակակոռուպցիոն մարմնի զեկույցում։
Ի՞նչ է արել Հայաստանի կառավարությունը այդ պահանջի կատարման ուղղությամբ, հետաքրքրվել էինք Արդարադատության նախարարությունից։ Ի պատասխան «Ազատության» գրավոր հարցման՝ հայտնել են, որ արդարադատության նախարարի տեղակալի ղեկավարությամբ տեղի է ունեցել հանդիպում շահագրգիռ մարմինների, այդ թվում՝ վարչապետի աշխատակազմի և Ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ, քննարկվել է նաև նախագահի, վարչապետի, վարչապետի թեկնածուի և ԱԺ նախագահի արարողակարգային ծախսերի հետ կապված պետական գնումների գործող փակ գործընթացների վերանայման հնարավորությունը: Արդարադատության նախարարությունն իր պատասխանում նաև շեշտել է, որ գնումների գործընթացի պետական կարգավորման և համակարգման իրականացումը, ինչպես նաև գնումների վերաբերյալ քաղաքականության մշակումը դուրս են Արդադադատության նախարարության լիազորություններից։ Ըստ էության, նախարարությունն ակնարկում է, որ գնումների հետ կապված օրենսդրությունը պիտի փոխվի ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ։
ԳՐԵԿՈ-ն, արձագանքելով «Ազատության» հարցերին ու անդրադառնալով վարչապետի, վարչապետի թեկնածուի, ԱԺ նախագահի ու նախագահի ծախսերի մի մեծ մասի փակ լինելուն, նշել է՝ «համոզված չեն, որ վերոնշյալ ծախսերը պետք է ազատվեն ընդհանուր բաց մրցույթի ու թափանցիկության ռեժիմից»։ Կառույցը Հայաստանի մասով իր առաջարկների կատարումը կգնահատի 2026-ին՝ Հայաստանի զեկույցի հիման վրա, որը պետք է ներկայացվի մինչև այս տարվա սեպտեմբերի 30-ը: ԳՐԵԿՈ-ն շեշտում է՝ թափանցիկությունը հակակոռուպցիոն պայքարի առանցքային բաղադրիչ է, հաստատությունների նկատմամբ վստահությունը բարձրացնելու լավ միջոց:
«ԳՐԵԿՈ-ի կանոնակարգը հատուկ ընթացակարգ է նախատեսում այն անդամ պետությունների համար, որոնց պատասխանները ԳՐԵԿՈ-ի առաջարկներին հիմնականում եղել են անբավարար»,-նշված է «Ազատությանը» ուղղված կառույցի պատասխանում։
Մկրտիչ Կարապետյան